«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում
«Ամադինդա» խմբի անդամների անսահման վիրտուոզությունը և երաժշտական հսկա կարողությունները ոգեշնչեցին քսաներորդ դարի հռչակավոր կոմպոիզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյունքում ստեղծվեցին հարվածային երգացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդայի» համար:
90-ականների երկրորդ կեսին խումբն իր գործունեության մեջ որդեգրում է երեք նոր ուղղություն՝ ավանդական հարվածային մշակույթների հետազոտությունը, խմբի անդամների կողմից նոր ստեղծագործությունների ստեղծումը և հարվածային գործիքների համար փոխադրված վաղ ժամանակաշրջանի գործերի կատարումը։ Արդյունքում «Ամադինդայի» երգացանկը հարստանում է ոչ միայն աշխարհի տարբեր կողմերի ազգային երաժշտությամբ, այլ նաև Զոլթան Վաչիի և Աուրել Հոլլոյի կողմից գրված «beFORe JOHN» իննամաս ստեղծագործությամբ, ինչպես նաև Ռավելի, Դեբյուսիի, Մուսորգսկու, Բարտոկի, Գերշվինի և դասական երաժշտության այլ հայտնի գլուխգործոցների փոխադրումներով։
Արդեն 35 տարի է, ինչ խմբին ուղեկցում է չմարող ջերմ ընդունելությունը` երկրագնդի 4 մայրցամաքներում։ Անսամբլը ելույթ է ունեցել Ասիայի, Ավստրալիայի, Ամերիկայի, Մեքսիկայի Եվրոպայի այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինչպիսիք են Բեռլինի Ֆիլհարմոնիան, Վիեննայի, Ստոկհոլմի համերգասրահները, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը և Քունիս Հոլը, Մեցի Արսենալը, Թայբեյի ազգային, Հոնգ Կոնգի քաղաքային համերգասրահները, Սիդնեյի Յուջին Գուսսենս համերգասրահը, Դալասի Մեյերսոն սիմֆոնիկ կենտրոնը և Նյու Յորքի Քարնեգի համերգասրահը, այլոց շարքում։ Տարիների ընթացքում «Ամադինդան» արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Հիմնադրման առաջին իսկ տարում՝ 1985 թ.-ին, խումբը ստանում է Ռոտերդամում անցկացվող Ժամանակակից երաժշտության կատարողների Գաուդեամուս միջազգային մրցույթի առաջին մրցանակը։
Իր 35-րդ տարում՝ միջազգային երաժշտասեր հանրությունը համարում է «Ամադինդային» աշխարհի ամենայուրօրինակ և բազմադեմ հարվածային համույթներից մեկը։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
Փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո:
2019 թ.-ի «Երևանյան հեռանկարների հոբելյանական տարին մեկնարկել է ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի համերգով, որին հաջորդել է լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի մենահամերգը և մայիսի 28-ին տեղի ունեցած գրեմմիակիր ամերիկյան «Պարկեր» քառյակի առաջին ելույթը Հայաստանում: