Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին
Իրավիճակը
Հայաստանում այժմ կա ավելի քան 9000 զինհաշմանդամ: Այս երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և խոչընդոտների, որոնց թվում են՝
- պատշաճ որակի և ըստ պահանջի դեղորայքի ու խնամքի պարագաների բացակայությունը, այդ թվում՝ հոսպիտալներում ստացիոնար բուժում ստացող զինհաշմանդամների համար,
- պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու անկարողությունը, քանի դեռ հաշմանդամ չեն ճանաչվել (գործընթաց, որը տևում է ամիսներ),
- պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող (կամ մասնակի փոխհատուցվող) նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների, ինչպես նաև մի շարք հետազոտությունների անհասանելիությունը,
- ամիսներ տևող հերթերը,
- ծանր հոգեկան ապրումները, որոնք երբեմն վերածվում են հոգեկան լուրջ խնդիրների,
- մասնագիտական կայացման և աշխատանքի տեղավորման բարդությունը:
Այս խնդիրները որոշ չափով լուծվում են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որը հիմնվել է 2018 թ. հունվարին «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցությամբ:
2018 թ. կենտրոնի անխափան գործունեությունն ապահովվել է մասնավոր բարերարների աջակցությամբ, սակայն 2019 թ. հունվարից այն կանգնել էր գործունեությունը շարունակելու և ընդլայնելու համար միջոցների հայթայթման անհրաժեշտության առջև։
Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ամբողջական վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որտեղ լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման և աշխատանքի հարցերը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով:
Ծրագրի արդյունքները
2019 թվական
Հատկացվել է 180 000 000 դրամ, որի շրջանակներում ստեղծվել են՝
- 8 նոր հիվանդասենյակ (16 մահճակալ),
- կինեզոթերապիայի 2 դահլիճ (մանկական և մեծահասակների),
- հոգեբանի սենյակ,
- սկսվել է Արմենակ Ուրֆանյանի անվան (հանգստի) սրահի վերանորոգման աշխատանքները,
- վարչական և բժշկական նշանակության 7 սենյակ, որոնք ներկայումս ծառայում են որպես՝ մարզասենյակ, մանիպուլյացիոն սենյակ, էքսպրես լաբորատորիա, բժշկական հանդերձարան, բուժքույրերի 2 և բժիշկների 1 սենյակ։
Բացի այդ՝
- Հայաստանում և արտերկրում մասնագիտական վերապատրաստումներ է անցել Կենտրոնի ողջ բժշկական անձնակազմը,
- Կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով (հարված-ալիքային թերապիայի, առաջին բուժօգնության և այլնի համար),
- զինծառայողներին տրամադրվել են վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, դեղորայք և այլն,
- «Մեկ պատուհան» ծրագրով իրականացվել են 557 վիրավոր զինվորի և զինհաշմանդամի բացահայտում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում (Արցախ և ՀՀ)։
2020 թվական
Հատկացվել է 160 000 000 դրամ, որից 90 000 000 դրամի շրջանակներում՝
- հիմնվել է լոգոպեդի 2 նոր սենյակ (մեծահասակների և մանկական),
- ավարտին է հասցվել Արմենակ Ուրֆանյանի անվան (հանգստի) սրահի վերանորոգումը,
- կառուցվել է 2 ընդհանուր սանհանգույց,
- բարեկարգվել են 2-րդ և 3-րդ հարկերի միջանցքները, աստիճանավանդակները և այլ հարակից տարածքներ։
Նաև համաֆինանսավորվել է հետևյալ միջոցառումների իրականացումը․
- նոր բժշկական սարքավորումների, ինչպես նաև մարզվելու պարագաների, կահույքի և այլնի ձեռբերում,
- «Մեկ պատուհան» ծրագրով 220 վիրավոր զինվորի և զինհաշմանդամի բացահայտում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում (Արցախ և ՀՀ),
- «Կրթական և սոցիալական ինտեգրման» ծրագրի շրջանակներում անգլերենի, վեբ-ծրագրավորման և նկարչության դասընթացի տրամադրում 10 զինհաշմանդամի,
- բժշկական և կառավարման ոլորտի մի շարք աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում,
- առկա սարքավորումների տեխնիկական սպասարկում և կարգավորում,
- COVID-19-ի հակահամաճարակային միջոցառումներ,
- զինհաշմանդամների ամբուլատոր և ստացիոնար վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայությունների տրամադրում, լաբորատոր հետազոտություններ, դեղորայքի և խնամքի պարագաների տրամադրում, ճանապարհածախսի, հաշմանդամների պարագաների ձեռքբերում և այլն։
Մնացած 70 000 000 դրամը հատկացվել է նոր պրոթեզարանի ստեղծմանը, որտեղ կգործեն հետևյալ սենյակները.
- ընդունարան,
- սարքավորումների սենյակ,
- արհեստանոց,
- լամինացիայի սենյակ,
- գիպսի սենյակ,
- ծայրատի չափսերը ստանալու 2 սենյակ,
- քայլքի մարզման սենյակ։
2021 թվական
Հատկացվելու է ևս 110 000 000 դրամ՝ պրոթեզարանի ստեղծման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։