Թափոնների կառավարման սեմինար Լճաշենում
Սեմինարին մասնակցեցին Լճաշենի մշակույթի տան կամավորները: Միջոցառումը նպատակ ուներ հարստացնել դեռահասների գիտելիքները և բարձրացնել իրազեկվածության մակարդակը` շեշտադրելով այն փաստը, որ հենց իրենք կարող են դառնալ փոփոխության սկիզբը և նպաստել համայնքում թափոնների գոյացման նվազեցմանը, դրանց տեսակավորմանը և առօրյայում պլաստիկի սպառման կրճատման մշակույթի զարգացմանը:
Սեմինարը վարեց «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի հիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանը։
Միջոցառման մասնակիցներն ստացան ընդհանուր գիտելիքներ թափոնների տեսակավորման անհրաժեշտության, վերամշակվող և մշակման չենթարկվող պլաստիկի տեսակների մասին, ինչպես նաև մոլորակի պլաստիկով աղտոտման վտանգների մասին: Խոսվեց նաև առօրյա կյանքում վերամշակման չենթարկվող պլաստիկ տարաներով ապրանքներից խուսափելու մասին։
Սեմինարի անցկացման վայրի ընտրությունը ևս պատահական չէր, քանի որ Սևանա լճի` որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող շրջանում արդիական է պլաստիկ թափոններով աղտոտվածության խնդիրը:
Հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանը նշեց, որ հաշվի առնելով փաստը, որ մեր կողմից առաջացրած թափոնների մեծ մասը չի վերամշակվում և տեղադրվում է աղբավայրում, առավել ուշադիր պետք է լինենք մեր առօրյայում օգտագործվող ապրանքների ընտրությանը` փորձելով հնարավորինս նվազեցնել մեր սպառման արդյունքում առաջացող թափոնների քանակը։
Միջոցառումն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով: