Մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը

12 Հուլիսի, 2018
Այսօր «Բյուրական» արվեստի ակադեմիայում ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը:

Ութ տասնյակից ավելի հյուրերին, որոնց թվում էին ՀՀ-ում գործող դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, բժիշկներ, գործարարներ, ներկայացվեց հիմնադրամի ստեղծման նախապատմությունը, առաքելությունը, հետագա քայլերը:

Շնորհակալություն հայտնելով հյուրերին ներկայության և մինչ այս արդեն իսկ ցուցաբերած աջակցության համար՝ Աննա Հակոբյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում վարչապետի տիկնոջ կարգավիճակում տարբեր մարդկանց հետ իր շփումների արդյունքում: «Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, որոնք հրաշալի գործ են անում և այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, մյուս կողմում՝ մարդիկ, որոնք առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր»,- նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով հիմնադրամի առաքելությանը՝ Աննա Հակոբյանն ասաց, որ հիմնադրամը դառնալու է հարթակ բոլոր այն կարևոր խնդիրների լուծման համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: «Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- նշեց տիկին Հակոբյանը:

Նախատեսվում է, որ հիմնադրամը գործելու է երեք հիմնական ձևաչափով: Այն կամուրջ է լինելու օգտակար գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև, այն հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող  նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին, և վերջապես՝ իրականացնելու է հենց իր կողմից մշակված մի քանի նախագծեր:

Աննա Հակոբյանը հայտարարեց, որ թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու բոլորի առջև բաց լինելը հիմնադրամի գործունեության առանցքային սկզբունքներն են լինելու: Այս սկզբունքների կենսագործման երաշխիքներից է լինելու «բլոքչեյն» տեխնիկական համակարգը, որի շնորհիվ միջոցների հավաքագրումն ու ծրագրերի ֆինանսավորումն իրականացվելու է 100 տոկոս թափանցիկությամբ: Համակարգն այժմ մշակման փուլում է և կսկսի գործել մոտ ապագայում:

«Խոստանում եմ, որ վարչապետի տիկնոջ կարգավիճակում իմ բոլոր քայլերը կլինեն բաց և բոլորի համար տեսանելի, և ես ամեն ինչ կանեմ կոնկրետ ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար՝ Հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, դրանց քաղաքացիների, Սփյուռքի մեր հայրենակիցների և ամենաբարի ու վեհ գաղափարների»,- ելույթը եզրափակեց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամն ստեղծվել է այս տարվա հունիսին: Առաջիկայում հոգաբարձուների խորհրդի ձևավորումից և գործադիր տնօրենի ընտրությունից հետո հիմնադրամը կսկսի ծրագրերի մշակման և մեխանիզմների հստակեցման գործընթաց, որի եզրափակումից հետո կմեկնարկի բուն գործունեությունը:

12 Հուլիսի, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Նոյեմբերի, 2021
Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
news-listing-img
date piker 24 Հուլիսի, 2020
Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:
news-listing-img
date piker 05 Դեկտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում. Աննա Մաթևոսյան
«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։