«Իմ քայլը» հիմնադրամն աջակցել է արտերկրի բուհեր ընդունված 26 երիտասարդների

07 Օգոստոսի, 2018
Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր-ղեկավար Աննա Հակոբյանը ներկայացրեց հիմնադրամի առաջին ձեռքբերումները. աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված 26 ուսանողներ հիմնադրամի ջանքերով մասնակիորեն ապահովվել են կրթաթոշակներով։

Այդ ուսանողների մեծ մասն այս տարվա մայիսին գործունեությունը դադարեցրած «Լույս» հիմնադրամի շահառուներ են: «Լույսի» ծրագրերի կասեցումից հետո հայտնվելով անորոշ վիճակում, նրանցից 11-ը շուրջ երկու շաբաթ առաջ նամակ էին հղել «Իմ քայլը» հիմնադրամին՝ խնդրելով աջակցել ուսման վարձի հայթայթման հարցում:

Աջակցություն ստացած բոլոր ուսանողների հետ կնքվում են խորհրդանշական պայմանագրեր

«Չէինք սպասում, որ առնչություն կունենանք այդ խնդրին, բայց նաև դա այնպիսի խնդիր էր, որ չէինք կարող անտեսել, և «Իմ քայլը» հիմնադրամն աշխատեց ամեն ինչ անել, որ այս ընթացքում ինչ-որ չափով լուծում տա այդ խնդրին: Բայց քանի որ հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է, մենք դիմեցինք մեր հայտարարած գործունեության մյուս տեսակին, այսինքն՝ փորձեցինք կամուրջ դառնալ, երաշխավորել դիմորդներին»,- լրագրողներին ասաց Աննա Հակոբյանը:

Արդյունքում, հաշված օրերի ընթացքում հիմնադրամի աշխատակիցներն ուսումնասիրել են դիմորդների հայտերը, «Լույս» հիմնադրամի աշխատակիցների միջոցով կապ հաստատել «Լույսի» շահառու այլ դիմորդների հետ նույնպես, պարզել նրանց կարգավիճակը և գտել գործընկերներ, որոնց մասնակցության շնորհիվ «Լույս» հիմնադրամի շահառուներից 18-ը ապահովվել են մասնակի կրթաթոշակով:

Աննա Հակոբյանը հատուկ շնորհակալություն հայտնեց «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամին, որն առաջինն էր արձագանքել «Իմ քայլը» հիմնադրամի դիմումին՝ նվիրաբերելով՝ 222 հազար ԱՄՆ դոլար, Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), որը մասնակցել է 200 հազար դոլարի չափով, կանադահայ գործարար Վան Լափոյանին, որը 70 հազար դոլարի չափով է նվիրաբերություն կատարել, և ևս մեկ բարերարի, որը չի ցանկացել, որ իր անունը հնչի: Նա շնորհակալություն հայտնեց նաև «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Սերժ Թանկյանին և Արսինե Խանջյանին, որոնք մեծ մասնակցություն են ունեցել գործընկերներ գտնելու հարցում:

«Իմ քայլը» հիմնադրամը մի խումբ գործընկերների հետ աջակցել է արտերկրի բուհեր ընդունված 26 երիտասարդների

Այս ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամն աջակցել է նաև հիմնադրամին դիմած այլ՝ «Լույսի» շահառու չհանդիսացող 8 երիտասարդների, որոնք, ընդունված լինելով արտերկրի հեղինակավոր բուհեր, ունեին ուսման վարձի խնդիր: Ընդհանուր առմամբ, արտերկրի համալսարաններում ուսումնառության վարձերի փոխհատուցմանն ուղղվել է 570,800 ԱՄՆ դոլար, որից միայն 53,800-ը՝ բուն «Իմ քայլը» հիմնադրամից, մնացյալը՝ գործընկերների միջոցով:

«Բայց ես ուզում եմ խնդրել բոլորին՝ մենք սա արել ենք արտակարգ պայմաններում, սա արտակարգ իրավիճակ էր՝ արտակարգ լուծումներ պահանջող: «Իմ քայլը» հիմնադրամը չի կարող շարունակել այս ճանապարհով լուծում տալ խնդրին: Մենք արդեն սկսել ենք քննարկումներ ինչպես ՀԲԸՄ-ի, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ, որ հասկանանք՝ ինչպես պետք է այս հարցը հիմնավոր և կայուն լուծում ստանա: Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ այս 2-3 շաբաթվա ընթացքում, ընդամենը ստեղծված իրավիճակում հնարավորինս արագ և հնարավորինս անցնցում ելք էր»,- ասաց Աննա Հակոբյանը:

Այս տարի «Լույս» հիմնադրամին, նախքան վերջինիս գործունեության դադարեցումը, դիմել էր 48 հայտատու, 24-ը՝ Հայաստանից, 24-ը՝ Սփյուռքից: Սփյուռքահայ դիմորդներին «Իմ քայլը» հիմնադրամը չի կարողացել ձեռք մեկնել: Հայաստանյան դիմորդներից կապ է հաստատվել 20-ի հետ, մնացած 4-ից արձագանք չի ստացվել:

Մարիամ Ղազարյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Թևոսյանը ստորագրում են պայմանագիրը

«Մենք ունեինք վերջնաժամկետ՝ համալսարանին հաստատելու՝ գնալո՞ւ ենք էնտեղ սովորելու, թե ոչ, և քանի որ գումարի շատ փոքր մասն էի կարողացել գտնել, մտածում էի, որ մնացածը հնարավոր չի ոչ մի ձևով գտնել: Ես գտել էի մոտավորապես 20 տոկոսը, և 80 տոկոսի չափով «Իմ քայլը» հիմնադրամը օգնություն տրամադրեց, որի համար շատ շնորհակալ եմ»,- ասաց Մարիամ Ղազարյանը, որը Քեմբրիջի համալսարանում մեկ տարվա մագիստրատուրայի ծրագիր է անցնելու միջազգային իրավունքի գծով:

Նարեկ Չոբանյանն էլ, որը Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) բնապահպանական իրավունք է ուսանելու, ասում է. «Երբ նամակն ստացանք, անսպասելի էր շատ, որովհետև արդեն 4-5 օր էր մնում, որ վերջնական պատասխան տանք, և ամբողջ ընտանիքով շատ ուրախացանք, ու կարելի է ասել՝ ամենաերջանիկ օրերից մեկն էր»: Նարեկը վստահ է, որ իր ընտրած մասնագիտացումը Հայաստանի համար խիստ արդիական է:

Իսկ Էմիլյա Սիմոնյանն ընդունվել է Քեմբրիջի համալսարան և ուսանելու է անասնաբուժություն: Կարծում է, որ վերադառնալուց հետո կզբաղվի գիտությամբ. «Իմ ամենամեծ երազանքներից մեկն այն է, որ այստեղ բացեմ անասնաբուժական կրթություն տվող հաստատություն: Ես շատ մեծ սեր ունեմ կենդանիների նկատմամբ, բայց նաև բնագիտական առարկաների նկատմամբ. անասնաբուժությունն այդ երկուսի խառնուրդ է, այսինքն՝ ինձ համար իդեալական մասնագիտություն է,- ասում է Էմիլյան:

Աջակցություն ստացած բոլոր ուսանողների հետ կնքվում են խորհրդանշական պայմանագրեր, որոնցով շահառուները հանձն են առնում ուսումնառությունն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և առնվազն 3 տարի աշխատել այստեղ: «Բայց անկախ պայմանագրից, վստահ եմ՝ նրանց կապը հայրենիքի հետ այնքան սերտ է և այնքան ամուր, որ իրենք վերադառնալով՝ այդ ամենը կծառայեցնեն իրենց երկրին և իրենց ժողովրդին»,- Ասաց Աննա Հակոբյանը:

07 Օգոստոսի, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: