«Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

13 Նոյեմբերի, 2018
Նոյեմբերի 11-13-ը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ և միջոցառումներ, հավաքագրվել է 200,000-ից ավելի ԱՄՆ դոլար:

Այցն սկսվել է ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների (Արտյոմ Վարդանյան, Նարինե Դավթյան, Ռոման Բաղդասարյան, Կարեն Քոչարյան) նախաձեռնած գալա-համերգով, որի ընթացքում ներկայացվել է «Իմ Քայլը» հիմնադրամը: Տեղի է ունեցել բարեգործական աճուրդ, և միջոցառումից  ստացված ողջ հասույթը փոխանցվել է Հիմնադրամին։

Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների (նստավայրը՝ Մոսկվա) և դեսպանների կանանց հետ հանդիպման ընթացքում «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ներկայացրել է նաև հիմնադրամի նպատակներն ու ծրագրերը: ««Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձևավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ և անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն կունենան»,- մասնավորապես նշել է տիկին Հակոբյանը:

Նա ասել է, որ հիմնադրամը նաև ստանձնել է Հայաստանում գործող ամենատարբեր հիմնադրամների աշխատանքները սինխրոնացնելու կարևոր առաքելությունը: «Արդեն իսկ հաջողությամբ համագործակցել ենք մի շարք հիմնադրամների հետ և պատրաստվում ենք շարունակել աշխատանքի այդ ոճը, որի նպատակն է բոլորիս ջանքերը մեկտեղելն ու ավելի լավ արդյունքներ գրանցելը:

Օրինակ, գործունեության առաջին իսկ օրերին, մի քանի այլ հիմնադրամների հետ համագործակության արդյունքում մեզ հաջողվեց կրթաթոշակ տրամադրել միջազգային հեղինակավոր բուհեր ընդունված երեխաներին: Այս ընթացքում մենք ֆինանսապես աջակցել ենք Հայաստանի ակադեմիական մի քանի երգչախմբերի և նվագախմբերի, դասական երաժշտության ոլորտում հեղինակավոր փառատոններիրց մեկին: Սոցիալական ծրագրերի շրջանակում ժամանակավոր բնակարաններով ենք ապահովել շուրջ 14 անապահով ընտանիքի և այժմ աշխատում ենք ծրագրի վրա, որի արդյունքում այս ընտանիքներից յուրաքանչյուրից մեկական հոգի համապատասխան կրթություն կամ պրակտիկա ձեռք կբերի, ինչը նրանց հնարավորություն կտա կյանքի մինիմալ պայմաններ ապահովող աշխատանք ունենալ»,- հիմնադրամի գործունեությունն է ներկայացրել տիկին Հակոբյանը:

Նոյեմբերի 12-ին Աննա Հակոբյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Մոսկվայում հանդիպել են գործարարներ Ահարոն Պապոյանի, Վահագն Խաչատրյանի, Կարեն Մկրտչյանի, Վահան Աբգարյանի և Հայկ Ամիրջանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեության շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել հիմնադրամի կայուն ֆինանսավորման մեխանիզմներ ստեղծելու շուրջ։ Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցելու «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես, այլև իրենց մասնագիտական փորձառությամբ։

Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել աշխատանքային ընթրիք, որին հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։ Վերջիններս ընդգծել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի մոսկովյան շնորհանդեսը կարծրատիպեր կոտրող միջոցառում էր, որին մասնակցում էին ոչ միայն հայտնի անհատներ, այլև՝ Հայաստանը սիրող, կարոտող և Հայաստանի համար մտահոգ սովորական քաղաքացիներ, որոնք իրենց «փոքրիկ լուման են ներդրել հիմնադրամի գործունեության համար»:

Այցի վերջին օրը «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հանդիպել են ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյի հետ: Կողմերը քննարկել են մշակութային և կրթական ոլորտներում համագործակցելու կոնկրետ գաղափարներ։

«Իմ քայլը» հիմնադրամի թիմը շնորհակալ է բոլոր կազմակերպություններին և անհատներին, ինչպես նաև ՀՀ դեսպանությանը՝ ցուցաբերած աջակցության համար։

13 Նոյեմբերի, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Նոյեմբերի, 2021
Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
news-listing-img
date piker 24 Հուլիսի, 2020
Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:
news-listing-img
date piker 05 Դեկտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում. Աննա Մաթևոսյան
«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։