«Իմ քայլը» հիմնադրամը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը կհամագործակցեն
Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը կնքել են համագործակցության մտադրությունների հուշագիր։ Հուշագրի շրջանակում կողմերը հինգ ուղղություններով (կրթություն, մշակույթ, բնապահպանություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն) փաստերի և գիտելիքի վրա հիմնված նորարարական լուծումներով համատեղ ծրագրեր են իրականացնելու։
«Մտադրությունների հուշագիրը կնքում ենք՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղյուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է ստանձնում ինչպես սեփական, այնպես էլ հանրային բարեկեցության համար»,- ստորագրման արարողության ժամանակ ասել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։ Նա նշել է, որ հուշագրի դերը կարևոր է նաև Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրագործման համատեքստում՝ առողջ, կրթված և ներառական հասարակության կայացման հարցում։
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը հավելել է. «Մեր կենտրոնը իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասցրել է ստեղծել սոցիալական, բնապահպանական և տնտեսական մարտահրավերները լուծող նորարարական նախագծերի մեծ պորտֆոլիո։ Համագործակցելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ՝ այս հինգ ոլորտներից յուրաքանչյուրում հետազոտություններ ենք իրականացնելու՝ մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կարագացնեն Հայաստանում Օրակարգ 2030-ի իրականցումը»։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի առաջին համատեղ նախագիծն արդեն մշակման փուլում է, և շուտով որոշ մանրամասներ հասանելի կդառնան լայն հանրությանը։
***
Կայուն զարգացման նպատակներիազգային նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ
նախաձեռնությունն է, որին աջակցում է ՄԱԶԾ-ն: Կենտրոնը Կայուն զարգացման նպատակների
իրականացման արագացմանը միտված պիլոտային մոդել է, որը հետազոտության և փաստերի օգնությամբ նպաստում է հանրային
քաղաքականության նորարարությանը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից 2018 թ. հունիսին։ Հիմնադրամը երկարաժամկետ ազդեցություն ունեցող ծրագրեր է իրականացնում սոցիալական, առողջապահության, կրթության, բնապահպանության, մշակույթի ոլորտներում՝ ձգտելով նպաստել Հայաստանում առողջ և ներառական հասարակության կառուցմանը։