Թավշյա հեղափոխությունը՝ Վենետիկի արվեստի բիենալեում
Այս տարի առաջին անգամն է, որ նախագիծն ընտրվել է բաց մրցույթով. համադրողը Սուսաննա Գյուլամիրյանն է, մասնակցող արվեստագետները` «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը (Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Չարչյան) և Նարինե Առաքելյանը։ Բիենալեին Հայաստանի մասնակցությանն աջակցել է նաև «Իմ քայլը» հիմնադրամը։
Հայաստանի 2018 թվականի հեղափոխական իրադարձություններին մշակութաբանական դիտանկյունից անդրադարձող նախագիծը բաղկացած է երեք մասից։
Առաջին մասում «Արտլաբ Երևան» արվեստագետների խումբը «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ մեծածավալ տեսաինստալացիայի ձևաչափով ներկայացնում է հայկական հեղափոխությանը վերաբերող վավերագրական նյութերի հետազոտություն-հավաքագրումը, որն ունի թեմատիկ մի քանի ուղղվածություն՝ հեղափոխական բազմություն, հեղափոխության ստեղծագործականությունը, բռնությունն ընդդեմ հեղափոխության, հեղափոխություն/վերամասնակցում և այլ հարակից թեմաներ։
Երկրորդը արվեստագետ Նարինե Առաքելյանի «շերեփ-կաթսա» նախագիծն է, որը Վենետիկի հանրային տարածքներում վերարտադրում է հեղափոխության օրերին հայաստանցի կանանց անհնազանդության ակցիաները: Նախագիծը 50 կամավոր կանանց մասնակցությամբ ներկայացնում է հայաստանցի կանանց ստեղծագործականությունն ու առաջադրած ինքնատիպ լուծումները։
Ցուցադրության երրորդ՝
«Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով մասի առանցքում նույնպես կանայք են, որոնք այս անգամ ներկայանում են վերլուծությունների,
երկխոսությունների ու քննարկումների ձեւաչափերում։ Հայաստանյան տաղավարի համադրողի նախաձեռնած և կազմակերպած տեսագրութուններում տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, մտավորականներ, քաղաքացիական
ակտիվիստներ անդրադառնում են հետհեղափոխական Հայաստանում բազմաթիվ ոլորտների վերակազմակերպման խնդիրներին. «Սրանք խորհումներ են սոցիալական քաղաքականության, մշակութային, գենդերային, տնտեսական, իրավական, բարոյական և ուրիշ ասպեկտների վերաբերող հարցերի շուրջ»,- ասում է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը։
Վենետիկի արվեստի 59-րդ բիենալեի հայաստանյան տաղավարի բացումը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 9-ին։ Ցուցադրությունը հանրության համար բաց է լինելու մինչև նոյեմբերի 24-ը, Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան վարժարանում (Palazzo Zenobio):
***
Վենետիկի արվեստի բիենալեն աշխարհում ժամանակակից արվեստի կարևորագույն, ամենահեղինակավոր և հանրահայտ միջոցառումներից է, որը հիմնադրվել է 1895 թվականին։ Բիենալեի շրջանակներում ցուցադրություններ ու հետազոտություններ են կազմակերպվում արվեստների, ճարտարապետության, կինոյի, պարի, երաժշտության ու թատրոնի բնագավառներում, երեք ձևաչափով՝ ազգային տաղավարների ցուցադրություններ, միջազգային հիմնական ցուցադրություն և բազմակողմ միջոցառումներ։ Հայաստանը բիենալեին մասնակցում է 1995 թվականից, 2010 թվականից՝ Մշակույթի նախարարության հովանու ներքո։
Այս տարի բիենալեի հիմնական ցուցադրության թեման հղում է կատարում հին չինական ասույթի՝ «Թող որ ապրեք հետաքրքիր ժամանակներում»:
Լուսանկարները՝ Կարեն Միրզոյանի