«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը «Խոշոր պլան» հաղորդման եթերում պատմեցին, թե ինչպես հիմք դրվեց «Quanta» ծրագրին: «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթություն: Ծրագրի ղեեկավար թիմը ներկայացրեց, թե ովքեր կարող ենք դիմել ծրագրին, խոսեցին մինչև մագիստրատուրայի մեկնարկը կայանալիք միջոցառումների՝ գիտաժողովի և օլիմպիադայի մանրամասների մասին:
Ծրագրի ղեկավար թիմը նշեց, որ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին կարող են դիմել այն երիտասարդները, որոնք ունեն՝
· ֆիզիկայի,
· քիմիայի,
· մաթեմատիկայի,
· ճարտարագիտության,
· տեղեկատվական տեխնոլոգիաների
բնագավառում առնվազն բակալավրի որակավորում և ունեն անգլերենի շեմային մակարդակ: «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական տարվա մեկնարկը նախատեսվում է 2022թ.-ի սեպտեմբերին:
Ղեկավար թիմը կարևորեց այն հանգամանքը, որ ուսանողները, որոնց կհաջողվի սովորել «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրով, հնարավորություն կունենան ներգրավվել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների աշխատանքներում:
«Quanta» ծրագրի շրջանակներում մագիստրատուրա ընդունվածները կունկնդրեն արտասահմանյան առաջադեմ բուհերի հայազգի գիտնականների: Ծրագրի ուսուցումը ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով:
Ծրագիրը ներկայացնելու ընթացքում ղեկավար թիմն անդրադարձավ նաև ապրիլ ամսին կայանալիք միջոցառումների՝ գիտաժողովի և օլիմպիադայի օրակարգին:
Ծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով ապրիլի 3-5-ը՝ ժամը 09:00-17:00-ը, «Հոլիդեյ Ինն» Երևան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Տարսոն» սրահ, հասցեն՝ Ամիրյան 2) կանցկացվի գիտաժողով, որտեղ ուսանողները 10 րոպեում կներկայացնեն պրեզենտացիաներ` նվիրված ատոմային և քվանտային ֆիզիկայի, ինֆորմատիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում իրենց կատարած հետազոտությունների կամ նշված բնագավառներում արդիական հետազոտություններին նվիրված ակնարկային աշխատանքների վերաբերյալ: Լավագույն զեկույցների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-14:00-ը «Հոլիդեյ Ինն» Երևան-Հանրապետության Հրապարակ հյուրանոցում («Արտաշատ» սրահ, հասցեն՝ Ամիրյան 2) վերոնշյալ թեմաների շրջանակներում կանցկացվի օլիմպիադա: Լավագույն արդյունքների հեղինակները կստանան դրամական պարգևներ:
Ապրիլի 17-ին՝ ժամը 14:00-ին, «Իմ քայլը» հիմնադրամում օլիմպիադային և գիտաժողովին մասնակցած առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողները կպարգևատրվեն: