«Ուրվական»-ը նոր շունչ է հաղորդում քաղաքին
«Իմ Քայլը» հիմնադրամը սատարում է նոր հնարավորություններ ստեղծող, նորարար լուծումներ առաջարկող և Հայաստանի գրավչությունը` որպես զբոսաշրջային երկիր բարձրացնող նախաձեռնություններին, որոնցից է «Ուրվականը»։
Այն Հայաստանում առաջին անգամ անցկացվող ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն է: Համերգների, ակումբային միջոցառումների, արտիստական միջամտությունների, ցուցահանդեսների և ինստալիացիաների, ինչպես նաև մասնագիտական քննարկման միջոցով փառատոնը ստեղծում է համապատասխան միջավայր մտորելու երաժշտության ընկալման, դրա հասարակական կաևորության, քաղաքային միջավայրի և այն պայմանների մասին, որոնցում ձևավորվում են արդի մշակութային շարժումները: Փառատոնի անվան ընտրությունը կապված է վերջինիս հիմնական նպատակներից մեկի հետ՝ վերակենդանացնել քաղաքային լքված տարածքները և նոր շունչ հաղորդել դրանց։
Փառատոնը կմեկնարկի մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և դրանով պայմանավորված քաղաքացիների վարքի շուրջ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը կվարեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Ուրբանլաբի ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները կքննարկեն զարգացման նոր ռազմավարություններ և միջամտություններ: Այս հարթակը կձևավորի քննարկում քաղաքային տարածքների, քաղաքացիների և միջավայրի խաչաձեւ հարաբերությունների մասին:
Փառատոնի երաժշտական ծրագրին մասնակցում են ավելի քան 80 արվեստագետներ աշխարհի 22 երկրներից, որոնք կներկայացնեն հնչյունային արվեստի, ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության ժամանակակից միտումները: Փառատոնն ուղղված է նաև տեղական երաժիշտների և միջազգային արվեստագետների միջև կայուն համագործակցության ամրապնդմանը:
Այլ լուրեր

