Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
Մշակույթի կենտրոններին տրամադրված անհրաժեշտ տեխնիկան հնարավորություն կտա կենտրոնի աշխատակիցներին և կամավորներին ընդլայնել իրենց միջոցառումների և ծրագրերի ցանկը, ինչպես նաև, կենտրոնի հիմնական գործառույթներին զուգահեռ՝ իրականացնել համայնքի տարբեր տարիքային խմբերի համար ոչ ֆորմալ կրթության, մասնակցային ժամանցի և համայնքային զարգացման ծրագրեր։
Հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի համակարգող Գայանե Ղարագյոզյանը նշում է, որ մշակույթի տներին հիմնականում տրամադրվում է տեսաձայնային և համակարգչային տեխնիկա․
«Մշակույթի տներին անհրաժեշտ տեխնիկայի գնահատումն առաջին փուլով իրականացվել է ըստ մշակույթի տան աշխատակիցների և կամավորների ներկայացրած ցանկի, որը համապատասխանում էր տվյալ մշակույթի տան կողմից նախատեսվող միջոցառումներին։ Իսկ երկրորդ փուլով հիմնադրամի համապատասխան մասնագետներն այցելել են յուրաքանչյուր մշակույթի տուն և հնարավորությունների ու կարիքների գնահատման միջոցով տեղում կազմել անհրաժեշտ տեխնիկայի ցանկը»։
Տեսաձայնային և համակարգչային տեխնիկա են ստացել հետևյալ մշակույթի տները՝ Բերդ, Գանձաքար, Լճաշեն, Օշական, Մրգաշատ Արթիկ, Ստեփանավան:
Հիշեցնենք, որ «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» համայնքային զարգացման ծրագրի շահառու Խաչիկ գյուղի մշակույթի տունը (Վայոց ձոր) օգոստոսին ստացել էր անհրաժեշտ տեխնիկան, որը նվիրաբերել է «Վեգա» խանութների ցանցը։
Նշենք, որ «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագիրն իրականացվում է 2019 թվականից, որի շրջանակներում հայտարարված բաց մրցույթով ընտրված 9 մշակույթի տները կարողությունների զարգացման փուլային աշխատանքի շնորհիվ համայնքի երիտասարդ ուժերին սկսել են ընդգրկել իրենց հիմնական աշխատանքներում, ինչպես նաև, երիտասարդների հետ ու շնորհիվ սկսել են իրենց հիմնական գործառույթներին զուգահեռ նաև իրականացնել ոչ ֆորմալ կրթությանը, համայնքային զարգացմանն ու մասնակցային ծամանցին ուղղված ծրագրեր: