Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
Դասընթացի 1-ին օրը մասնակիցները ստացան սոցիալական ձեռնարկատիրության մասին ներածական գիտելիքներ, ինչը նպատակ ունի համայնքային կառույցների միջոցով զարգացնել սոցիալական ձեռնարկատիրությունը մարզերում:
Հրավիրված մասնագետները ներկայացրեցին ՀՈԱԿ-ների համար սոցիալական ձեռնարկատիրության իրավական հնարավորություններն ու մեխանիզմները:
Սոցիալական ձեռնարկատիրությունն ավելի շոշափելի դարձնելու համար մասնակիցները հանդիպեցին Գյումրիում գործող «Herbs & Honey» սրճարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանին և զրուցեցին սոցիալական ձեռնարկատիրության ստեղծման ու զարգացման դժվարություններից ու դրանք հաղթահարելու ուղիներից:
Մասնակիցները նաև ճանաչողական այց կատարեցին Գյումրու Երիտասարդական պալատ, որտեղ տնօրեն Լիլիթ Մակարյանը ներկայացրեց պալատի գործունեության առանձնահատկությունները, անդրադարձավ պալատում կատարված և կատարվող ծրագրերին:
Դասընթացի 2-րդ օրը նվիրված էր երիտասարդների հետ աշխատանքի հմտությունների զարգացմանը և երիտասարդների հետ արդունավետ համագործակցությամբ նրանց հնարավորությունների բացահայտմանը:
9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները նախ հանդիպեցին «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի երիտասարդական աշխատանքի ու քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանին և քննարկեցին երիտասարդների հետ համագործակցելու մեթոդները, որից հետո գործնականում ծանոթացան կենտրոնի աշխատանքին, հանդիպեցին ակտիվ կամավորներին ու երիտասարդների հետ աշխատող մասնագետներին։ Երկու կողմերն էլ ունեցան փորձի փոխանակման հնարավորություն և խոսեցին երիտասարդների հետ համագործակցության ու նրանց հնարավորությունների արդյունավետ կիրառման մեթոդներից:
Դասընթացի ավարտին Իմ ՔԱՅԼԸ հիմնադամի մասնագետներն ու մշակույթի տների աշխատակիցներն ամփոփեցին երկօրյա դասընթացը՝ անդրադառնալով հետագա անելիքների օրակարգին և ձեռք բերված գիտելիքների կիրառմամբ մշակույթի տների աշխատանքի արդյունավետության բարձրացման քայլերին:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Գայանե Ղարագյոզյանն ընդգծեց, որ Գյումրին պատահական չէր ընտրված․ այստեղ մասնակիցները կարող էին տեսնել սոցիալական ձեռնարկատիրության հաջող օրինակներ, ինչպես նաև՝ Գյումրիում է ստեղծվել երիտասարդական նախաձեռնությունների առաջին կենտրոնը․ «Արդեն մի քանի տարի գործող «Գյումրու երիտասարդների տունը» լավ օրինակ էր Ծրագրի մասնակիցների համար, քանի որ այստեղ աշխատանքներ են տարվում թե՛ շահառու երիտասարդների, թե՛ կամավորների հետ, ովքեր տարբեր ծրագրեր են իրականացնում կենտրոնում, և մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն ծանոթանալու կենտրոնի կատարած աշխատանքներին»: