Տեղի ունեցավ Վանաձորի թիվ 25 դպրոցի նորոգված մարզադահլիճի բացումը
Մայիսի 7-ին տեղի է ունեցել նորոգված մարզադահլիճի բացման արարողությունը, որին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը:
Վերանորոգումը նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակներում ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը հանձն էր առել պարգևատրել 1-ին և 2-րդ տեղը զբաղեցնող դպրոցների սովորողներին՝ ներառելով դպրոցները «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում՝ նպաստելու դպրոցների մարզական կյանքի ակտիվացմանը և խրախուսելու երեխաների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը դպրոցի բարեկարգման գործում:
Բացմանը ներկա էին նաև ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման» ծրագրի շահառու՝ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորները, որոնք դպրոցի սովորողների համար ներկայացրեցին առողջ ապրելակերպի կարևորության թեման։ Նոր մարզադահլիճում բասկետբոլի ընկերական խաղ տեղի ունեցավ կամավորների և Վանաձորի թիվ 25 դպրոցի երեխաների միջև:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Մանուկյան Սիմոն հիմնադրամին» վերանորոգումը ֆինանսավորելու համար:
* «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրն առաջիկայում զարգացնելու է ձեռքբերումները՝ նորոգված պիլոտային դպրոցների համայնքներում աշխատելով առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ։ Ծրագրում նոր դպրոցների ներառում առայժմ չի նախատեսվում:
** Միջոցառումը ներկայացնում ենք Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորների աչքերով՝ տեղադրելով նրանց պատրաստած տեսանյութը։