Հանդիպում Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ
Պրոֆեսորներ Արեգ Դանագուլյանը, Լեռնա Էքմեքչիօղլուն և «Քլարկ» համալսարանի ցեղասպանությունների և Հոլոքոստի ուսումնասիրությունների «Սթրեսլեր» կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը առանձին քննարկում են ունեցել Աննա Հակոբյանի հետ, ներկայացրել հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ: Պրոֆեսորները նկատել են, որ Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը շատ լավ օրինակ է, որ այսօր Հայաստանում հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում հայ կանանց ներգրավվածությունը մեծանա:
Ավելի ուշ Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող շուրջ երեսուն հայ ուսանողներին: Վերջիններս ներկայացրել են իրենց ուսումնառության ոլորտները և պատկերացումները, թե ինչպես կարող են ուսումն ավարտելուց հետո իրենց գիտելիքներով և փորձով օգտակար լինել երկրին: Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք «Իմ քայլը» հիմնադրամն էլ կդադարեցնի ծրագրերը, ինչպես «Լույս» հիմնադրամը, եթե մի օր Հայաստանում դարձյալ իշխանափոխություն լինի, Աննա Հակոբյանը պատասխանել է, որ իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության շարունակականությունն իր առաջնահերթություններից մեկն է:
«Ես հիմնադրամի շնորհանդեսին էլ եմ հայտարարել, եթե ապագայում իմ ամուսինը չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամների գործունեությունը կփոխանցեմ Հայաստանի հաջորդ ղեկավարի տիկնոջը, որպեսզի սկսված ծրագրերը չկանգնեն»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ուղղությունները: Ուսանողներն էլ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու համագործակցության մի շարք ծրագրեր:
Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Ջորջ Դալեյը: Հարվարդի համալսարանի ուսանողների հետ կապերի ղեկավար Ռոզա Սոլերի և բժշկական դպրոցի դասախոս Ֆիդենսիո Սալդանայի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կրթության մատուցման նոր մեթոդներին:
Աննա Հակոբյանն այցելել է նաև Հարվարդի համալսարանի բժշկական քոլեջին կից հետազոտական լաբորատորիա: Լաբորատորիայի տնօրեն, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Արա Նազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել լաբորատորիայի բժիշկների կատարած նորարարական հետազոտությունները:
Այլ լուրեր


