«Ուժն է ծնում իրավունք», - ասում է մարդու իրավունքների, դիվանագիտական հարաբերությունների մասնագետ, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կրթաթոշակառու Ասպրամ Կրպեյանը:

20 Հոկտեմբերի, 2020
Ասպրամն ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի այն կրթաթոշակառուներից է, որ արդեն վերադարձել է Հայաստան ու աշխատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում իրավական հարցերով խորհրդական:

Ասպրամի՝ դեռ մանկությունից նկատվող արդարության սուր ծարավն ավելի մեծ տարիքում նրան պետք է տաներ իրավագիտության աշխարհ: Ինքը պետք է որոներ ու գտներ տարիներով հոգում ու սրտում կուտակված հարցերի, ինչուների պատասխանները:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրը և մագիստրատուրան ավարտելուց ու գրեթե չորս տարի ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատելուց հետո Ասպրամը մեկնում է Ժնև՝ մարդու իրավունքների «միջազգային մայրաքաղաք»: Մեկ տարի Ժնևի միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ակադեմիայում ուսանելուց հետո վերադառնում է Հայաստան: Մի քանի պետական գերատեսչություններում աշխատելուց հետո՝ 2018 թ. նորից մեկնում է արտասահման՝ այս անգամ Օքսֆորդի հեղինակավոր համալսարանում դիվանագիտություն ուսանելու:

Ասպրամն ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի այն կրթաթոշակառուներից է, որ արդեն վերադարձել է Հայաստան ու աշխատում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում իրավական հարցերով խորհրդական:

Բոլորս գալիս ենք մանկությունից. պարտավորեցնող ազգանուն

Վաղ հասակից գիտակցել ու պարտավորված եմ զգացել ազգանվանս համար: Ուսերիս զգացել մեր պապերի, հորս՝ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի, այսօր նաև՝ մեր եղբայրների անձնազոհության կարևորությունն ու նրանց թողած պատգամը: Հայրենիքին մատուցած ամենավեհ ծառայությունն անձնազոհությունն է, բայց մեզ՝ իրենց համեմատ հասարակ մահկանացուներիս համար, կան Հայրենիքին ծառայելու նաև շատ այլ ուղիներ: Պետք է մեր գործը հավուր պատշաճի կատարենք, արժանի լինենք այն մեծ զոհաբերությանը, որ հանուն մեզ արվել է, արվում է:

Մասնագիտություն, որ դարձավ ապրելակերպ

Ինձ համար արդարությունը մեծագույն արժեք է: Միշտ կարևորել եմ արդարության կամ դրա բացակայության հետևանքները: Այն միջավայրը, որի մեջ մեծացել եմ, ձևավորել է ինձ որպես անհատ, ուղղորդել դեպի իրավագիտություն, մարդու իրավունքներ, հումանիտար իրավունք: Իմ առաջ խնդիր էի դրել ստեղծել մի միջավայր, որտեղ ոչ միայն հայերը, այլ նաև օտարազգիները կկարողանային հաղորդակից լինել մեր խնդիրներին, պահանջներին, իղձերին, մշակույթին, պատմությանը: Ես ուզում էի ինձ ընձեռված հնարավորությունների և իմ կարողությունների շրջանակում մարդկանց լսելի դարձնել այն, ինչը մեզ համար շատ կարևոր է: Օտարազգի ընկերներս միշտ կատակում են, որ չեն կարող իմ շրջապատում լինել ու խոսակցության ընթացքում գոնե մեկ անգամ Հայաստանի ու Արցախի մասին չլսել:

Ե՛վ հայրս, և՛ մայրս ԵՊՀ-ում են ուսանել: Հայրս, ցավոք, չհասցրեց ավարտել ուսումը, կիսատ թողեց ու մեկնեց Գետաշեն, պաշտոնապես որպես ուսուցիչ, բայց իրականում Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարն էր: Իհարկե, միևնույն ժամանակ Գետաշենի երկու դպրոցներում պարտաճանաչ դասավանդում էր հայոց պատմություն, լեզու և աշխարհագրություն: Հայրս խորապես հավատում էր կրթության կարևորությանը…

Անպայման վերադարձ

Դեռ Ժնևում սովորելու ընթացքում որոշեցի, որ դիվանագիտություն էլ եմ ուսումնասիրելու: 2018 թ. ընդունվեցի Օքսֆորդի համալսարան։ Համալսարանական ամբողջ կրթաթոշակս տրամադրեց «Րաֆֆի Մանուկյան» հիմնադրամը, իսկ կեցության համար նախատեսված մասը ծրագրում էի ստանալ «Լույս» հիմնադրամից, որը սակայն կասեցրեց կրթաթոշակային ծրագիրը։ Այդ տարվա դիմորդներով անհամբերությամբ սպասում էինք, թե ինչ պետք է լինի: Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ նոր հիմնադրամ է ստեղծվում, որը ցանկություն ունի ստանձնելու այդ տարի աշխարհի լավագույն բուհեր ընդունված ուսանողների կրթաթոշակների համակարգման աշխատանքները: ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի ջանքերով ՀԲԸՄ-ից ստացա կեցության համար կրթաթոշակ ու մեկնեցի:

Օքսֆորդում ունեցա բացառիկ փորձառություն՝ դառնալով 900 տարվա կրթական ավանդույթներ ունեցող համակարգի մաս: Մեծ պատասխանատվություն էր, քանի որ ոչ միայն քեզ ես ներկայացնում, այլ նաև քո պետությունը, ժողովրդին: Ուսանող ընկերներս իրենց երկրներում կադրային դիվանագետներ էին: Միայն իրենց հետ շփումը, քո տեսլականը նրանց հետ կիսելն արդեն բացառիկ փորձառություն էր: Շատ հագեցած տարի էր՝ բարդ ակադեմիական և չափազանց հետաքրքիր ու ուսուցողական մարդկային շփումների առումով: Ու էլի վերադարձա Հայաստան: Ինձ հետ նույն ուղին անցած ընկերներս կփաստեն, որ մենք միշտ մեծ սպասումներով ենք վերադառնում, որ մեր գիտելիքները ծառայեցնենք Հայրենիքին:

Դիվանագիտական գիտելիքները եկան լրացնելու իրավագիտական գիտելիքներին, փորձին: Առհասարակ, շատ կարևոր է միջազգային հարաբերություններում մանևրելու հմտություններին տիրապետելը: Եվ գիտելիքների կիրառության մեջ հասկանում ես, վերստին համոզվում ես այն ճշմարտության մեջ, որ ուժն է ծնում իրավունք: Այսօր քաղաքակթական արժեքների համար պայքարող առաջամարտիկը մենք ենք, և աշխարհը սրա հետ պետք է հաշվի նստի:

Ընտրովի հումանիզմ

Ժնևում սովորելու ընթացքում առիթ ու հնարավորություն ունեցա ՄԱԿ-ի կենտրոնակայանում փորձաշրջան անցնելու, առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու: Սա կարևոր փորձ էր՝ ներսից տեսնել ու ընկալել, թե ինչպես են մեզ համար կարևորագույն հարցերը լուծվում, ինչպես է աշխարհը վերաբերվում կամ անտեսում մեր՝ իրենց համար փոքրիկ, բայց մեզ համար գոյութենական հարցերին:

Ես վստահաբար ասում եմ՝ մեր անվտանգության, գոյության միակ երաշխավորը հայկական միասնական պետականությունն է: Մեր բոլոր հաղթանակները եղել են մեր արյան ու ահռելի ջանքի շնորհիվ: Այո՛, պատահում է, որ դաշնակից պետությունների շահերը չեն համընկնում։ Այո՛, հաճախ նաև ստիպված ենք մարդասիրության համաշխարհային առաջամարտիկներին հիշեցնել, որ ձեր հումանիզմն ընտրովի է, որ դուք շեղվել եք ձեր իսկ դավանած ու քարոզած սկզբունքներից: Սա պետք է ասել որպես փաստ, արձանագրել ու անցնել առաջ:

Չափազանց կարևոր է գիտակցել, որ մեր միակ դաշնակիցը մենք ենք, ու մեր փոխարեն մեր առջև ծարացած խնդիրները որևէ մեկը չի լուծելու։

Կրթության ուժը

Ես մեծացել եմ կարգախոսով, որ միակ բանը, որ քեզնից չեն կարող խլել, դա գիտելիքն է: Գիտելիքը ուժ է, իսկ կրթությունը՝ բացարձակ արժեք: Ես համոզված եմ, որ մեր պետականության առջև ծառացած բոլոր խնդիրների ակունքները պետք է փնտրել վատ կրթական համակարգում: Փաստ է, որ դեռ չենք կարողանում պատրաստել միջազգային չափանիշներով մրցունակ մասնագետներ: Կան անհատական հաջողության օրինակներ՝ բայց դրանք բացառապես անհատական ջանքի արդյունք են։ Շատ կարևորում եմ հիմնադրամների գործունեությունը, որոնք նպաստում են կրթական ծրագրերի իրականացմանը, խրախուսում են արտերկրում ուսումնառությունը: Բայց տարիներ շարունակ այդ հիմնադրամները մեխանիզմներ չեն մշակել, որ այդ մասնագետներն անպայմանորեն հետ վերադառնան Հայաստան: Սա լուրջ թերացում էր, և մենք ականատես եղանք մեծաթիվ գիտնականների, մտածողների արտահոսքի: Մի մասը գալիս էին, սակայն հիասթափություն ապրելով նորից հեռանում էին Հայաստանից: Շատ քչերն, իհարկե, ի հեճուկս բոլոր դժվարություններին մնացին: Պետությունն ու պետական մարմինները պետք է հստակ համակարգային մեխանիզմներ ստեղծեն, հասկանան իրենց ինչ մասնագետ է հարկավոր և որ ոլորտում, պետությունը պետք է ձևավորի այդ պահանջարկը, պատվերը: Հիմնադրամները կարող են աջակցել, նպաստել, բայց մեխանիզմն ամբողջությամբ պետք է կառավարի պետությունը: Պետական պատվերի հիման վրա կպատրաստվեն մասնագետներ, արտասահմանյան բուհերում կստանան նոր որակավորումներ, կբերեն լավագույն փորձը: Իհարկե, կան նրբություններ, չես կարող ինչ տեսել ու լսել ես բերել ու ներդնել մեր իրականություն: Բնավ՝ ոչ: Բայց մեկնող ուսանողները քաջածանոթ են երկրի խնդիրներին, խնդիրների ակունքներին, մտածողությանը, ընկալումներին: Այստեղ շատ կարևոր է, որ ստացած փորձառությունը բերենք ու հարմարեցնենք առկա իրողություններին: Մշակենք աշխատող գործիքակազմ, ապա՝ գործարկենք: Որևէ այլ տարբերակ, որ կենթադրի նույնական իմպլեմենտացիա Հայաստանում, դատապարտված է անհաջողության, կլինի դատական, քաղաքաշինական, թե գյուղատնտեսության ոլորտում: Բարեփոխումները պետք է հարմարեցվեն կարիքներին:

Կրթական նպատակահարմարությունները շատ հստակ պետք է սահմանված լինեն պետության կողմից՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներով: Ի՞նչ ենք ուզում ունենալ 5, 10 կամ 50 տարի հետո: Իսկ մենք շատ ոլորտներում կարող ենք ունենալ գերակա դեր, չպետք է վախենանք, պետք է համատեղենք ջանքերը: Հսկայական ներուժ ունենք և՛ Հայաստանում ու Արցախում, և՛ Սփյուռքում: Մենք նաև Հայաստանից հեռացած ներուժը հետ բերելու ռազմավարություն պետք է մշակենք:

Կրթաթոշակառուներին

Թող մեկնեն սպունգի հոգեբանությամբ, վերցնեն այն ամենը, ինչ կարող են գիտելիքի ու փորձառության առումով: Նպատակային օգտագործեն իրենց ստացած գիտելիքները՝ հստակ ընկալումով, որ իրենք ունեն մեծ պարտավորություն ու առաքելություն: Երկրից նեղանալ չի կարելի: Հայրենիքը մեկն է բոլորիս համար՝ այստեղ, թե Սփյուռքում:


20 Հոկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: