Կամավորական ներուժի համախմբվածություն, որ ապրի մշակույթի տունը. հայացք ներսից
Ընթացքի մեջ են հանդիպումներն ու քննարկումները կենտրոնների աշխատակիցների, ծրագրի մենթորների ու ճարտարապետների հետ: Կենտրոնների զարգացման հեռանկարի շուրջ ձևավորվել են կամավորական խմբեր՝ վառ անհատականություններ, որոնք իրենց ներդրումն են ունենալու մշակութակենտրոն ու բազմավեկտոր այս ծրագրում: Կամավորները ծրագրի շարժիչ ուժն են, նրանք քաջատեղյակ են իրենց համայնքի կարիքներին, խնդիրներին, գիտեն ու կարևորում են նաև իրենց մարդկային ու համայնքային ներուժը:
Բազմազբաղ է Օշականի մշակույթի պալատի առօրյան: Հիմնադրամի ու պալատի «ճամփորդությունն» ընթանում է շատ արդյունավետ. աշխատակիցներ, կամավորներ, մենթոր եռակողմ աշխատանքն արդեն տվել է իր առաջին պտուղները: Օշականի մշակույթի պալատը, որ 1957 թ. կառուցել է ճարտարապետ Գևորգ Թամանյանը՝ Ալեքսանդր Թամանյանի որդին, լավ պահպանված ու զարգացման շատ մեծ հնարավորություններ ունեցող շենք է: ՔԱՅԼ հիմնադրամի մշակույթի տների հզորացման ծրագրի մենթորներից Դավիթ Եղիազարյանն ընթացիկ աշխատանքները դրական է գնահատում, լիահույս է, որ միասնական ջանքերով մշակույթի պալատում կիրականացվեն նոր ծրագրեր, որոնք սկիզբ կհանդիսանան երկարաժամկետ արդյունքների համար. «Օշականի մշակույթի տունն ունի հրաշալի աշխատակազմ, որոնք բաց են համագործակցության, վերապատրաստման, կարողությունների զարգացման համար: Հիմնադրամի հետ համագործակցությունը նրանց տվել է ևս մեկ խթան՝ գունավորելու, բազմազանեցնելու իրենց արած աշխատանքը: Սեպտեմբերից պատրաստվում ենք օշականցիների համար հարթակ տրամադրել՝ ինքնաարտահայտման, զրույցների ու մտքերի փոխանակման համար: Տնօրենի հետ միասին մեր առջև խնդիր ենք դրել համայնքի երիտասարդությանն ակտիվ ներգրավվել մշակույթի տան ակտիվություններին: Առաջիկայում դեռ առիթներ կստեղծենք, որ հանրությունը հաճելիորեն զարմանա օշականցի երիտասարդության նախաձեռնություններից:
Հատկապես տրամադրող է, որ մշակույթի տան տնօրենն ու աշխատակիցները նույնպես միջոցների որոնման ակտիվ փնտրտուքի մեջ են, որ մշակույթի տունն օր ու ժամ առաջ դառնա ժամանակակից շնչով ապրող ու գործող կառույց»:
Օշականի մշակույթի պալատում համոզված են, որ այս ծրագրի ավարտին կլինեն շատ ավելի պատրաստված և կարող են ստանձնել նաև ամբողջ համայնքի բրենդավորումն ու հանրահռչակումը:
«Փոքր դրախտ»՝ Մեղրաձորի մասին խոսելիս ասում է ծրագրի մենթորներից Գայանե Ղարագյոզյանը: Մեղրաձորի մարզամշակույթի տունը շրջապատված է կենարար բնությամբ. դրսից պատմամշակութային տեսարժան վայրեր, ներսից նորարարական կենտրոն ունենալու մեծ երազանք: Մարզամշակույթի տան զարգացման ծրագրի շուրջ են համախմբվել լուսավոր ու առաջադեմ երիտասարդներ, որ երազանքի ու գործնականի համադրմամբ կստանան առավել կենսունակ ու ժամանակակից կենտրոն:
«Մշակույթի տներում պակասում է ազատությունը դեպի արվեստը, բայց չէ՞որ այն պետք է հեքիաթի նմանվող աշխարհ լինի, որտեղ այլ իրականություն լինի, որտեղ իրականանա անիրականը։ Սա է պակասում մեզ։ Հիմա կապացուցեմ, որ անիրական ամեն հրաշք իրականանալի է։
Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնում ջուր չկա, բայց որ մտնում եք շենք, ձեր առջև տնային ծաղիկների դրախտ է բացվում՝ հսկայական քանակությամբ ծաղիկներ։ Եվ այդ աշխարհը ջրվում է «սիրով»։ Աշխատակիցներն իրենց տներից ոչ թե մեկ, այլ հազարավոր դույլ ջուր են կրում ծաղիկները ջրելու համար։ Ու ոչ մի թոռոմած ծաղիկ չեք տեսնի, ամեն մեկին յուրովի են մոտենում։ Ես շատ կցանկանայի, որ յուրաքանչյուրն իր համայնքի մշակույթի տան բակ մտնելիս զգա, գիտակցի՝ իր առջև բացվում է ոչ թե աշխատավայրի, այլ կախարդական աշխարհի դռներ, որտեղ ինքը պետք է ապրի ու ապրեցնի։ Հենց ապրելն է պակասում մշակույթի տներում։ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից մշակույթի տների զարգացման ծրագիրը 21-րդ դարի վերածնունդը կլինի համայնքների համար։
Ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացները այսօրվա համար անհրաժեշտ հսկայական գիտելիքներ տվեցին», - անկեղծանում է Մեղրաձորի մարզամշակույթի տան զարգացման ծրագրի կամավոր Արմինե Աթոյանը։
Կամավորներից Մերի Գալստյանը հավելում է. «Մշակույթի տունը եղել և շարունակում է մնալ մշակութային օազիս։ Երիտասարդների հետաքրքրությունը շարժելու, պահանջված լինելու համար, իհարկե, անհրաժեշտ է նոր մոտեցումներ ցուցաբերել, որն այժմ արվում է:
Կամավորությունն ընկալում եմ որպես ազնվագույն գործ։ Հիացմունքով կարող եմ նշել, որ մեր գյուղի ապագան ապահով ձեռքերում է, քանի որ ունենք բազմաթիվ բնակիչներ, որոնք անկախ տարիքից և զբաղվածությունից ցանկություն են հայտնել աջակցելու մշակույթի կենտրոնի վերածննդի աշխատանքերին»։
Մրգաշատի մշակույթի տան անելիքները շատ են՝ սկսած շենքի հիմքային խնդիրների կարգավորումից մինչև համայնքի երիտասարդությանը հետաքրքրող զբաղվածության կազմակերպում: Մրգաշատի մշակույթի տան հզորացման ծրագիրը համախմբել է համայնքի երիտասարդներին, նրանք վճռական են. «Մենք իրար ունենք ու պատրաստ ենք մեր կարողությունները ներդնել ընդհանուր գործի մեջ, հաջողությունը բոլորինն է լինելու»:
ՔԱՅԼ հիմնադրամի մենթորներից Զարինե Հարությունյանը, որ աշխատում է հենց Մրգաշատի մշակույթի տան զարգացման ծրագրի վրա ու վարում է կամավորների հետ աշխատանքը պատմում է. «Շատ մեծ ներուժ է թաքնված Հայաստանի շրջաններում։ Մեծ պատրաստակամությամբ սկսեցի մենթորությունս, ակնկալում էի, որ մրգաշատցիները պետք է միանգամից բաց լինեին նոր համագործակցությանը և մտքերին, բայց սկզբնական փուլում միանգամից բախվեցի մեկ այլ իրականության հետ: Գյուղում կյանքի ու աշխատանքային ռիթմը շատ տարբեր է։ Սկսեցի ուսումնասիրել մրգաշատցիներին, իրենց առօրյան, սկսեցինք անձնական և աշխատանքային հարաբերություններ կառուցել, բացահայտել միմյանց։ Այսօր ծրագրի մասին մեր պատկերացումները և նպատակները հստակեցվել են։
Ամենակարևոր ձեռքբերումներից է, որ մշակույթի տան աշխատակիցների մոտ առաջացել է անկեղծ ձգտում՝ փոփոխություն բերել համայնքի կյանքում։ Ոգևորությունը կրկնապատկվեց, երբ կամավորների հրավիրելու մեր կոչին մեկ օրում արձագանքեց 30 երիտասարդ։ Ընդամենը մեկ ամիս առաջ մշակույթի տան աշխատակիցներն ինձ վստահեցնում էին, որ գյուղի երիտասարդները շատ ծանրաբեռնված են գյուղի աշխատանքներով և հետաքրքրված չեն լինի կամավորության մեջ։
Մրգաշատի մշակույթի տունը և ամբողջ համայնքը թաքնված արկղ է, որի բովանդակությունը երևան է գալիս, երբ նայում ես ուսումնասիրողի և փնտրողի համբերատարությամբ»:
ՔԱՅԼ հիմնադրամի մշակույթի ծրագիրը թևակոխում է նոր ու պատասխանատու փուլ: Մենթորների աշխատանքին զուգահեռ սկսվելու են ճարտարապետների, շինարարների հիմնական աշխատանքները: Ուսումնասիրությունների արդյունքը ցույց է տվել, որ շենքերից շատերն ունեն բազային շատ լուրջ խնդիրներ: Այսօրվա հրամայականն է կարգավորել հիմնախնդիրները, պահպանել այս շենքերը ու զարգացնել մարդկային ներուժն՝ ի նպաստ երկրի, համայնքի, մշակույթի կենտրոնների:
Այլ լուրեր

