«Այսօր անել առավելագույնը վաղվա համար». Առնո Մուրադյան

01 Օգոստոսի, 2020
«Սովորելը չունի այլընտրանք, բոլոր դիմորդները, որ ցանկանում են շարունակել իրենց ուսումը, թող չերկմտեն, փորձեն դիմել ու երբեք չվհատվեն: Պետք է շարժել պատերը, քանդել արգելքները, սլանալ առաջ ու հասնել երազանքներին: Այս ընթացքում բոլոր դժվարությունները դառնում են պարզապես փորձություններ». ԱՄ

Առնոն ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ է, ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (University College London - UCL)՝ Տնտեսական զարգացում և կառավարումմասնագիտությամբ: Լոնդոնի համալսարանական քոլեջըաշխարհի 10 լավագույն համալսարաններից է, իսկ Առնո Մուրադյանի ընտրած մասնագիտության գծով ֆակուլտետը համարվում է առաջինն ամբողջ աշխարհում:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ անցել եմ աշխատանքիՀայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում՝որպես ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրի խորհրդատու: Աշխատանքը մասնագիտական է և մեծ հույսեր ունեմ, որ կկարողանամ գիտելիքներս ծառայեցնել հանուն Հայաստանի առաջընթացի», - Հիմնադրամին ուղղված նամակում գրել էր Առնոն:

Նման նամակները շատ սպասված են Հիմնադրամի համար, այս նամակները հուշում են, որ կրթաթոշակային ծրագիրը ճիշտ ուղղու վրա է. կրթաթոշակը տրամադրվում է ուսման ավարտին Հայաստան վերադառնալու և Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով: Պատասխանատվության զգացումով, բայց ոչ պարտադրված Առնոյի որոշումն աներկբա է եղել՝ վերադառնալ հայրենիք, ուժերի ներածին չափով զարգացնել իր մասնագիտական ոլորտը Հայաստանում, կիսվել իր ստացած գիտելիքներով։

Տնտեսագետ ու քաղաքացի Առնոյի Հայաստանի զարգացման տեսլականը մեկտեղվում է՝ հզոր երկիր ունենալու համար ներդնել սեփական կարողություններն ու հնարավորությունները:

Փարիզից Երևան. առաջին վերադարձ

Ես ծնվել եմ Փարիզում, քանի որ ծնողներս աշխատանքի բերումով գտնվում էին Ֆրանսիայում: Այնուհետև կայացվեց վճռական որոշում՝ վերադառնալ Հայաստան: 1996 թ. էր, դժվար ժամանակաշրջան էր, հայերն արտագաղթում էին, իսկ մենք վերադարձանք: Ես ուրախ եմ ծնողներիս կայացրած որոշման համար, որի շնորհիվ մեծացա Հայաստանում, այն ջերմության մեջ, որի պակասը սփյուռքի շատ հայրենակիցներ ունենում են:

Ինչու՞ տնտեսագետ

Տնտեսագետ դառնալու հաստատուն որոշումը կայացրել եմ դեռ դպրոցում սովորելու տարիներին, որի վրա մեծ ազդեցություն է ունեցել մայրական կողմից տնտեսագետ պապս, իսկ ուսանողական տարիներին՝ հնարավորություն ունենալով շփվել տնտեսագիտության բնագավառի լավագույն մասնագետների հետ, արդեն հստակ տեսնում էի Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, հասկանում էի նաև, որ գիտելիքներս բավարար չեն սոցիալ-տնտեսական խնդիրներին լիարժեք արձագանքելու, լուծումներ տալու համար: Հարկավոր էր ձեռք բերել մասնագիտական որակավորում. քանի որ Հայաստանի բուհական համակարգում իմ ընտրած ուղղության մասնագիտացում դեռևս չկա, մնում էր մեկնել արտասահման:

Լոնդոնի համալսարանական քոլեջում

Ուսանողական քարտս ու գրադարաններին հասանելիությունն ստացել եմ համալսարան ոտք դնելուց հինգ րոպե հետո: Ողջ գրականությունը, որ երբևէ երազել եմ ուսումնասիրել, հայտնվեց իմ տրամադրության տակ: Սա շատ կարևոր մուտք է, դու հենց սկզբից ու շեմից ստանում ես հետևյալ անուղղակի ուղերձը. «Եկել ես սովորելու ու միակ ակնկալիքը քեզնից հենց սովորելն է»: Սա շատ կարևոր է ու տրամադրող: Նաև համալսարանում դասավանդում են ոլորտի պրոֆեսիոնալները և նրանք միշտ պատրաստ են շփվել իրենց ուսանողների հետ ու մասնակցել տարբեր մասնագիտական բանավեճերի:

Առաջարկ մնալ Լոնդոնում

Անգլիայում իմ դասախոսներից մեկը՝ Համաշխարհային բանկի հետազոտող, Աֆրիկայում ծրագիր էր իրականացնում, առաջարկում էր, որ Անգլիայում մնալու պայմանով միանամ իր աշխատանքային խմբին, բայց ես մեկնել էի հետ գալու անհամբեր սպասումով: Հսկայական աշխատանքներ են արվում Հայաստանում, ցանկանում էի դառնալ այդ փոփոխություններ իրականացնողներից, մասնակցել պետականաշինությանը, իմ ներդրումն ունենալ, խոսքից անցնել գործի:

«Խորհելու միջանցք». կրկին վերադարձ

Վերադարձս հայրենիք առավել քան պարտադրված չի եղել: Ես երախտապարտ եմ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամին, որ իր կրթաթոշակառուին ուսանելուց հետո ևս մեկ տարի արտասահմանում մնալու հնարավորություն է տալիս: Ես նույնպես ունեի այդ ընտրության հնարավորությունը, բայց վերադարձս քննարկման ենթակա չէր:

Հայաստանի ներկայացուցիչ

Լոնդոնում գործում է շատ ակտիվ հայ համայնք, ես առաջին օրից կապ եմ հաստատել ու մտերմացել նրանց հետ: Տարատեսակ միջոցառումներ ենք կազմակերպել, հրավիրել օտարերկրացիների, ներկայացրել հայկական մշակույթն ու խոհանոցը: Նման հանդիպումները դառնում էին փոքրիկ տոներ: Հատկապես Լիբանանից ու Հունաստանից ժամանած ուսանող ընկերներիս համար հայկականը շատ հոգեհարազատ ու ընկալելի է, իսկ քոչարի պարել ենք 25 տարբեր ազգերի ներկայացուցիչներով: Այս կապերը շատ կարևոր են ու հետագայում կարող են օգտակար լինել երկրների միջև համագործակցության համար:

Առնոյի Հայաստանը

Մասնագիտական վերապատրաստում անցած մարդիկ պետք է ներգրավվեն բարեփոխումների իրականացման գործընթացում, թիմային ոգին ու գործը կտա առավել մեծ ու կայուն արդյունք:

Ես արտասահմանյան կրթությունս ընտրել էի Հայաստանում տվյալ ոլորտի կարիքի գնահատմամբ ու անկեղծ ասած արդեն վերադարձիս հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում անել: Շատ պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում, որ իր ջանքերն է ուղղում Հայաստանի համաչափ զարգացման մարտավարության ուղղությամբ:

Իմ այսօրվա հնարավորությունն սկսվեց Հիմնադրամի հայտարարությունից: Սա իսկապես բացառիկ հնարավորություն էր ու ես երջանիկ եմ, որ դարձա կրթաթոշակի շահառու: Կրթաթոշակն իրականում նաև մեծ պատասխանատվություն է, քանի որ նախ դու ընտրվել ես հազարներից, հետո լուրջ միջոցներ են տրամադրվում: Այս փաստը և´ ոգևորում է, և´ զգաստացնում:

Ի դեպ, ինչպես ինձ մոտ էր, այնպես էլ իմ կրթաթոշակառու ընկերների շրջանում այսօր վերադառնալու մեծ ձգտում կա: Բոլորիս համախմբում է այն գիտակցությունը, որ մեզնից շատ բան է կախված ու, ի վերջո, եթե ոչ մենք՝ ապա ով, եթե ոչ հիմա՝ ապա երբ:

Ամեն օրվա իմ նպատակն ու շարժիչ ուժն է ստեղծել ավելացած արժեք՝ անել առավելագույնս վաղվա համար:


01 Օգոստոսի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: