Պլանշետներ՝ ի աջակցություն Վայոց ձորի աշակերտների կրթության հասանելիությանը

05 Հունիսի, 2020
Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետներ Վայոց ձորի 23 համայնքների 26 դպրոցների:

Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրեցին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։

«Որդեգրել ենք հետևյալ սկզբունքը՝ մեկ ընտանիքից մեկ երեխա՝ հնարավորինս ընդարձակելով շահառուների շրջանակը: Պլանշետները տրամադրվելու են դպրոցներին, որպեսզի դպրոցը հնարավորություն ունենա վերահսկելու, որ պլանշետներն օգտագործվեն բացառապես ուսման նպատակով»,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։

Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ. Վայոց ձորը միջազգային ՀԿ-ների սոցիալական ծրագրերից առավելապես քիչ աջակցություն ստացող մարզն է, քանի որ դրանում բացակայում են մարզային գրասենյակները:

Պլանշետների բաժանումը կազմակերպվել է համավարակի պայմաններում ՀՀ-ում գործող սահմանափակումների ու անվտանգության նորմերի պահպանմամբ։

«Իմ քայլը» հիմնադրամն ունի իր տեսլականը Հայաստանի զարգացման համար, մշակել ու իրականացնում է մի շարք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Ի թիվս այս ծրագրերի, Հիմնադրամը շատ զգայուն է հընթացս առաջացող խնդիրների հանդեպ՝ փորձելով տալ արագ ու արդյունավետ արձագանք: Հետևաբար, COVID-19-ի պատճառով հեռավար ուսուցման անցած դպրոցական կրթական համակարգում առաջացած խնդիրներն անմասն չեն մնացել Հիմնադրամի տեսադաշտից: Անկախ ստեղծված պայմաններից ոչ ոք չպետք է զրկված լինի սովորելու կարևորագույն հնարավորությունից:

Գիտելիքն ուժ է՝ քաղաքակիրթ ու զարգացող երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորություն։ Հիմնադրամն, իր կողքին ունենալով այս տեսլականին հավատարիմ աջակիցներ ու համախոհներ, շարունակաբար տարբեր ծրագրերի միջոցով սատարելու է մեր երկրի ապագայի կերտման համար առանցքային այս ոլորտի զարգացմանը:

05 Հունիսի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: