Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրվա առիթով խորհրդանշական նվեր Լիբանանի հայ համայնքի մանուկներին

02 Հունիսի, 2020
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը: Այս առանձնահատուկ մանկատունը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։

Դեռ մայիս ամսին, ի պատասխան Լիբանանում ՀՀ դեսպան պարոն Աթաբեկյանի խնդրանքի՝ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցություն հատկացնել համայնքին:

«Թռչնոց բույն» որբանոցը ստեղծվել է հայ ժողովրդի համար օրհասական պայմաններում և որդեգրել է հայապահպան եզակի առաքելություն խիստ դժվարին աշխարհաքաղաքական իրադարձություններում: Եթե այսօր եղբայրական Լիբանանում հայ համայնքն ունի Հայրենիքի կարիքը, մեր լիազորությունների սահմաններում կանենք հնարավորը նրանց աջակցելու համար», - ավելի վաղ դեսպանին ուղղված նամակում նշել էր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և Հիմնադրամի բարեմաղթանքներն էր հղել ինչպես հայ համայնքին, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդին:

Նույն օրը՝ հունիսի 1-ին, տեղի ունեցած մեկ այլ միջոցառման շրջանակներում պարոն Աթաբեկյանը ‹‹Զվարթնոց›› կենտրոնի հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկներին և պատանիներին նույնպես հատկացրեց «Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած աջակցությունը:

Լիբանանի երիտասարդության հարցերով նախարար, «Զվարթնոց» կենտրոնի տնօրեն Վարդինե Օհանյան-Գևորգյանը մեծապես կարևորեց Մայր Հայրենիքի ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրև համահայկականության գաղափարի օրինակելի դրսևորում։ Նա կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցեց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ ի դեմս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի:

«Իմ քայլը» հիմնադրամը լիահույս է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կկարգավորվի և կյանքը ինչպես հայկական համայնքի, այնպես էլ՝ եղբայրական Լիբանանի ողջ ժողովրդի համար կվերադառնա բնականոն հուն:

Ցանկանում ենք, որպեսզի աշխարհի մանուկներն ապրեն խաղաղ ու պաշտպանված:

02 Հունիսի, 2020