«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. աջակցություն Վայոց ձորի ծնողազուրկ և բազմազավակ ընտանիքների երեխաներին
Այս խորհրդանշական օրը «Իմ քայլը» հիմնադրամը COVID-19-ին արձագանքի շրջանակներում մեկնարկում է ևս մեկ սոցիալական ծրագիր՝ այս անգամ ուղղված Վայոց ձորի մարզում անապահովության գնահատման համակարգում ընդգրկված միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների երեխաներին պարենի ու պաշտպանական միջոցների տրամադրմանը։ Մարզի 695 ընտանիքի 2036 անչափահաս երեխաների կտրամադրվեն պարենի մեկամսյա փաթեթներ՝ կազմված ՀՀ Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 0-10 և 11-18 տարեկան երեխաներին անհրաժեշտ սննդարար նյութերի և էներգետիկ արժեքների ուղենիշների հիմքով։
Շնորհակալություն ենք հայտնում Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ հատուկ պատրաստվածություն ունեցող կամավորական խմբերին և Վայոց ձորի Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցներին՝ փաթեթներն ընտանիքներին հասցնելու համար:
Հավատարիմ մնալով տեղի տնտեսվարողներին աջակցելու սկզբունքին՝ «Իմ քայլը» հիմնադրամը բոլոր փաթեթները ձեռք է բերել մարզային խանութներից:
Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար:
Այլ լուրեր


