Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի ունեցավ կենտրոնի ընդարձակված տարածքների բացման արարողությունը

29 Հունվարի, 2020
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության արդյունքում կենտրոնի ընդարձակված տարածքների, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացման արարողությունը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության արդյունքում կենտրոնի ընդարձակված տարածքների, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Արմենակ Ուրֆանյանի հարազատները, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, անվանի բժիշկներ և պաշտոնատար անձինք։
2019 թ. «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ ամբողջությամբ ամրացվել է Կենտրոնի մասնաշենքի միջնամասը, վերանորոգվել է շուրջ 1000 քմ. տարածք, մեծացվել է Կենտրոնի թողունակությունը 40 %-ով՝ սենյակների թիվը ավելացել է ևս 8-ով՝ ընդհանուրը 16 մահճակալով, բացվել են լոգոպեդի և հոգեբանության նոր սենյակներ, ինչպես նաև՝ կինեզոթերապիայի նոր դահլիճ:
Կենտրոնը համալրվել է նաև առաջին բուժօգնության համար անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Շուրջ 200 վիրավոր զինվոր ստացել են վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, անհրաժեշտ դեղորայք և խնամքի պարագաներ։ Վերապատրաստվել է բժշկական ամբողջ անձնակազմը։
Ներդրվել է «Մեկ պատուհան» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է 557 վիրավոր զինվորների և զինհաշմանդամի հաշվառում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում:
Հիմնադրամը նախորդ տարի շուրջ 190 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել կենտրոնի կարողությունների զարգացման նպատակով:
Հունվարի 28-ին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ կենտրոնում նկատելի որակյալ աշխատանք է կատարվել՝ հատկապես կարևորելով կենտրոնում վիրավոր զինվորներին առաջարկվող բարձրորակ բուժսպասարկումը: Նա նաև շեշտեց, որ հիմնադրամը 2020-ին նույնպես շարունակելու է աջակցել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»:
Հավելենք, որ հիմնադրամը կենտրոնին աջակցում է բացառապես ամերիկահայ բարերար Ջորջ Բաղումյանի կողմից հատկացված նպատակային նվիրատվության միջոցով:

29 Հունվարի, 2020