«Դո՞ւ ես այն տղան, որը ութ տարի պայքարել է Օքսֆորդ գալու համար». Անդրանիկ Իսրայելյան

12 Դեկտեմբերի, 2019
Անդրանիկ Իսրայելյանը միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու։ Աշխատել է ՀՀ Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարություններում, Ազգային ժողովում։ Նա «Իմ քայլը» հիմնադրամի 2018 թվականի կրթաթոշակային ծրագրի մասնակիցներից է։

Իջևանցի համարձակ տղան և Օքսֆորդի համալսարանի նկարով շապիկը

Ծնողներս աստղաֆիզիկայի բնագավառից են։ Ես դեռ գրել-կարդալ չգիտեի, մայրս ինձ համար Ջեկ Լոնդոն էր կարդում, ինչն էլ, կարծում եմ, շատ ընդլայնեց իմ մտահորիզոնը։ Փոքր տարիքից ես ամբողջ աշխարհը կարծես ընկալում էի որպես մեկ միասնական ամբողջություն։

Ես իջևանցի եմ և միշտ հպարտացել եմ դրանով, հեղափոխությունից հետո ՝ հատկապես, որովհետև երբեք չէի մտածի, որ Հայաստանի հասարակությանը ազատություն բերողը կլինի իմ հայրենակիցը։ Դա առանձնահատուկ զգացողություն է։ Իմ բնակավայրը նաև չքնաղ բնություն ունի, որն ինչ-որ չափով ռոմանտիզմ է փոխանցել խառնվածքիս։ Բոլոր իջևանցիերին բնորոշ խենթություն իմ մեջ էլ կա, որը ես փորձում եմ ուղղել դրական ուղղությամբ։ Առայժմ դրանից ընդամենը օգուտ եմ քաղել։ Հատկապես՝ այդ անհնարինության զգացումը չունենալու, ինչ-որ բան անելը հանուն մեծ արժեքի, ինչպես մի անգամ նշել եմ ՝ բոլորին դեմ գնալու և հաղթելու բնավորության գծերը։

Յոթերորդ դասարանից արդեն գիտեի, որ հումանիտար ուղղությամբ եմ գնալու, բայց տատանվում էի , թե հատկապես որ բնագավառն ընտրեմ։ Ի վերջո որոշեցի՝ Պատմության ֆակուլտետ։ Հետո մի հետաքրիքր բան տեղի ունեցավ. իմ դպրոցի ծանոթներից Խանումյան Հայկը՝ ով հիմա Արցախում պատգամավոր է, ասաց՝ ինչո՞ւ ես որոշել Պատմության բաժին ընդունվել։ Ասացի, որ լսել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը նոր է և դեռ կայացման փուլում։ Բայց Հայկն ինձ կարողացավ համոզել հակառակում, ու ես դիմեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Այդ ժամանակ անգամ ուսուցիչներս չէին հավատում, որ անվճար կընդունվեմ։ Իսկ ես ինքս ինձ երդվել էի, որ կամ կընդունվեմ անվճար, կամ իմ Իջևանի դպրոց այլևս երբեք էլ չեմ մտնի։ Այդ ժամանակ անվճար ընդունվելը գրեթե անհնար էր։ Ես հիշում եմ, այն դասախոսները, որոնց մոտ պարապում էի, մայրիկիս թաքուն ասել էին՝ տղայիդ ասա, իզուր մեծ հույսեր չփայփայի, որովհետև ամեն ինչ վաճառված է, տեղերը վաղուց գնված են։ Շատ շնորհակալ եմ մայրիկիս, որ այդ մասին ինձ չէր ասել։ 2004 թվականին ես անվճար ընդունվեցի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ու հենց այդ ժամանակ հասկացա, որ ցանկացած բանի կարող եմ հասնել, եթե շատ աշխատեմ։

ԵՊՀ-ում սովորելու տարիներին ընդհանուր առմամբ իմ գիտելիքների քսան տոկոսն եմ ստացել։ Շատ ավելին կարող էի ստանալ ավելի լավ պայմանների դեպքում։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ ֆակուլտետը նոր էր, ինչ խոսք, կային նվիրյալ դասախոսներ, որոնց շնորհակալ եմ, բայց, ցավոք, նրանք մեծամասնություն չէին կազմում։ Միջազգային հարաբերություններն ավարտելուց հետո ես արդեն որոշել էի, որ պիտի գնամ որևէ լավ համալսարան՝ շարունակելու ուսումս։ Փոքր հասակում նվեր էի ստացել մի շապիկ ՝ Օքսֆորդի համալսարանի նկարով, ու գուցե նաև դա էր ենթագիտակցորեն դեր կատարել, որ ես Օքսֆորդի հանդեպ հատուկ սեր ունենայի։ Իհարկե, նաև հետևում էի համալսարանի գործունեությանը և վարկանիշին։ Գիտեի, որ տարբեր վարկանիշներով աշխարհում լավագույնն է։ Ու քանի որ իմ մեջ վստահություն կար, որ ես աշխարհում ամենալավին եմ արժանի, ես 2010 թվականին առաջին անգամ բացեցի Օքսֆորդի համալսարանի կայքը։ Հիշում եմ, հիացած նայում էի ու մտածում ՝ ախր սա ուղղակի երազանք է։ Դիմեցի։ Չընդունվեցի, բնականաբար, որովհետև իմ կենսագրության մեջ դեռևս ոչինչ չկար հպարտանալու, նույնիսկ նորմալ անգլերեն չգիտեի. որտեղի՞ց պիտի իմանայի, երբ համալսարանն ինձ լավ չէր սովորեցրել, իսկ դպրոցում միայն ֆրանսերեն էի անցել։ Դրանից հետո Օքսֆորդ ընդունվելու իմ հաջորդ փորձերը նույնպես անհաջող էին։

«Եթե կյանքն ուզում է ինձնից այդ երեք ժամը խլել, նույնիսկ այդ ժամանակ ես կպարապեմ» կամ ՝ երազանքի գինը

2014 թվականին ինձ հետ տեղի ունեցավ սասափելի սպորտային տրավմա սամբոյի մարզման ժամանակ։ Երկու տարի ուղղակի հիվանդանոցներում էի անցկացնում, նորից քայլել էի սովորում, ծանր վիրահատություններ անցնում։ Ինձ համար իսկապես սարսափելի դժվար ժամանակներ էին։ Ինչ-որ պահի ես արդեն հույս չունեի, որ երբևէ կքայլեմ։ Երբ իմացա, որ ինձ երկրորդ անգամ պիտի վիրահատեն, որոշեցի ՝ նույնիսկ վիրահատության այդ երեք ժամը ես կյանքին չեմ զիջի, այդ երեք ժամը ես պիտի պարապեմ Օքսֆորդ ընդունվելու համար։ Փոդքասթներ էի ներբեռնել համակարգչիս մեջ՝ վիրահատությունից առաջ և հետո լսելու համար։ Նույնիսկ վիրահատության ժամանակ բժիշկներին խնդրեցի, որ ցածր խոսեն, ասացի՝ ես պատրաստվում եմ Օքսֆորդ ընդունվել։ Ես գիտեմ, որ իրենք մտածեցին, որ ես գիժ եմ։ Բայց ինձ համար դա կարևոր չէր, կարևորն այն էր, որ կյանքիս այդ պահին ես ունենայի ճիշտ և արժանապատիվ մոտեցում դժվարության ու իմ երազանքի հանդեպ։ Ես չէի ուզում ներսում կոտրվել։ Հասկանալի է, որ այդ վիճակում պարապմունքներն ինձ ավելի խելացի գուցե չէին դարձնում կամ շատ չէին պատրաստում համալսարանին, բայց կարևորը սկզբունքն էր՝ եթե կյանքն ուզում է այդ պահին ինձանից այդ երեք ժամը խլել, ես նույնիսկ այդ ժամանակ կպարապեմ Օքսֆորդ ընդունվելու համար, որն իրոք իմ երազանքն էր։ Դրվագներ կան, որ երբեք չեմ մոռանա. Հիշում եմ, երբ մեջքից տեղային անզգայացում արեցին, բնականաբար, անմիջապես զգացի, որ թմրում եմ, ուղեղս սկսեց վատ աշխատել։ Բարկացած ասացի՝ այս ի՞նչ եղավ։ Բժիշկներն հարցրին արդյո՞ք վատ եմ զգում։ Ասացի՝ չէ, կարծես հիշողությունս գնաց, իսկ ես քննության համար պիտի պարապեմ։

Կես ժամ անց, երբ արդեն հիշողությունս վերականգնվեց, ես վիրահատարանում բարձրաձայն կրկնում էի իմ IELTS քննության բանավոր հարցերը։ Շատ ուժասպառ էի ֆիզիկապես, բայց բավարարված էի հոգեպես։

Հիվանդանոցում պառկած էլ գրեցի իմ հերթական մոտիվացիոն նամակը Օքսֆորդի համալսարանի համար։ Գրեցի, որ աշխարհում ուսանողները ամենահետաքրքիր իրավիճակներում կարող են պատրաստվել քննությունների, ահա ես էլ պատրաստվում եմ այսպես՝ վիրահատարանում և հիվանդասենյակում։ Պահել եմ այդ նամակը, ի դեպ։ Ցավալի էր, իհարկե, որ չընդունվեցի։ Վստահ էի, որ կյանքը արդար կլինի ու գոնե այդ ծանր տարվանից հետո ես կընդունվեմ։ Բայց ոչ միայն չընդունվեցի այդ տարի, այլև անհրաժեշտություն առաջացավ ոտքս երկրորդ անգամ վիրահատելու։ Մի քանի ամիս չէի քայլում։ Հետո 2017 թվականին ընդունվեցի վերջապես, բայց այդ ժամանակ էլ չկարողացա գտնել ամբողջական ուսման վարձը։ Իսկապես շատ ցավոտ է, երբ ստիպված ես Օքսֆորդին նամակ գրել ու ասել՝ գիտեք, ես վերջապես ընդունվել եմ, սա իմ երազանքն է, բայց ուսման վճարս չի հերիքում և ես ստիպված եմ հրաժարվել՝ խնդրելով իմ տեղը պահել մյուս տարվա համար։ Բայց նրանք, իհարկե, չէին կարող պահել այդ տեղը։ Եվ ես մյուս տարի նորից դիմեցի։

2018 թվականին ես ընդունվեցի Օքսֆորդ։ Երբ մեյլով պատասխան ստացա ՝ բարձր գոռացի ամբողջ տնով։ Դա իմ ութերորդ փորձն էր։

Օքսֆորդ. ավելին, քան գիտելիքը

Ես սովորում էի Ռուսական և արևելաեվրոպական հետազոտությունների ֆակուլտետում, որովհետև այդ տարածաշրջանի մեջ ընդգրկվում է նաև Հայաստանը։ Օքսֆորդի այս բաժինը համարվում է աշխարհում այս բնագավառում երկու լավագույն կրթական ծրագրերից մեկը։ Ուսման վարձս վճարելու համար ինձ աջակցեց նաև «Իմ քայլը» հիմնադրամը։ Ես իմ գումարի մի զգալի մասն ունեի արդեն և «Իմ քայլի» շնորհիվ ամբողջացավ ուսման վճարը։ Բոլորին շնորհակալ եմ։

Օքսֆորդում սովորեցի 2018-2019 թվականներին։ Կուրսեցիներս հիմնականում Արևելյան Եվրոպայից էին՝ հետաքրիքր մարդիկ, իսկ դասախոսներս ուղղակի լեգենդներ էին այդ բնագավառում ՝ հատկապես Ռոյ Էլիսոնը, ով նաև իմ թեզի ղեկավարն էր, նաև Յան Զիելոնկան, Ջոն Մերշեյմերը, Ջոն Իկենբերին, որոնց գրքերով ենք մենք աճել։ Ասեմ, որ Օքսֆորդում կատարեցի բացառիկ արդիական հետազոտություն ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ, որը դեռ, վստահ եմ, օգտակար կլինի մեր պետությանը։ Բայց համալսարանը ավելին էր, քան կուրսը։ Մեկ տարի ապրեցի այդ քաղաքում, սովորեցի այդ համալսարանում և չեղավ գեթ մեկ օր, որ ինձ համար սովորական դարձներ Օքսֆորդում սովորելը։ Ես վայելում էի ուսանողության ամեն մի վայրկյանը, այդպիսի կրթական միջավայրում լինելն ուղղակի բախտավորություն էր։

Երեկոները քայլում էի քոլեջների փողոցներով ու հիացած նայում քաղաքի ճարտարապետությանը. ամեն քոլեջ մի պատմություն էր՝ ամբողջական մշակույթի մի յուրահատուկ զարդ։ Օքսֆորդում ես նաև մեծ կապեր ձեռք բերեցի։ Մի մեծ երազանք ունեի տրավմայից հետո, երբ դեռ չէի քայլում։ Ես երազում էի, որ սպորտ վերադառնալուց հետո կմարզվեմ հայտնի Օլիմպիական չեմպիոններից մեկի՝ բրիտանացի վազորդ Դեյվիդ Հեմըրիի հետ։ Այսպիսով, կիրակի օրերը գնում էի Մարլբորո և Դեյվիդի հետ մարզումներ էի անցկացնում։ Դա իմ կյանքի ամենատպավորիչ շրջաններից մեկն էր, որովհետև Դեյվիդ Հեմըրին թե Հարվարդի շրջանավարտ էր և թե Օլիմպիական չեմպիոն։ Դեյվի հետ շփվելիս ուղղակի ակնածանքից բերանս բաց էր մնում։ Ես գիտեի, որ ինքը չի զարմանա, որ ես հաշմանդամությունից վերադարձել եմ սպորտ, չի զարմանա, որ ես Օքսֆորդում եմ սովորում, որովհետև նա էլ ավարտել էր Հարվարդի համալսարանը։ Դեյվիդն ինձ շատ կարևոր դասեր տվեց թե կյանքի, և թե սպորտի տեսանկյունից։

Ուզում եմ անպայման ավելացնել։ Օքսֆորդը ավելին է, քան պարզապես գիտելիքը։ Ես Օքսֆորդում նաև շատ մեծ կապեր ձեռք բերեցի՝ այնտեղ հանդիպելով նաև բռնցքանարտի լեգենդ Մենի Պակիաոյին, բազմաթիվ քաղաքական հայտնի դեմքերի, այդ թվում ՝ նախագահների։ Դրանք «Օքսֆորդ Յունիոնի» հանդիպումներն էին, որ ուսանողների համար էին կազմակերպվում շաբաթը մեկ անգամ։ Իհարկե շատ մեծ հարստություն ու փորձառություն էր աշխարհի ամենատարբեր ծայրերից եկած այդքան հետաքիքր, խելացի ուսանողների հանդիպելը։ Իմ ընկեր Ավետիսյան Սոսը, որը հիմա պատգամավոր է, ով ինձնից առաջ սովորել էր Օքսֆորդում, մի անգամ ասաց՝ կգնաս, կտեսնես, որ միակ խելացին դու չես։ Այդ նախադասությունն, իրոք, մեջս տպավորվել էր։ Եվ իսկապես այդպես էր. ուսանողական փաբում գարեջրի գավաթի շուրջ զրուցում ես մեկի հետ ու այդ մեկը քեզ այնքան բան է ասում, որ դու քիչ է մնում տետրը վերցնես, գրառումներ անես։ Նրանք Օքսֆորդում չէին հայտնվել միայն գիտելիքներ ունենալու շնորհիվ, այլև որովհետև շատ հետաքրքիր անհատականություններ էին։ Ինձ համար հատկապես հիշարժան էր, որ շատ ուսանողներ, որոնցից յուրաքանչուրը անցել էր հարգանքի արժանի ուղի, մոտենում էին ինձ ու հարցնում․ «Դո՞ւ ես այն տղան, որ ութ տարի պայքարել է Օքսֆորդ գալու համար»։

Ցանկացած լավ, մրցունակ կրթական համակարգում հայտնվելու առաջին նախապայմանն այն է, որ դու պիտի հավատաս, որ դու, հենց դու ես արժանի դրան։ Սա մի քիչ չեմպիոնական մոտեցում է։ Ինչո՞վ է չեմպիոնը մարզվողից տարբերվում. Պարզապես հավատում է , որ հենց ինքը պիտի լինի հաղթողը ։ Հենց այդպես էլ կրթության մեջ է։ Եթե դու որոշել ես, օրինակ, Օքսֆորդ գնալ, ապա դու պիտի հավատաս, որ հենց դու պիտի լինես հաղթողը, որովհետև աշխարհի երկու հարյուր պետության հազարավոր դիմորդներ դիմում են այնտեղ և ըստ էության դու մրցակցում ես լավագույնների հետ և որպեսզի հաղթես ոչ միայն գիտելիք պիտի ունենաս, այլև՝ մեծ հավատ։ Մեծ հավատը թույլ չի տա, որ երկու մերժումից հետո դու կոտրվես։ Հավատն է քեզ ուժ ու համբերություն տալիս։

Քննողական, վերլուծական մտածողության կարևորությունը

Օքսֆորդում ես ստացա գիտական էթիկայի, գիտական մեթոդոլոգիայի ճիշտ կիրառման դասեր, ծանոթացա համաշխարհային գիտական վերջին մտքին, ու քննական մտածողություն սովորեցի, այն, ինչ Հայաստանի հասարակական գիտություններում, ցավոք, բացակայում է։

Հետխորհրդային երկրների ուսանողների համար Օքսֆորդի համակարգը որոշակի բարդություններ ունի, որովհետև այստեղ համակարգը «նարրատիվային» է, այսինքն՝ պատմողական։ Մինչդեռ Օքսֆորդում վերլուծությունը շատ է։ Դու պիտի քո ինքնուրույն գաղափարները տաս, էսսեներ շատ հաճախ գրես։ Գոյություն ունի նաև ինքնապլագիատ երևույթը, որի մասին ես այնտեղ իմացա. եթե դու մի տեղ արդեն, օրինակ, հոդված ես հրապարակել, չես կարող այդ հոդվածից անգամ մեկ պարբերություն նույնությամբ ներկայացնել մեկ ուրիշ տեղ։ Ճիշտ է, դա քոնն է, բայց այն նաև պատկանում է այն հրատարակությանը կամ ամսագրին, որը հրատարակել է հոդվածդ։

Հայաստանի կրթական համակարգի ամենախոցելի կողմը ուսանողի ինքնուրույն աշխատանք կատարելու ունակության պահանջի բացակայությունն է, ուսանողից չի պահանջվում ինքնուրույն ստեղծագործական աշխատանք։ Անգիրի համակարգն է աշխատում, ցավոք։ Ամեն ինչ հիմնվում է փաստերի շարադրանքի վրա, ոչ թե՝ վերլուծության։

Ապագա ծրագրեր

Դասավանդելու առաջարկ արդեն ստացել եմ ու ճիշտն ասած դեմ չեմ, քանի որ շատ եմ ուզում գիտելիքներս փոխանցել երիտասարդներին։ Տեսնեմ, թե ի վերջո ո՞ր բուհում կորոշեմ դասավանդել։ Ամենայն հավանականությամբ նաև կաշխատեմ պետական համակարգում։ Արդեն մի շարք առաջարկներ ունեմ, դեռ մտածում եմ՝ որն ընտրել։ Իհարկե, շարունակում եմ նաև զբաղվել սպորտով։ Ես շատ մեծ պլաններ, երազանքներ ունեմ երիտասարդ սերնդի կայացման ու ավելի լավը դառնալու վերաբերյալ։ Բայց չմանրամասնեմ դեռ։ Վստահ եմ, որ իմ ծրագրերի մասին դուք դեռ կլսեք։

«Երբ կծիծաղեն քո երազանքների վրա, լուրջ չընդունես»

Գոռը՝ զարմիկիս տղան, տասը տարեկան է։ Շատ ընդունակ տղա է, զբաղվում է սպորտով, պայծառ միտք ունի։ Ես միշտ իրեն ասում եմ ՝ դու պետք է հասնես աշխարհում լավագույնին ՝ փորձելով այս տարիքից իր մեջ սերմանել այն միտքը, որ չպիտի բավարավի այն սահմանափակ չափանիշներով , որը շրջապատը կդնի իր ուսերին։ Այս տարիքից պիտի հավատա, որ կհասնի աշխարհում ամենալավին։ Ինչի՞ պիտի հիսուն տարի հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լինի որևէ քենիացի և ոչ, ասենք՝ Գոռը։ Երբ ես խոսում եմ, Գոռն իր կլոր, մեծ աչքերով նայում է ինձ, ու ես հասկանում եմ, որ ասածս նրա մեջ խոր արմատներ է գցում։ Ինքն իսկապես զգում է այն ուժը, որն իր մեջ կա։ Մարդուն խրախուսելը, ոգևորելը շատ կարևոր է։ Գիտեմ, որ երեխաներին շատ հաճախ են կոտրում մեծերը։ Միշտ ասում եմ ՝ երբ կծիծաղեն քո մեծ երազանքների վրա, լուրջ չընդունես, որովհետև աշխարհում միակ բանը, որը քեզ պետք է, ինքդ քո հանդեպ հավատն է։ Եթե իսկապես շատ ես ուզում, ուրեմն նաև շատ կաշխատես և անպայման հենց այդպես էլ կլինի։ Այս չեմպիոնական մտածելակերպը դեռ մանկուց պիտի սերմանել։ Վախկոտությունը ոչ մի տեղ չի տանում։

Զրույցը՝ Մերի Մուսինյանի

12 Դեկտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: