Վախեցեք ձեր երազանքներից, դրանք իրականանալու հատկություն ունեն. Հայկ Միքայելյան
Տեխնոլոգիաներն ու աճպարարությունը
Ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Ավարտել եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Դեռևս մանկության տարիներից ես տարված էի աճպարարությամբ, բայց այն ավելի շատ հոբբի էր, որով ես ուրախացնում էի իմ հարազատներին, ընկերներին՝ ինձ համար բացահայտելով գաղտնիքներով լեցուն այդ զարմանահրաշ աշխարհը։
Հիմա թեև աշխարհը փոխվել է և տեխնոլոգիաներն ու աճպարարությունը «հանդիպել» են միմյանց, բայց իրականում երևի մատների վրա կարելի է հաշվել մարդկանց, որոնք լինելով աճպարար՝ մտել են նաև տեխնոլոգիաների դաշտ և կամ լինելով ծրագրավորող՝ մտել են նաև աճպարարության դաշտ։ Ես չգիտեի, որ կարելի է ընդհանրապես այս երկուսը միավորել։
Ամեն ինչ սկսվեց այսպես. երեք տարի առաջ, երբ ես Հայաստանում աշխատում էի «Լույս» հիմնադրամում, հիմնադրամի տնօրենը, որը գիտեր իմ աճպարարական նախասիրությունների մասին, մի միտք տվեց ինձ՝ առաջարկելով մասնակցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ՄԵԴԻԱԼԱԲ ծրագրի բաց դռների օրվան։ Ես որոշեցի որպես զբոսաշրջիկ մի քանի օրով գնալ Մասաչուսեթսի համալսարան։ Ես շատ էի լսել, որ, օրինակ, կարելի է երաժշտությունը միավորել տեխնոլոգիաների հետ, բայց մտքովս չէր անցնում, որ տեխնոլոգիաները հնարավոր է միավորել աճպարարության հետ։ Մասաչուսեթսի համալսարանում կարճ ժամանակ անցկացնելով` արդեն սկսեցի ուրիշ կերպ մտածել, հասկացա, որ շատերն են հետաքրքրված նրանով, ինչ ես։
Աճպարարությունն ու ծրագրավորումը տարբեր ապրելաոճեր են ենթադրում։ Երևի դրա համար այդպիսի գաղափար ունեցա՝ միավորել իմ այդ երկու հետաքրքրությունները ու զբաղվել մի գործով։ Փնտրեցի նմանատիպ կրթական ծրագրեր Հայաստանում, բայց, ցավոք, Հայաստանում չկան կրթական ծրագրեր, որտեղ աճպարարությունն ու թվային տեխնոլոգիաները մեկ ընդհանուր հարթակում միավորված են։ Միացյալ Նահանգներում դա շատ ընդունված բան է, այդ ուղղությամբ բազմաթիվ փառատոններ կան տարբեր քաղաքներում։ Պարզեցի, որ լավագույն հնարավորությունները Միացյալ Նահանգներն է տալիս։ Մասնավորապես Նյու Յորքը։ Այն համ արվեստի, համ տեխնոլոգիաների կիզակետում է ու քեզ հնարավորություն է տալիս, որ ձեռքդ միշտ լինի զարկերակին։ Այդ պատճառով ընտրությունս ի վերջո կանգ առավ Նյու Յորքի համալսարանի վրա։ Այն առաջարկում էր էքսպերիմենտալ մի ծրագիր, ըստ էության հենց այն, ինչ ես փնտրում էի։
Արդեն մեկ տարի է այստեղ եմ գտնվում։ Ծրագիրը, որը ուսանում եմ, կոչվում է Ինտերակտիվ հեռահաղորդակցություն։ Քառասուն տարվա ծրագիր է Tisch Արվեստի դպրոցում, որը համարվում է աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում, ամենամեծ արվեստի դպրոցներից։ Գաղափարն այն է, որ մենք ուսումնասիրում ենք տեխնոլոգիաների կիրառումը տարբեր տեսանկյուններից։ Էքսպերիմենտալ ծրագրեր անելով՝ փորձում ենք սովորել տեխնոլոգիաների կիրառումը արվեստի տարբեր ոլորտներում։ Ես ուսումնասիրում եմ տեխնոլոգիաների և աճպարարության կապը։ Երկու տարվա մասգիստրոսական ծրագիր է։ Մեկ տարի դեռ կա իմ ուսման ավարտին։
Աճպարարության հմայքը
Ինձ միշտ հետաքրքրել է, որ աճպարարները դեռևս հարյուրավոր տարիներ առաջ միշտ ցուցադրել են այնպիսի զարմանալի հնարքներ, որոնք թվում է միայն հնարավոր էին զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում։ Նրանք ցուցադրել են անլար հեռահաղորդակցություն, նրանք ցուցադրել են ռոբոտներ։ Օրինակ՝ շատ հայտնի շախմատ խաղացող ռոբոտը, որը առաջին անգամ ցուցադրվել է որպես աճպարարություն։ Իհարկե, այն կառավարվում էր մարդու կողմից, բայց հանրությանը ներկայացվել է որպես աճպարարական հնարք։ Երկար տարիներ մարդիկ չեն իմացել, թե ինչպե՞ս է լինում, որ շախմատ-ռոբոտն ինքն իրեն շախմատ է խաղում։ Ի՞նչ է ստացվում, որ աճպարարները նորարարներ էին։
Իրենք պատկերացրել են, թե ժամանակը ուր է գնում։ Եվ նրանք ստացել են բաներ, որ այդ ժամանակի տեխնոլոգիայի զարգացման մակարդակով անհնար էր ստանալ, բայց իրենց դա հաջողվել է աճպարարությամբ։ Նրանք մեծ նորարարներ էին։ Այսօր մենք գիտենք, որ, օրինակ, անլար հաղորդակցությունը արդեն իսկ իրականություն է, արհեստական բանականությունը շախմատում արդեն իրական փաստ է, այսինքն ժամանակի ընթացքում այն, ինչ աճպարարներն արել են որպես հնարք, հիմա արդեն ռեալ իրականության է վերածվել։ Ես ընկալում եմ աճպարարներին որպես վաղվա նոր տեխնոլոգիա, նոր կիրառություն, նոր հմտություններ ստեղծող մարդիկ, այսինքն՝ վաղվա գաղափարների կրողներ ու ստեղծողներ։ Ես իմ մասնագիտությանը նայում եմ այդ դիտանկյունից։
Երբ հորեղբայրս ինձ մի գիրք նվիրեց….
Ես ծնվել եմ Գյումրիում։ Ապրել, մեծացել եմ այնտեղ, հաճախել եմ Գյումրիի թիվ 10 դպրոցը։ Հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Ես այդ ժամանակ պատանի էի։ Իմ սերն աճպարարության հանդեպ ձևավորվել է Երևանում, բայց իմ ստեղծագործական ջիղը, կարծում եմ, ամեն դեպքում կապ ունի ծննդավայրիս՝ Գյումրիի հետ, ես դա անտեսել չեմ կարող։
Աճպարարությամբ սկսել եմ զբաղվել տասներեք տարեկանից, երբ հորեղբայրս մի գիրք նվիրեց, որը ես մեծ ոգևորությամբ սկսեցի կարդալ և ուսումնասիրել։ Մի սովետական գիրք էր աճպարաության մասին, սկսնակների համար էլ չէր, հիշում եմ, որ ներկայացված էին շատ բարդ, գրեթե անհնար հնարքներ, բայց ես շատ ոգևորված էի դրանք իրագործելու երազանքով։
Իմ առաջին հանդիսատեսը իհարկե ընտանիքս էր, հետո՝ դպրոցի, բակի ընկերներս, բարեկամներս։ Մեծ սիրով ցույց էի տալիս։ Ի՞նչ է պետք սկսնակ աճպարարին՝ իհարկե, հանդիսատես։ Իմ ցուցադրած հնարքները հավանաբար շատ զարմանալի չէին, բայց իմ շրջապատի մարդիկ միշտ զարմացել, ոգևորել են, չեն կոտրել ինձ, ինչն էլ բերեց նրան, որ ես շարունակեցի զբաղվել իմ սիրած գործով։ Շատ կարևոր է, երբ քեզ ընդունում է քո ընտանիքը և չի առաջնորդվում որևէ կարծրատիպով։ Ես բարեբախտաբար ստացել եմ մաքսիմալ աջակցություն իմ ընտանիքի կողմից։ Ոչ մեկը չի ասել ինձ՝ Հայկ ջան, մի ավելի լուրջ գործով զբաղվիր։ Գիտեք, աճպարարությունը հրաշալի հոբբի է, թեկուզ հետագայում այն չդառնա մասնագիտություն։ Աշխարհում շատ հայտնի մարդիկ կան, որ զբաղվում են ֆոկուսներով միայն որպես հոբբի, օրինակ Վուդի Ալլենը, Արքայազն Չարլզը և այլոք։ Ինձ մոտ էլ սկսվել է որպես հոբբի, հետո է վերաձևակերպվել որպես մասնագիտություն։ Շատ կարևոր է անել այն, ինչ դու սիրում ես։ Ես ինքնուս եմ եղել աճպարարության մեջ, ինձ շատ է օգնել Վարդան Ամիրյանը, նա է հիմնադրել Հայ աճպարարների միությունը։ Այսօր նա միության նախագահն է, ես՝ փոխնախագահը։
Զարմանալու և զարմացնելու ունակության մասին
Շատ լավ ասացիք այդ սիրահարված լինելու մասին։ Իրոք շատ կարևոր է ունենալ հատուկ սեր քո արած գործի հանդեպ։ Ոչ թե դա պիտի լինի նախասիրություն, այլ՝ հենց սեր։ Ես մինչև այսօր շարունակում եմ մեծ զարմանքով ու հիացմունքով նայել շատ ու շատ ելույթներ, որ անում են ուրիշ աճպարարները։
Ամեն ինչ կախված է մարդուց։ Մարդիկ կան, որ մտածում են, որ աճպարարները խաբեբաներ են և ոչ մի բան իրենց չի կարող զարմացնել։ Էն ինչ ես սիրում եմ, զարմացնելու հատկությունն է։ Զարմանքը մի զգացում է, որը հիմա շատ բարդ է առաջացնել մարդկանց մոտ։ Բայց դու կարող ես արվեստի, տեխնոլոգիաների, աճպարարության միջոցով փորձել հասնել դրան։ Աճպարարության մեջ զարմանք ի հայտ բերելու կարողությունն է շատ կարևոր։ Կարևոր է նաև մարդկանց հետ հաղորդակցություն, շփում հաստատելու պրոցեսը։ Ես, կարելի է ասել, «պերֆեկցիոնիստ» եմ ու շատ եմ ուշադրություն դարձնում դետալներին։ Աճպարարությունը մի ոլորտ է, որտեղ շատ ներդրված դետալներ կան։ Երբ նոր մի բան եմ ուսումնասիրում, ամեն անգամ մի մանրուք, դետալ գտնելով մի նոր փորձառություն եմ ապրում։ Մի փոքրիկ դետալ կհայտնաբերես և բոլորովին նոր բան կստանաս, բոլոովին այլ փորձառություն կապրես ու կփոխանցես քո հանդիսատեսին։
Հայաստանում, երբ երեխաների համար հաճախ էի ելույթ ունենում, տուն գնալու ճանապարհին միշտ մտածում էի, թե ինչպե՞ս է հնարավոր այսօրվա երեխաներին զարմացնել։ Ամեն ելույթից հետո մտածում էի երկար, փորձում հասկանալ, թե ի՞նչը սխալ արեցի, որ այս հնարքը «չաշխատեց», ի՞նչու անցած անգամ «աշխատեց», այս անգամ՝ ոչ։ Իրականում տեխնոլոգիաներն այստեղ շատ մեծ դեր ունեն։ Իմ ելույթներից մեկի ժամանակ բոլոր երեխաների ձեռքին «այփադ» կար։ Այս դեպքում բարդ է գրավել և պահել նրանց ուշադրությունը։ Իսկ իմ աշխատանքում ամենակարևորը հանդիսատեսի, երեխայի հետ կապն է։ Դա հեշտ չէ ու իրականում մեծ մարտահրավեր է։ Լուծումներից մեկը թերևս այն է, որ գուցե ինքդ օգտագործես «այփադ», որովհետև այդ երեխան արդեն իսկ հետաքրքրված է դրանով։ Բայց դու պիտի շատ հնարամտորեն օգտագործես այն, որ ելույթդ ոչ թե դառնա գործիքի մասին, այլ այն արագ մոռացվի և մնա միայն աճպարարության զարմանքն ու հրճվանքը։
Մարդիկ միշտ ձգտում են ավելին իմանալ, կռահել։ Դա այս մասնագիտության շարժիչ ուժն է, կարելի է ասել։ Տեխնոլոգիաների և աճպարարության հետ կապի առիթով մի օրինակ բերեմ։ Երբ եկել էի առաջին անգամ երեք տարի առաջ Նյու Յորք, ես տեսա այս ոլորտի առաջատար աճպարարներից մեկին՝ Մարկո Տեմպեստին։ Ինքն արդեն երկար ժամանակ է, ինչ զբաղվում է տեխնոլոգիաներով և աճպարարությամբ։ Մի հնարք ցուցադրեց, որն այդ ժամանակ դեռ հանրությանը չէր ներկայացվել, հիմա հավանաբար Յութուբում էլ կլինի։ Աճպարարարական համար էր, storytelling հնարք, որտեղ դրոնները թռչում են իր շուրջը։ Եթե շատ տեխնիկական նայենք այդ հնարքին, այն ի՞նչ էր՝ պարզապես թռչող դրոն ։ Պարզ է, գիտենք, թե ինչպես են թռչում դրոնները, բայց այդ հնարքը աճպարարության ենթատեքստում լրիվ ուրիշ իմաստավորում է ստանում, որովհետև մեր երևակայությունն ավելի ուժեղ է, քան մեր պատճառաբանությունը կամ մեր տրամաբանությունը։ Դրա համար այդ ելույթին ես նայում էի որպես շատ ուժեղ աճպարարակական համարի՝ մի պահ մոռանալով, որ դրոնները իրականում նախածրագրավորված են։
Այսինքն, այն ինչ դու գիտես, այդ պահին կարող է զրոյանալ, չաշխատել, ու քո իմացած տրամաբանական պատճառահետևանքային հետևություններն ու կապերն էլ չգործեն մեկ պարզ պատճառով՝ քո երևակայությունն ավելի ուժեղ է, քան տրամաբանությունը։
Որքան էլ երեխաների համար ելույթ ունենալը ամենաբարդը լինի, աճպարարությունը, այնուամենայնիվ, միայն երեխաների համար չէ։ Հայաստանում այն դեռ շատ կարծրատիպային է, ավելի շատ դա կապում են երեխաների հետ։ Մեր Միությունը Հայաստանում տարբեր նախագծեր իրականացրեց՝ փորձելով աճպարարությունն ավելի շատ զուգահեռել արվեստի հետ։ Մի նախագիծ սկսեցինք Գոյ թատրոնում, կոչվում էր «Իլյուզոնիստները», մեկ տարի բեմադրվեց թատրոնում։ Կարելի է ասել, որ այն առաջին հայկական շոուն էր, որտեղ միավորվեցին մի քանի աճպարար ու աճպարարությունը տարան դեպի թատրոն՝ ավելի դասական արվեստի մոտեցում ցուցաբերելով դրան։ Մենք փորձում էինք այնպես անել, որ այդ կարծրատիպերը կոտրվեն, և մարդիկ հասկանան, որ աճպարարությանը կարող են վերաբերել նաև որպես արվեստի։ Իրականում աճպարարաությունը արվեստի ճյուղերից մեկն է։
Կրթության և կրթվելու մասին
Արվեստի դպրոցում, որտեղ սովորում եմ, ինքդ ես ընտրում քո դասընթացի գրաֆիկը։ Առաջին տարին շաբաթը յոթ օր զբաղվածություն էի ընտրել ինձ համար, օրը տասը ժամ անցկացնում էի համալսարանում։
Այս ընթացքում միշտ զուգահեռներ եմ անցկացրել, թե ինչն է պակասում Հայաստանի կրթական համակարգին , միշտ համեմատել եմ, մտածել, թե ի՞նչ կարելի է անել Հայաստանի կրթության որակը բարձրացնելու համար։ Որովհետև շատ կուզեմ, որ Հայաստանում էլ լինի կրթական այն մակարդակը և համակարգը, որը կա այստեղ։ Մարդիկ ստիպված չեն լինի տեղափոխվել երկրից երկիր որակյալ կրթություն ստանալու համար։
Մի քանի կարևոր բացթողում, որ համեմատության մեջ նկատել եմ։ Առաջինը ուսումնառության ոչ պրակտիկ լինելն է։ Որքան էլ դու ուսումնասիրես տեսական շատ կարևոր բաներ, ամենակարևորն այն է, թե որքանո՞վ ես դու կարողանում դրանք գործնականում կիրառել։ Ունե՞ս այդ հնարավորությունը, թե ոչ։ Ամերիկյան կրթական համակարգում գործնական ուսուցումը ամենամեծ կարևորությունն ունի։ Ու բոլոր ծրագրերը ձևավորված են այնպես, որ դու ոչ միայն դասախոսություն ես լսում, այլև անվերջ կիրառում ես քո լսածը, սովորածը։ Քո դասընթացները քեզ համար նախագծեր են, որոնք դու սկզբից մինչև վերջ իրագործում ես, հետո արդեն որպես արդյունք տեղադրում քո «պորտֆոլիոյի» մեջ, որովհետև դու ունես արդեն փորձառություն իրական դաշտում այն կատարելու։ Երկրորդ կարևոր հարցը երիտասարդ կադրերն են։ Այստեղ դասախոսները ժամանակին համընթաց շարժվող մարդիկ են, միշտ տեղյակ, թե այս պահին իրենց մասնագիտության մեջ ինչ նորարար մոտեցումներ կան։ Ցավով եմ ասում, բայց, իմ կարծիքով, Հայաստանում դեռ այսպես չէ։ Այստեղ ամեն դասը կարող է փոփոխվել՝ կախված ոլորտի վերջին նորություններից։ Օրինակ, ես ուսումնասիրում եմ մեքենայական ուսուցում, որը ամենազարգացող ոլորտներից մեկն է հիմա։ Կիսամյակի սկզբից ի վեր դասընթացը իրականում մի քանի անգամ փոփոխվել է արդեն՝ պայմանավորված ոլորտի ընթացիկ զարգացումներով։ Այսինքն, գիտելիքը քարացած չէ։ Դասախոսներն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են։ Ճիշտ է, դասավանդում են, բայց նաև ունեն այլ աշխատանք, ենթադրենք մեկը հայտնի ընկերության հիմնադիր է և կամ ընկերության առաջատար աշխատող։
Երրորդ կարևոր բանը կապերն են։ Ուսումնառության ընթացքում ինչպիսի՞ կապեր ձեռք բերելու հնարավորություն ես ստանում, ինչպիսի՞ պրոֆեսիոնալների հետ ես շփվում. սրանցով է նաև պայմանավորված քո ուսման որակը և ապագայիդ հնարավորությունները։ Ինձ թվում է, Հայաստանում դասախոսի կարգավիճակը պիտի փոփոխությունների ենթարկվի։ Վերջերս դրական միտում նկատում եմ, իհարկե, որ, օրինակ, ծրագրավորման ոլորտի մարդիկ նաև դասավանդում են Հայաստանում։ Շատ դրական միտում է, բայց կարծում եմ պիտի հասնել նրան, որ այդ երևույթը մասսայական բնույթ կրի։
Իհարկե, ըստ կրթաթոշակային ծրագրի, պարտավորություն ունեմ վերադառնալ Հայաստան։ Բայց նաև ցանկություն ունեմ։ Ի վերջո, ես իմ ապագան պատկերացնում եմ իմ հայրենիքում։ Շատ եմ ուզում Հայաստանում զարգացնել այն ծրագրի մոդելը, որը հիմա ես սովորում եմ Ամերիկայում։ Վերջերս Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը նվագեց մի երաժշտություն, որը ստեղծվել էր արհեստական բանականության կողմից, այսինքն Հայաստանում արվեստի և տեխնոլոգիաների միախառնումը արդեն իսկ նկատելի է։ Ուզում եմ ավելի շատ այդ ուղղությամբ Հայաստանում աշխատել և այն, ինչ այս ընթացքում ձեռք եմ բերել այստեղ, որպես գիտելիք փոխանցեմ իմ երկրին։ Այս մոդելն, ի դեպ, հենց իմ համալսարանի կողմից ներդրվել է մի քանի երկրներում և մեծ հաջողության հասել։ Ունեմ արդեն նախնական պայմանավորվածություններ ծրագրի ղեկավարների հետ։ Գիտեմ, որ կան հաստատություններ, որ արդեն զբաղվում են նման բաներով, օրինակ՝ Թումո կենտրոնը, որն, իրոք, շատ հետաքրիքր միջավայր է պատանիների համար, բայց կան բաներ, որ պակասում են, և ես ուզում եմ այդ բացը լրացնել՝ այս մոդելը բերելով Հայաստան։
Շատ բարդ է կրթություն ստանալ արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ-ում, մասնավորապես Նյու Յորքում, որովհետև ԱՄՆ-ն ամենաթանկ երկրներից մեկն է կրթության առումով, իսկ Նյու Յորքը ամենաթանկ քաղաքներից մեկն է ապրելու համար։ Այն ժամանակ երբ ուզում էի գալ, նախնական օնլայն դրամահավաք սկսեցի, իմ ընկերներ, հարազատների շրջանում տարածեցի և նրանք ինձ հնարավորինս օգնեցին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ստացա աջակցություն Հույս հիմնադրամից, ինչպես նաև ստացա կրթաթոշակ Նյու Յորքի իմ համալսարանից։ Դրանով ինձ հաջողվեց առաջին կիսամյակի ծախսերը հոգալ, որից հետո հաջորդ կիսամյակում շատ աշխատեցի և բարձր առաջադիմություն ցուցաբերելով, տարբեր նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավված լինելով՝ ստացա լիարժեք կրթաթոշակ հենց համալսարանի կողմից, որը ճիշտն ասած, այնքան էլ սովորական բան չէր, ես դեռ չեմ լսել այդպիսի մեկ ուրիշի մասին։ Բայց բարեբախտաբար ինձ դա հաջողվեց։ Իսկ երկրորդ տարին ինձ աջակցեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
Շատ եմ կարևորում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի այս առաքելությունը։ Հուսամ, հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը հետզհետե ավելի ու ավելի մեծ հնարավորություններ ձեռք կբերի օգնելու ավելի մեծ թվով ուսանողների։ Ես իմ հերթին շատ շնորհակալ եմ ինձ աջակցելու համար։ Առանց այդ աջակցության շատերիս համար հնարավոր չէր լինի մեր կրթական նպատակներին հասնելը։ Չնայած Հայաստանից մեկնելու պահին ունեի ուսման ծախսերիս միայն 10%-ը ու թեև քրտնաջան աշխատել եմ այս ամբողջ ընթացքում, սակայն ես մեծ ձգտում ունեի հասնելու իմ երազանքին։ Ինչպես ասում են՝ վախեցեք ձեր երազանքներից, դրանք իրականանալու հատկություն ունեն։
Ես Հայաստանից ԱՄՆ մեկնեցի այն պահին, երբ Հայաստանը շրջադարձային փուլում էր։ Իրականում ամեն օր, ամեն պահ հետևում եմ, թե ինչ է տեղի ունենում, ինչ փոփոխություններ են կատարվում մեր երկրում։ Հիասթափություններ էլ եմ ունենում, իհարկե։ Իմ կարծիքով մեզանից ամեն մեկը պիտի հասկանա, թե ինքը ինչ կարող է տալ երկրին։ Ես Հայաստանի զարգացումը ուղղի կապում եմ տեխնոլոգիաների զարգացման հետ։ Վերջերս կարդացի, որ Երևանում տեղի ունեցած «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանը ներկայացվել է որպես նախկին Սովետական Միության Սիլիկոնային հովիտ, որը լրիվ իրատեսական է ու շատ լավ բնութագրում է այն ապագան, որը ես տեսնում եմ Հայաստանի համար։
Զրույցը՝ Մերի Մուսինյանի