Մեկնարկում է «Սինթփոզիում» միջազգային փառատոնը

04 Հոկտեմբերի, 2019
Իր վեցամյա պատմության մեջ առաջին անգամ «Սինթփոզիում» (Synthposium) երաժշտական նորարարական միջազգային փառատոնն անցկացվում է Երևանում՝ Հոկտեմբերի 4-ին և 5-ին։

Դեռևս այս տարվա մայիսին, Երևանում, «Իմ Քայլը» հիմնադրամի աջակցությամբ, առաջին անգամ անցկացվեց ժամանակակից երաժշտության «Ուրվական» միջազգային փառատոնը, որը երաժշտության նորարարարական միջավայր լինելուց բացի նաև հրաշալի հնարավորություն էր Հայաստանը ներկայացնելու որպես զբոսաշրջության տեսանկյունից գրավիչ երկիր։ Ի դեմս «Ուրվական» փառատոնի՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ժամանակակից երաժշտության, արվեստի և քաղաքաշինության միջազգային փառատոն՝ երկրում հյուրընկալելով ժամանակակից էլեկտրոնային, գործիքային և ակումբային երաժշտության միտումները ներկայացնող ավելի քան 80 արվեստագետների աշխարհի 22 երկրներից։ Փառատոնի շնորհիվ Հայաստան այցելեցին նաև բազմաթիվ երկրպագուներ տարբեր երկրներից։ «Ուրվականի» գաղափարը ժամանակակից երաժշտության եւ մշակույթի միջոցով խորհրդային եւ հետխորհրդային Հայաստանի ուրվական-տարածքներում նոր փորձ ստեղծելն էր եւ աշխարհի տարբեր երկրները ներկայացնող երաժիշտների, նկարիչների ու այլ գործիչների միջոցով՝ հին գործարաններից մինչեւ լքված մշակույթի տները կյանքի կոչելը: «Սինթփոզիումը» «Ուրվական» փառատոնի յուրատեսակ շարունակությունն է։

Այն երաժշտության և երաժշտական ​​նորարարության միջազգային փառատոն է: Վեց տարի շարունակ անցկացվել է Մոսկվայի տարբեր հարթակներում՝ դառնալով խորհրդանշական իրադարձություն ստեղծարար ինդուստրիայի երկրպագուների և ոլորտի մասնագետների համար: :

Այս տարի, հոկտեմբերի 4-ին և 5-ին, «Սինթփոզիումը» առաջին անգամ «գալիս է» Երևան՝ հյուրընկալելով 16 երկրների 50-ից ավելի երաժիշտների, ինժիներների և արտիստների։ Փառատոնը կներկայացնի երաժշտական ​​տեխնոլոգիաներ, դասախոսություններ և սեմինարներ, համերգների և թվային արվեստի ցուցահանդես։ Փառատոնի նպատակն է ոգեշնչել տեղի արվեստի համայնքին ստեղծագործելու նորարարական երաժշտության ոլորտում, ինչպես նաև աջակցել ժամանակակից երաժշտության և տեխնոլոգիաների ստեղծարարներին: Փառատոնը կունենա բազմաթիվ հյուրեր Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, ճապոնիայից, Իրանից, Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։ Նրանց թվում են շվեյցարացի կոմպոզիտոր Թոմաս Ֆելմաննը (Thomas Fehlmann), ֆրանս-գերմանական «dOP հաուս» պրոյեկտի լիդեր Դեմյան Վանդեսանդը (Damien Vandesande) և կանադացի երաժիշտ Ջեսս Օսբորն-Լանթյերը (Jesse Osborne-Lanthier), ինչպես նաև գերմանական dadamachines և ռուսական «Playtronica» ընկերությունների հիմնադիրները։ Հայաստան կժամանեն նաև փառատոնի բազմաթիվ երկրպագուներ ։

Երկու օր ու գիշեր փառատոնի այցելուները ականատես կլինեն նորարար երաժշտական տեխնոլոգիաների և թվային արվեստի ցուցահանդեսի, հնարավորություն կունենան մասնակցել գործնական պարապմունքների և դասախոսությունների և, իհարկե, վայելել զանազան կենդանի ելույթներ և DJ-սեթեր:

Փառատոնի շրջանակում կներկայացվեն նաև հատուկ նախագծեր. SARI-ի և UNDP-ի նախագծի հետ համատեղ՝ փառատոնը ձեռնամուխ է եղել նաև կրթական միջոցառումների անցկացմանը՝ ներգրավելով նաև գյուղական համայնքների. Հոկտեմբերի 3-ին Ջեսս Օսբորն-Լանթյերը գործնական հանդիպում կանցկացնի Սարիգյուղի երիտասարդների համար և կծանոթացնի նրանց էքսպերիմենտալ երաժշտությանը: Այնուհետև խումբը կուղևորվի Երևան՝ միանալու փառատոնի տպավորիչ ընթացքին:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հնչունային լաբարատորիայում հոկտեմբերի 1-ից 3-ը կանցկացվի գործնական դասընթաց, որը կվարի Անտոն Յախոնտովը (Նորագույն Մեդիաների Լաբարատորիա, Ալեքսանդրինսկի թատրոն), որին կմասնակցեն Կոնսերվատորիայի ուսանողները:

Գյոթեի կենտրոնի աջակցությամբ Սինթփոզիումը կներկայանա «Սառցաբեկորների Երաժշտություն» համերգով, որը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 21:00-ին, Կոմպոզիտորների միության համերգասրահում: «Սառցաբեկորների երաժշտությունը» «ոգեշնչվել» է Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից: Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն հրավիրում մարդկության կողմից բնությանը հասցրած վնասների ծավալին:Այս նախագծի շրջանակում միասին ստեղծագործել են արվեստագետներ Ռոբերտ Լիպոկը (Բեռլին), Լիլլևանը (Բեռլին), Անուշկա Չկեիձեն (Վրաստան), Էտո Գելաշվիլին (Վրաստան) և Հայկ Կարոյի Կարապետյանը (Հայաստան)։ Նախագիծը սկիզբ է առել 2011 թվականին Ալմաթիում ու Տաշքենդում՝ Գյոթե ինտիտուտի նախաձեռնությամբ:

Փառատոնի օրերին հատուկ համադրողական ծրագրերի միջոցով կներկայացվեն մայիսին մեծ արձագանքի արժանացած «Ուրվական» փառատոնը և Երևան ներթափանցած PROUN միջազգային շարժումը:

«6 տարի անց մենք կարող ենք վստահորեն ասել, որ «Սինթփոզիումը» հիմնարար ազդեցություն ունեցավ Ռուսաստանում նորարար-փորձարարական երաժշտության զարգացման վրա։ Այն ինքնադրսևորման, փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն դարձավ այս ոճի երաժշտությամբ և արվեստով հետաքրքրվող բազմաթիվ նոր անունների համար։ Իսկ փառատոնն ինքնին դարձավ միջազգային երաժշտական համայնքի հանդիպումների կայացած հարթակ։ Մենք իսկապես հավատում ենք, որ Հայաստանում էլ «Սինթփոզիումը» յուրահատուկ տարածաշրջանային հարթակ կդառնա պրոֆեսիոնալ երաժշտական համայնքի համար, իսկ փառատոնի երկրպագուների համար սա բացառիկ հնարավորություն կլինի նոր, հետաքրքիր փորձառություն ունենալու», -հարցազրույցներից մեկում նշել է «Սինթփոզիումի» համահիմնադիր Նաիրի Սիմոնյանը՝ նշելով, որ հույս ունի, որ տարեցտարի փառատոնը էլ ավելի կկայանա և աշխարհի ստեղծագործ քարտեզի վրա Հայաստանը կամրագրվի որպես անկյուն, որտեղ տարեկան գոնե մեկ անգամ կայցելեն առաջադեմ մտքեր` արվեստում կիրառվող տեխնոլոգիաների աշխարհից:

Փառատոնի գործընկերներն են «Իմ Քայլը» հիմնադրամը, Ռուսաստանում Կանադայի դեսպանատունը, շվեյցարական «Pro Helvetia» մշակույթի խորհուրդը, UNDP-Հայաստանը, Երևանի Գյոթեի անվան ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Proun շարժումը և Urvakan փառատոնը:

Փառատոնի մասնակիցների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ synthposium.com կայքում։

04 Հոկտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: