Աղքատության պարտությունը բոլորիս հաղթանակն է
Բանախոսները խոսել են աղքատության հաղթահարմանն ուղղված նոր մոտեցումների ու «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի շրջանակներում արձանագրված առաջին դրական արդյունքների մասին։
«2017 թվականի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում աղքատությունը կազմում է 25.7 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1.4։ Կառավարության քաղաքանությունն ուղղված է սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը, կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց նաև ոչ ֆինանսական աջակցության տրամադրմանը, կարողությունների զարգացմանը, ծառայությունների տրամադրմանը, սոցիալական պատրոնաժին և այլն։ Մենք հավատում ենք, որ աշխատանքն է աղքատության հաղթահարման հիմնական ճանապարհը: Աշխատանքի խրախուսումը և աշխատանքի համար հնարավորությունների ստեղծումը նաև Կառավարության ծրագրում են ամրագրված: Իմ նշած ուղղությունների մասով ուրախ ենք կիրառելու «Վորլդ Վիժն Հայաստանի» փորձը, և այս մոտեցումը դարձնելու ենք նաև աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մաս»,- այս մասին ասուլիսին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն․ Զարուհի Բաթոյանը։
2019թ.-ի հունվարին «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Իմ քայլը» հիմնադրամը կնքել են համաձայնության հուշագիր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ սկսել աշխատանքներ իրականացնել 18 ծայրահեղ աղքատ ընտանիքների հետ՝ կիրառելով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը։ Ծրագրի արդյունքում այսօր բարելավվել է այդ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակը, լուծվել են մի շարք առողջական և կենցաղային խնդիրներ, բայց ամենակարևորը՝ այս ընտանիքները դարձել են ավելի ինքնաբավ՝ վերականգնելով հավատը սեփական ուժերի նկատմամբ։
«Մենք ստանում էինք սոցիալական և առողջապահական հարցերով հազարավոր դիմումներ։ Հասկացանք, որ մեր ռեսուրսները չեն բավականացնի դրանց չնչին մասն անգամ բավարարելուն։ Ուսումնասիրեցինք միջազգային ու տեղական կառույցների փորձը։ Հասկացանք, որ բարեգործության փիլիսոփայությունն աշխարհում փոխվել է և ապացուցվել է, որ միանվագ կամ պարբերական բնաիրային ու ֆինանսական օգնությունը երկարաժամկետ ազդեցություն չի ունենում, արագ սպառվում է և թույլ չի տալիս հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Այսպիսով, համագործակցության եզրեր գտանք Վորլդ Վիժն Հայաստանի հետ, որը տարիների ընթացքում փորձարկել էր տարբեր մեթոդաբանություններ և հանգել հենց այս մոդելին, որն աշխարհում տարածում ունի և անգամ որոշ երկրների պետական քաղաքականության մասն է դարձել։ Այս մոդելով ընտանիքների հետ աշխատանքում կիրառվում է համապարփակ գործիքակազմ և անհատական զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվում ընտանիքի յուրահատկություններն ու նախասիրությունները՝ թույլ տալով սակավ ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործել»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ խոսելով համագործակցության կարևորության և ծրագրի արդյունավետության մասին։
«Իմ քայլը» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» գործունեության նոր փուլ են սկսում՝ նպատակ ունենալով «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագիրը գործարկել նաև Արցախի Հանրապետությունում։ Սեպտեմբերի 16-17-ին կազմակերպության ներկայացուցիչները եղել են Արցախում և ծրագիրը քննարկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ։
«Վորլդ Վիժն Հայաստանի բազմամյա փորձը թույլ է տալիս պնդել, որ աղքատությունը հաղթահարելի է, սակայն դա մեկ կազմակերպության կամ կառույցի գործ չէ։ Սրան հնարավոր է հասնել միայն գործընկերության, պետական և ոչ պետական բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում նաև հենց աղքատության մեջ ապրող ընտանիքների ակտիվ մասնակցության շնորհիվ։ Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարությունն առաջնորդում է այս գործընթացը՝ հնարավորություն ստեղծելով կարիքի մեջ գտնվող ավելի մեծ թվով մարդկանց հաղթահարել ծայրահեղ աղքատությունը», - այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը։