«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր». Աննա Հակոբյան

19 Օգոստոսի, 2019
Օգոստոսի 16-ին «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն՝ տեղում ծանոթանալու մեր երկրի համար մշակութային այս կարևոր հաստատության խնդիրներին։

Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը, որն ունի 600 հոգանոց համերգասրահ՝ եկեղեցիներին բնորոշ ակուստիկայով, ստեղծվել է 1960-ականներին։ Իր տեսակով բացառիկ այս ստեղծագործական կենտրոնը ժամանակին եղել է հանգստի ու աշխատելու սիրելի վայր հայ և այլազգի բազմաթիվ հանրաճանաչ մտավորականների համար։

Խորհրդային շրջանում Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը մեր ազգային պարծանքն ու հարստությունն էր. Հայաստանի չքնաղ բնության մի գողտրիկ անկյունում տեղակայված մշակութային ինքնատիպ այս կղզյակը բազմաթիվ օտարազգի ստեղծագործողների համար Հայաստան այլեցելու հրաշալի առիթ էր։

Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանն է մեծանուն Շոստակովիչը գրել «Համլետ» ֆիլմի երաժշտությունը: Այստեղ են հանգստացել հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը, գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը, ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Ռոդիոն Շչեդրինը, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևը, բալետի հայտնի ռուս պարուհի Մայա Պլիսեցկայան, կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանը և բազմաթիվ այլ հայտնի մարդիկ, որոնք իրենց կենսագրության մի գեղեցիկ մասն են թողել Կոմպոզիտորների տան հյուրընկալ հարկի ներքո։

Վերջին շրջանում, սակայն, Ստեղծագործական տունն այլևս նախկին բեղուն կյանքով չի ապրում՝ իր ունեցած բազմաթիվ խնդիրների պատճառով։

Այդ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպեցին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին և միասին քննարկեցին Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան խնդիրները հաղթահարելու հնարավորություններ, զարգացման նպատակներ։

Այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց «Իմ քայլը» հիմնադրամի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր: Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն:

«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր, ուր մարդը մտնի և հաղորդակից լինի ողջ փառահեղ պատմությանը: Այս տունը պետք է դառնա հյուրընկալ վայր փառատոների, երաժշտական արվեստի միջազգային իրադարձությունների համար»,- այցի ավարտին ասել է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամում վստահ են, որ համատեղ ջանքերով ու աջակցությամբ հնարավոր կլինի նոր շնչառություն հաղորդել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տանը՝ այդպիսով ևս մեկ ծանրակշիռ այցեքարտ ունենալով միջազգային մշակութային հարթակում։

19 Օգոստոսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: