«Որքան ծանոթացա հիմնադրամի աշխատանքներին, այնքան ավելի ուզեցի աշխատել այնտեղ». Ամալյա

13 Օգոստոսի, 2019
Ամալյա Պետրոսյանն ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Բոստոն, երբ դեռ շատ փոքր էր։ Աստիճանաբար ընտելացել են նոր միջավայրին՝ փորձելով ամեն գնով պահպանել մայրենի լեզուն ու ազգային ավանդույթները։ Հայաստան այցելությունները հազվադեպ չեն եղել, բայց միշտ կարճ ժամանակով՝ ակնթարթի պես։

«Տարիների հետ Հայաստան գալու և իմ երկրին ինչ-որ բանով օգտակար լինելու ցանկությունն ավելի էր մեծանում։ Մի ճանապարհ, մի ձև էի փնտրում։ Երբ անցյալ տարի տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը, այնքան էի ոգևորված և հուզված, որ անմիջապես դիմեցի Birthright Armenia կազմակերպությանը, քանի որ հատկապես հեղափոխությունից հետո ուզում էի մասնակից լինել Հայաստանում կատարվող այդ մեծ փոփոխություններին։ Birthright-ի օգնությամբ բացահայտեցի ինձ համար «Իմ քայլը» հիմնադրամը և որքան ծանոթացա հիմնադրամի աշխատանքներին, այնքան ավելի ուզեցի աշխատել այնտեղ։ Իսկապես զարմացած ու հիացած էի, թե այսքան կարճ ժամանակում որքան շատ բան էին հասցրել անել։ Եվ խնդրեցի Birthright-ին ինձ ուղարկել Հայաստան՝ «Իմ քայլում» կամավորություն անելու»,- պատմում է Ամալյան։

Ամալյային տպավորել է հատկապես հիմնադրամի ծավալած բազմաոլորտ գործունեությունը։ «Ինձ հիացնում է, որ այսքան շատ նպատակներ կան մեր երկրի զարգացման տարբեր ոլորտների հետ կապված։ Անգամ Ամերիկայի նման զարգացած երկրում բոլորը գիտեն, որ ոչ մի մեծ գործ միանգամից չի արվում, մեծ գործի սկիզբը փոքրիկ քայլերն են»,- ասում է նա։

Կամավորավորական աշխատանքը շատ կարևոր է նրա համար, քանի որ համոզված է՝ եթե կա մի բան, որի մասին ուզում ես հոգ տանել, անպայման պիտի նաև ջանքեր գործադրես, նվիրվես, որ փոփոխություն լինի։«Ես ինձ հպարտ եմ զգում, որ կարող եմ օգնել հիմնադրամին, քանի որ վստահ եմ, որ այն շատ է օգնում Հայաստանի զարգացմանը»,- ասում է արդեն մի քանի շաբաթ Հիմնադրամի աշխատանքային ռիթմին միացած Ամալյան,ապա ժպտալով ավելացնում.

Գիտեք, երևի ծիծաղելի կթվամ, բայց իրականում ես երբեք այսքան երկար ժամանակով տանից դուրս չեմ եկել։ Ու իմ ծնողները անհանգստանում էին, պնդում էին, որ այսքան երկար ժամանակով չգամ Հայաստան։ Բայց ես շատ երկար համոզեցի նրանց՝ վստահեցնելով, որ լավ գիտեմ՝ ինչ եմ անում, և շատ ոգևորված եմ «Իմ քայլում» աշխատելու հեռանկարով։ Եվ համոզեցի»:

13 Օգոստոսի, 2019