«ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր» ամառային դպրոցը՝ հմտություններ ձեռք բերելու նոր հնարավորություն

26 Հուլիսի, 2019
Այս տարվա հուլիսի 9-14-ը 83 դպրոցականներ Հանքավանի «Զեփյուռ» ճամբարում մասնակցեցին «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր» ամառային դպրոցին, որը կազմակերպել էր «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն։

Մասնակիցները Հայաստանի հանրակրթական դպրոցների՝ «ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր» մրցույթում (նախկինում՝ Պոեզիայի և ասմունքի ազգային մրցույթ) հաղթած 7-ից 12-րդ դասարանների սովորողներ էին:

«ԼԻՏ»-ը անգլերեն հապավում է (LIT), որը բացվում է որպես Leadership-Innovation-Technology (առաջնորդություն, նորարարություն, տեխնոլոգիա)։ Ամառային դպրոցի նպատակն է մասնակիցներին գիտելիքներ և հմտություններ փոխանցել ստեղծագործ մտածողության, բանավեճային մշակույթի, առաջնորդության, հանրային խոսքի, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ապագայի մասնագիտությունների վերաբերյալ։ Դասընթացները և վարպետության դասերը վարել են ոլորտի առաջատար մասնագետներ։

«Բոլորս վերադարձել ենք տուն նոր գաղափարներով, գիտելիքներով, փորձով ու հետաքրքիր, անմոռանալի հուշերով: Դա մի դպրոց էր, որտեղ ես ինքս բացահայտեցի իմ կարողությունները եւ իմ մեջ թաքնված հնարավորությունները, որոնք կարող եմ մոտ ապագայում գործի դնել: Դա մի դպրոց էր, որտեղ մենք դարձանք մի մեծ ընտանիք, շնորհակալություն բոլորից»,- դպրոցի ավարտից հետո ասել է մասնակից Հրայր Աղավելյանը Գորիսից:

Ամառային դպրոցը նպատակ ունի նաև զարգացնել մասնակից պատանիների անգլերենով հաղորդակցման հմտությունները և ամբողջությամբ իրականացվում է անգլերենով։ «83 ներկա երիտասարդներից 83-ը տիրապետում էին հիանալի անգլերենի։ Սա մեծ պոտենցիալ է մեր երկրի համար, որը պետք է օր օրի զարգացնել եւ մեր երկրում տարածել անգլերենի ուսուցումը, մեծացնել միջազգային փոխանակման ծրագրերը, նպաստել երիտասարդների ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորությունների զարգացմանը»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Շիրակի մարզի համակարգող Նարեկ Թութխալյանը։

Դպրոցի շրջանակներում մասնակիցները հյուրընկալել են ՀՀ ում առաքելություն իրականացնող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, ԱՄՆ խաղաղության կորպուսի, Ամերիկյան Համալսարանի, առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել են երեխաներին՝ նրանց հետ քննարկելով համագործակցային հետաքրքիր առաջարկներ:

«Ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ բան սովորեցնել Հայաստանի ամենապայծառ երեխաներին: Նրանք բոլորը շատ ինքնավստահ և տաղանդավոր էին տարբեր ոլորտներում, ինչպես օրինակ ճարտարապետության մեջ, երբ նկարում էին հրդեհային տարհանման ծրագրեր»,-ծրագրի ավարտին ասել էճարտարապետ Խաշա Պարրը Խաղաղության կորպուսից։

Դեռ անցյալ տարի դպրոցի կազմակերպիչների հրավերով ճամբար էր այցելել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահԱննա Հակոբյանը և վերադարձել մեծ տպավորությամբ։ Այս տարի արդեն Հիմնադրամը դպրոցի աջակիցների թվում էր։

«ԼԻՏ Ազդեցիկ Խոսքեր» ամառային դպրոցի իրականացմանն աջակցել են ԱՄՆ խաղաղության կորպուսը, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամը, «Իմ քայլը» հիմնադրամը, «Հաննա Հանթլի» հիմնադրամը, Focus on Children Now բարեգործական կազմակերպությունը:

26 Հուլիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: