«Լույսի մոլորակը»՝ Արցախում

15 Հուլիսի, 2019
Հուլիսի 13-ին «Իմ քայլը» հիմնադրամի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին հարակից պուրակում կայացավ «Լույսի մոլորակ» ծնողի ու մանկան կրթական փառատոնը՝ իր բազմազան կրթական ու ժամանցային ծրագրերի շուրջ համախմբելով ավելի քան 3000 ծնողների ու երեխաների:

Փառատոնը նպատակ ունի տեղեկատվություն ստանալու և ժամանցի հավասար հնարավորություններ ստեղծել սոցիալական տարբեր խավերի ծնողների և մանուկների համար, ինչպես նաև աջակցել հասարակության մեջ հատուկ խնդիրներով երեխաների և նրանց ընտանիքների ինտեգրմանը:

«Հանուն ավելի կիրթ և առողջ ապագայի» կարգախոսի ներքո փառատոնը միավորում է երեխաների խնդիրներով, նրանց առողջ ապրելակերպով, կրթությամբ, ժամանցով հետաքրքրված ու մտահոգ տարբեր անհատների ու կազմակերպությունների։ Առաջին հայացքից ժամանցային թվացող միջոցառումն իրականում խորքային նպատակներ ունի։ «Փառատոնը բովանդակային առումով շատ հարուստ է և շատ օգտակար, այն հրաշալի կերպով հաճելին համատեղել է օգտակարի հետ՝ հնարավորություն ընձեռելեով երեխաներին ժամանցի միջոցով ստանալ բազմաբնույթ գիտելիքներ»,- բացման արարողության ընթացքում ընդգծել է «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվել էին կավագործության, ռոբոտաշինության, կարպետագործության, նկարչության դասընթացներ, հեքիաթի և ընթերցանության անկյուն դերասանների հետ, ֆիզիկայի, քիմիայի և այլ բնագիտական առարկաների ինտերակտիվ անկյուններ, արվեստի անկյուն, մանկական թատերական ներկայացումներ և խաղեր: Իրենց տաղավարներով և նվերներով երեխաներին ներկայացել էին «Զանգակ» գրատունը, Նարեկացի արվեստի միությունը (Շուշի), «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանը, «Այբ» դպրոցը, Mind Center ապագայի մասնագիտությունների կենտրոնը, «Տերյան» մշակութային կենտրոնը, մենթալ թվաբանություն IQ կենտրոնը, Շուշիի սպորտդպրոցը, «Մեգա Թոյս» խաղալիքների խանութը, «Cityzen» մասնագիտությունների քաղաքը և այլ կազմակերպություններ։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկի, Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի, Բերձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ դպրոցի, Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի, Ասկերանի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի երեխաները։


«Լույսի մոլորակը» օգտակար հարթակ էր նաև արցախցի ծնողների համար։ Փառատոնի հիմնադիր և կազմակերպիչ «Creo Project Solutions» ընկերության հիմնադիր տնօրեն Մարիաննա Գալստյանը նշել է, որ փառատոնի նպատակը նաև ծնողների համար գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելն է։ Փառատոնի շրջանակներում կազմակերպված դասախոսությունները տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ տարաբնույթ թեմաների շուրջ էին՝ սկսած երեխայի սնուցումից մինչև երեխայի հատուկ կարիքներ և ներառական միջավայր։

«Լույսի մոլորակ» մոր և մանկան կրթական փառատոնի կազմակերպմանը մասնակցել էին նաև Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։

Այս փառատոնով «Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկեց իր գործունեությունը Արցախում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը նախատեսում է Հայաստանում իրականացվող իր բոլոր ծրագրերն իրականացնել նաև Արցախում: Փառատոնի ընթացքում Հիմնադրամի աշխատակիցներն իրականացրին նաև իրազեկման ակցիա «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի վերաբերյալ՝ մասնակիցներին բաժանելով բազմակի օգտագործման կտորե պայուսակներ տեղեկատու թերթիկներ պոլիէթիլենե տոպրակների վնասների մասին։

***

«Լույսի մոլորակ» փառատոնն այս տարվա մարտ ամսին կազմակերպվել էր Երևանում։ Նախատեսվում է այն դարձնել պարբերական՝ իրականացնելով նաև Հայաստանի մարզերում։


15 Հուլիսի, 2019