Սոնասար համայնքի մանուկները մանկապարտեզ գնալու հնարավորություն կունենան
Հուլիսի 14-ին մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու համար ժամանած հյուրերին սոնասարցի երեխաները դիմավորեցին աղուհացով, ասմունքով ու երգով: Արարողության ընթացքում Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին բարերարներին՝ կարևորելով կրթօջախների դերը բնակավայրերի կայացման ու զագացման գործում։
«Այսօր յուրահատուկ զգացողությամբ ենք բացում այս մանկապարտեզը, որն իրականություն դարձավ «Իմ քայլը» հիմնադրամի և գործընկերների ջանքերով։ Սա այն դեպքերից է, երբ համատեղելով մեր քայլերը՝ կյանքի ենք կոչել կարևոր մի նախաձեռնություն, և լեռնային մի քանի համայնքի մանուկները վերջապես մանկապարտեզ ունեն»,- բացման արարողության ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Սոնասարի մանկապարտեզը սպասարկելու է Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական գյուղական համայնքների 20 երեխաների։ Երեխաներից 8-ը Սոնասար գյուղից են (7 տղա և մեկ աղջիկ), 12-ը՝ մյուս երեք գյուղերից։ Մանկապարտեզի վերանորոգումն ու կահավորումը հնարավոր է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի, «ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ» կազմակերպության, ԱՍ ՀԿ-ի և Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության համատեղ ջանքերով։ «Անտարես» հրատարակչությունը մանկապարտեզին նվիրաբերել է 45 կտոր մանկական պատկերազարդ գրականություն։
****
Սոնասար գյուղն ունի պատմական անցյալ: Գտնվում է Հոչանց գետի աջափնյա բարձրադիր տարածքում՝ Ծ. Մ. մոտ 1350 մետր բարձրության վրա: Միջնադարում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ, հետագայում՝ Քաշաթաղ գավառի շեն բնակավայրերից: Ըստ Ստեփանոս Օրբելյանի հիշատակության՝ Սոնասար-Ձյունասարը Տաթևի վանքին տվել է 6 չափաբաժին հարկ: Հայաթափվել է 18-րդ դարակեսին՝ տարածքի մնացած հայկական բնակավայրերի հետ: Գյուղն ունեցել է սյուներով եկեղեցի, որը, ըստ ականատեսների, քանդել են 1930-ականներին: Ազատագրվել է 1993 թվականի գարնանը, վերաբնակեցվել 2 տարի անց: Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, մեղվաբուծությունը, հողագործությունը: Գյուղի դպրոցն այս տարածքում զոհված ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անունով է և ունի 17 աշակերտ, 8 ուսուցիչ։ Նոր ուս. տարում առաջին դասարան կընդունվի 2 երեխա: Կա ֆիզիկայի և օտար լեզվի ուսուցչի կարիք:
Այլ լուրեր

