«Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է Հայաստանի դասական երաժշտարվեստի երկարաժամկետ զարգացմանը

10 Հուլիսի, 2019
Հիմնադրամի և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվների միջև ստրագրված հուշագիրը ոլորտի զարգացման նոր հեռանկարներ է բացում։

Այսօր՝ հուլիսի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվները ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, հայաստանյան դասական երաժշտարվեստի կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարները։

Հուշագիրը ստորագրվեց 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կոլեկտիվների կարողությունների հզորացման և զարգացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության, երաժշտական զբոսաշրջության խթանման, միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիության մեծացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման միջոցով։

«Մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում «Իմ քայլը» հիմնադրամը 514 մլն 866 հազար դրամ է տրամադրել դասական երաժշտության խմբերին որպես հավելավճար: Բայց մեզ համար կարևոր է ոչ միայն նվազագույն խնդիրները լուծելը, այլ դրանք լուծելով հանդերձ՝ մեր առջև դնել շատ ավելի մեծ նպատակներ և հնարավորություններ ստեղծել, որ մենք կարողանանք այն, ինչ ունենք, աշխարհին ներկայացնել արժանվույն, այլ ոչ թե մեր խմբերը ստիպված լինեն ամսական աշխատավարձի խնդիր լուծել: Դա մեզ պատիվ չի բերում»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Նա վստահություն հայտնեց, որ հուշագրի շրջանակներում, եթե բոլորը կատարեն իրենց պարտավորությունները, կարճ ժամանակում դասական երաժշտությունը Հայաստանում բոլորովին նոր մակարդակի կբարձրանա:

«Այն որակը, որ մենք ունենք Հայաստանում իրավունք չունենք վարվել այնպես, ինչպես վարվել ենք երկար տարիներ, որովհետև սա մեր հարստություններից է, այն է, ինչ մենք պետք է վաճառենք աշխարհին, թանկ վաճառենք: Դրա համար մեծ ջանք է պահանջվում: Այստեղ հավաքվածները մինչև հիմա ինչի որ հասել են, հասել են սեփական աշխատանքի, նախաձեռնողականության շնորհիվ: Ըստ էության աշխատել են առանց աշխատավարձի, մինիմում ֆինանսական միջոցներով մաքսիմումն անելու ճանապարհով»,- ասաց Աննա Հակոբյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ասաց, որ հուշագրի ստորագրմամբ նախատեսում են դասական երաժշտական կոլեկտիվների համար միասնական առցանց հարթակ ստեղծել, որն առաջին հերթին հնարավորություն կտա հասանելի դարձնել դասական երաժշտության մասին տեղեկատվությունը ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան լսարանին:

«Ցանկանում ենք օգնել բոլորին իրենց մարքեթինգային և բրենդինգային կարողությունների զարգացման հարցում: Մեր օրերում շատ կարևոր է այս կամ այն կոլեկտիվի գործունեությունը ճիշտ փաթեթավորելն ու մատուցելը»,- շեշտեց Ղազարյանը՝ նշելով, որ դասական երաժշտարվեստի զարգացումը կարող է նպաստել նաև երկրի զարգացմանն ու հարստացմանը։

ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար և նշեց, որ բարեհաջող ընթացքի դեպքում ծրագիրը կարող է մոդել լինել այլ ոլորտների համար: Նա նախարարության լիակատար աջակցությունը հայտնեց ծրագրի իրականացմանը։

Դասական երաժշտության բարեկամներ ծրագրի շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է Կոմիտասի անվան ազգային քառյակին, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, Հայաստանի պետական կամերային նվագախմբին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, «Հովեր» պետական կամերային երգչախմբին, «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնին։ Նշվածներից բացի, հուշագրին միացել է նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Հուշագիրը ստորագրեցին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն ՀԿ-ի նախագահ Ստեփան Ռոստոմյանը։

«Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

10 Հուլիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: