Մխիթար Հայրապետյան (ծնված՝ մայիսի 15, 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արևելագետ, քաղաքական, հասարակական գործիչ, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ, «Ժողովրդավարական Հայաստան երիտասարդական կուսակցության» համահիմնադիր, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից, Հայաստանի Սփյուռքի նախկին նախարար,Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Կրթություն
2007 թվականին ավարտել է Երևանի N127 դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը։
2013 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
2012-2013 թվականներին եղել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերության և Ուսանողական խորհրդի անդամ։ Գիտական հոդվածի հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
2010-2017 թվականին հասարակական-քաղաքական գործունեությանը զուգահեռ աշխատել է մի քանի տեղական թերթերում` որպես Մերձավոր Արևելքի և, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ։
2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցացիա» կազմակերպությունը և մինչև 2015թ. ապրիլին իրականացրել կազմակերպության փոխնախագահի լիազորությունները:
2016 թվականի հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը։
Կուսակցական գործունեություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է։
2016 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում։
2016-2018 թվականներին եղել է ՔՊ Սփյուռքի հարցերով համակարգող։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ:
Թավշյա հեղափոխություն
Մխիթար Հայրապետյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2018 թվականին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանափոխությանը։
Նա Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի մարտի 31-ից Գյումրի քաղաքից քայլերթով հասել է Երևան, որտեղ ակտիվորեն մասնակցել հակաիշխանական բողոքի գործողություններին։ Իշխանափոխությունից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Սփյուռքի նախարար։
2018 թվականին Հայաստանում հակաիշխանական բողոքի գործողությունների մեկնարկը Գյումրիից քայլերթով սկսելու գաղափարը պատկանում է Մխիթար Հայրապետյանին։Մխիթար Հայրապետյանըայդ գաղափարի առաջացման ժամանակ ոգեշնչվել է երկու օրինակով՝ Հնդկաստանում և Թուրքիայում ընդդիմադիր գործիչների բողոքի գործողություններից։
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ինքն օգտվել է 1930 թվականին Հնդկաստանում «Աղի երթի» ընթացքում կիրառված տեխնոլոգիաներից, մասնավորապես, երբ Մահաթմա Գանդին սոցիալական հարցեր բարձրացնելու նպատակով 387 կմ քայլեց։ Նա երթը սկսեց 8 հոգով և ավարտեց 80 հազար հոգով։
Երկրորդ օրինակը Մխիթար Հայրապետյանը վերցրել է Թուրքիայի ընդդիմադիր առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուի 2017 թվականի քայլերթից, երբ նա քաղբանտարկյալների խնդիրը բարձրացնելու համար Անկարայից քայլեց Ստամբուլ։ Նա իր երթը սկսեց միայնակ և Անկարա մտավ շուրջ 300 հազար կողմնակիցներով:
Սփյուռքի նախարար
2018 թվականի մայիսի 11-ին նշանակել է սփյուռքի նախարար։2018 թվականի մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում երկօրյա այցով գտնվել է Վրաստանի Հանրապետությունում և մասնակցել պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններին, այցի շրջանակներում եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում և հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։
Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է Կիպրոսում։ Պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու ֆոտիսի հետ։
Հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Մխիթար Հայրապետյանը աշխատանքային այցով եղել է ԱՄՆ-ում, այցելել Լոս Անջելես, Նյու Յորք և Բոստոն քաղաքներ։ Հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական գործիչների ու հայկական համայնքի հետ։
Սեպտեմբերի 14-ին Մխիթար Հայրապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվել է Ֆրանսիայում:Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախարարը հանդիպում է ունեցել համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ։ Սեպտեմբերի 20-27-ը աշխատանքային այցով եղել է Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում:
2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան է, ով մեկնել է Հալեպ: Նախարարը աշխատանքային այցով եղել է Լիբանանում: Բեյրութում հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի և հայկական համայնքի հետ։
Այցելել է Եգիպտոս, որտեղ հանդիպել է Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:
Մեկ օրյա այցով եղել է Թեհրանում և հանդիպում է ունեցել բարձրաստիճան նախարարների հետ: ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է եղել:
2018 թվականին մի շարք սփյուռքագետների հետ խորհրդակցությամբ պատրաստվել է սփյուռքի քաղաքականության ռազմավարության մի փաստաթուղթ, որը սփյուռքի հետ հարաբերություններում հիմնովին նոր մոտեցումներ է առաջարկել:
2018 թվականին սփյուռքի նախարարությունն իրականացրել է մի քանի ծրագիր.
1. «Քայլ դեպի տուն»՝ 24 երկրից 400 մասնակից:
2. «Արի տուն» ծրագրի անցումային փուլեր՝ 16 երկրից 156 մասնակից:
3. Համահայկաական մշակութային փառատոն՝ 11 երկրից 405 մասնակից:
Պատգամավորական գործունեություն
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր:
Ընտանիք
Մխիթար Հայրապետյանը ունի եղբայր, ով հայտնի է Հայկ Ստվեր ստեղծագործական անվամբ և հանդիսանում է «Քաղաքացու երգը» ստեղծագործության հեղինակը։
Հետաքրքիր փաստեր
Հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի, Հայաստանում ֆուտբոլի գործկոմի և մի շարք այլ կառույցների հոգաբարձու անդամ: