«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» վարքային փոփոխության և իրազեկվածության բարձրացման արշավ

back line
Ավարտված
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 11 Դեկտեմբերի, 2018
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
date piker 31 Դեկտեմբերի, 2020
«Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության: Ծրագիրն ունի հետևյալ երկու բաղադրիչները՝ վարքաբանական էքսպերիմենտ և իրազեկվածության բարձրացման արշավ:

Իրավիճակը

Մարդու գործունեությունը տարբեր եղանակներով զգալիորեն վնասում է բնությանը: Այս համատեքստում ամենամտահոգիչ խնդիրներից է շրջակա միջավայրի` պլաստիկ թափոններով աղտոտվածությունը: Չնայած դրա նվազեցմանն ուղղված բազմաթիվ ծրագրերին, ռազմավարություններին, օրենսդրական կարգավորումներին՝ խնդիրն ահագնանում է, իսկ դրա բացասական ազդեցությունը՝ դառնում ավելի տեսանելի:

Պլաստիկ աղտոտվածությանը զգալիորեն նպաստում են պոլիէթիլենային տոպրակները: Այս ոլորտը Հայաստանում ևս մտահոգիչ է. վերջին 20 տարիներին Հայաստանում գոյացել է ավելի քան 100 հազար տոննա պլաստիկ աղբ:

Պլաստիկ աղտոտվածությունը նվազեցնելու Կառավարության քաղաքականության արդյունավետությունը պայմանավորված էսպառողի վարքագծի փոփոխությամբ: Հետևաբար, պլաստիկ աղտոտվածության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու վարքային փոփոխության խթանումը մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու կարևորագույն գործոններից են:


Հիմնական գործողությունները

Ծրագիրը նախատեսում է հետևյալ գործողությունները.

  • Մշակել և իրականացնել վարքաբանական էքսպերիմենտ՝ սպառողների կողմից պոլիէթիլենային տոպրակներ օգտագործելու շարժառիթները հասկանալու և ծրագրի հետագա գործողություններն առավելագույնս արդյունավետ իրականացնելու նպատակով:
  • Ծրագրի երկարաժամկետ ազդեցության համար մշակել և իրականացնել իրազեկվածության բարձրացման լայնամասշտաբ արշավ Երևանում և մարզերում: Արշավը կմշակվի ոլորտում մասնագիտացած այնպիսի կառույցների մասնակցությամբ, ինչպիսիք են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը և այլն:
  • Հիմնվելով վարքաբանական էքսպերիմենտի արդյունքների և ծրագրի քաղած դասերի վրա՝ մշակել ոլորտը կարգավորող քաղաքականության առաջարկների փաթեթ, որը կներկայացվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ վերջինիս օրենսդրական և քաղաքականության փաթեթը լրացնելու համար:

Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը

  • Վարքաբանական էքսպերիմենտի 6000 մասնակիցները կօգտագործեն բազմակի օգտագործման տոպրակներ (շուրջ 6 ամիս)։
  • Ծրագրի շրջանակներում կբաժանվի ևս 4000 կտորից պայուսակ։
  • Ավելի քան 10000 մարդ կտեղեկանա պլաստիկ աղտոտվածության վնասների մասին։
  • Թեմայի վերաբերյալ կպատրաստվի առնվազն 4 սոցիալական հոլովակ։
  • Կմշակվի վարքաբանական էքսպերիմենտի արդյունքներն ամփոփող զեկույց։
  • Կմշակվի քաղաքականության առաջարկների փաթեթ։
  • Տեքստիլ բիզնեսում աշխատող ՓՄՁ-ները կունենան կտորից պայուսակ արտադրելու հավելյալ պահանջարկ:
  • Շրջակա միջավայրում կնվազի պլաստիկ թափոնը։
  • Կնպաստենք բնապահպանական բարձր գիտակցությամբ օժտված սերունդ ունենալուն։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից:


Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` Ծրագրի «Իրազեկվածության բարձրացման արշավ» բաղադրիչում եղել են փոփոխություններ. մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին բաժանվել են դեռահասներին։

ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 01 Հունիսի, 2021
Պաշտպանված երեխաներ՝ պաշտպանված մոլորակում (տեսահոլովակ)
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում ենք բոլոր երեխաներին։ Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև մեր ապագայի պաշտպանները։ Դիտեք հոլովակը՝ կհամոզվեք։
news-listing-img
date piker 19 Սեպտեմբերի, 2020
Անկախության տոնին ընդառաջ մաքրապատման աշխատանքներ Վանաձորում
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում իրականացրեց մաքրապատման միջոցառում:
news-listing-img
date piker 17 Օգոստոսի, 2020
Թափոնների կառավարման սեմինար Լճաշենում
ՔԱՅԼ հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» վարքային փոփոխության և իրազեկվածության բարձրացման արշավի ծրագրի շրջանակներում օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզում՝ Լճաշենի մշակույթի տանը, թափոնների կառավարման վերաբերյալ սեմինար անցկացվեց: