Նախադպրոցական կրթական հաստատությունների վիճակի բարելավում
Իրավիճակը
Արձանագրելով մարզային մանկապարտեզների հանդեպ առավել մեծ հոգածության և ուշադրության կարիքը՝ «Իմ քայլը» հիմնադրամն աջակցել է Հայաստանի մի քանի համայնքների մանկապարտեզների բարեկարգմանը (այդ թվում՝ հիմնանորոգմանը) և կահավորմանը։
Հիմնադրամը գործընկերություն է հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների (Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն, «Ֆոքյուս օն չիլդրըն նաու» և այլն), մասնավոր հատվածի («Անտարես հոլդինգ» ՍՊԸ, «Վեգա» ՍՊԸ, «Պրոֆ Ալ» ՍՊԸ, «Վեբբ Ֆոնտեն Հոլդինգ» ՍՊԸ և այլն), ինչպես նաև պետական կառույցների հետ։
Այս մոտեցումը լիովին արտացոլում է Հիմնադրամի այն փիլիսոփայությունը, որ միայն գործընկերություններ ստեղծելու և ռեսսւրսները համատեղելու ճանապարհով կարելի է արդյունավետորեն հասնել ընդհանուր նպատակներին:
Արդյունքները
4 մարզային համայնքների երեխաներն արդեն իսկ հաճախում են բոլորովին նոր վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ։
Դեբեդավան. Տավուշ մարզի Դեբեդավան գյուղի միակ մանկապարտեզը քառամյա ընդմիջումից հետո վերաբացվել է 2019 թ. օգոստոսի 30-ին։ Համայնքի 30-ից ավելի երեխաներն այժմ հաճախում են մանկապարտեզ:
Մեծ Պարնի. Լոռի մարզի Մեծ Պարնի գյուղի նոր մանկապարտեզը կահավորվել է 60 մանկական մահճակալով, սեղաններով, զգեստապահարանով, խոհանոցային սեղաններով ու դարակներով. երեխաներն ունեն նաև նոր խաղահրապարակ։
Արմավիր. Արմավիր մարզի Արմավիր գյուղի մանկապարտեզը վերանորոգվել է և կահավորվել. այն ծառայում է շուրջ 60 երեխայի։
Սոնասար. 2019 թ. վերանորոգվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղ շրջանի Սոնասար գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 20 երեխա Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական գյուղերից։
Մեղրի համայնքի ընթացիկ ձեռնարկումը
Մեղրի համայնքի ծնողներն ու երեխաները սպասում են համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգմանն ու արևային մարտկոցով զինմանը 2020 թ.։
Մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել 1987-1988 թ., և վերջին 30 տարիներին ենթարկվել է միայն մասնակի բարեկարգման: Ծանոթանալով առկա վիճակին՝ «Իմ քայլը» հիմնադրամը Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ և պետական աջակցության ծրագրի ներգրավմամբ նախաձեռնել է մանկապարտեզի շենքի կարիքների գնատումը (ներառյալ սեյսմիկ կայունության), հիմնանորոգումն ու վերանորոգումը՝ նպատակ ունենալով համայնքին ապահովել ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող նախակրթարանով:
Արձանագրված խնդիրները
Ստորև մասնակիորեն թվարկված են կարիքների գնահատմամբ արձանագրված խնդիրները.
- թույլ սեյսմակայունություն, պատերի խոր ճեղքեր,
- վթարային ջրահեռացման համակարգ, արդյունքում՝ խոնավ պատեր, հատակ, առաստաղ և կտուր,
- վթարային կոյուղացում,
- վթարային էլեկտրական ցանց:
Ծրագրված և կատարված աշխատանքը
Ներկայումս մանկապարտեզում ընթանում են հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախատեսված է հետևյալը.
- շենքի սեյսմակայունության և երկրաբանական վիճակի գնահատում (ավարտված),
- շենքի ամրացում, այդ թվում՝ ստորերկրյա ջրերի մեկուսացում (ավարտված),
- շենքի արդիականացման համար անհրաժեշտ ճարտարապետական դիզայնի մշակում (ավարտված),
- շենքի վերանորոգում, մասնավորապես՝ պատերի ամրացում, ջրախողովակների և էլեկտրական գծերի անցկացում, կտուրի և առաստաղի վերանորոգում և այլ հարակից աշխատանքներ (նախապատրաստական փուլ),
- արևային մարտկոցների հատկացում և տեղակայում՝ շենքը էլեկտրականությամբ և տաք ջրով ապահովելու նպատակով (մեկնարկը նախատեսվում է հիմնանորոգումից հետո):
Ակնկալվող արդյունքները
Մեղրի համայնքի հիմնանորոգված և վերազինված մանկապարտեզը կունենա ընդլայնված կարողություններ՝ սպասարկելու շուրջ 300 երեխայի (նախկինում կարող էր ընդունել 205 երեխա), ինչը ծնողներին հնարավորություն կտա աշխատելու և ներգրավվելու այլ սոցիալական նախաձեռնություններում՝ միաժամանակ աշխատատեղ ապահովելով համայնքի նախադպրոցական կրթության մասնագետների համար:
Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ՝ մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակում 2020 թ. մանկապարտեզի շենքը կզինվի արևային մարտկոցով և արևային ջրատաքացուցիչով, ինչը կապահովի ծրագրի՝ ժամանակակից և բնապահպանական բոլոր նորմերին համապատասխան ավարտը: