Սահմանամերձ գյուղերից և Արցախից 500 երեխաներ իրենց օրը նշեցին Երևանում
Մայիսի 31-ին երեխաների առաջին կանգառը եղել է «Երևան մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնը, որտեղ նրանք դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Կինոդիտումից հետո երեխաների մի խումբն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ նրանք շրջել են կենտրոնով, ծանոթացել նորարարական տեխնոլոգիաներին և մասնակցել հատուկ դասընթացի։ Մեկ այլ խումբ այցելել է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու նրբությունները։ Օրվա հերոսների մեկ այլ խումբ այցելել է Երևանի ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանի, Ռումյան Հովսեփյանի և Մ19 տարեկանների հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ և ստացել ֆուտբոլիստների մակագրությամբ գնդակներ։ Մի խումբ աղջիկների ժամանցն էլ կազմակերպվել է Երևանի կենդանաբանական այգում։ Երեխաների խմբերը շրջայց են կատարել նաև Հանրային հեռուստաընկերության և «Շանթ» հեռուստաընկերության նկարահանման տաղավարներում, շփվել դերասանների և հաղորդավարների հետ։ Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն։
Երկրորդ օրը՝ հունիսի 1-ին, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը սիրով ընդունել է երեխաների երկրորդ խմբին, այս անգամ՝ Արցախից։ Երեխաների մի խումբ հանդիպել է «Եղիր պատրաստ» հաղորդման վարող Սարգիս Բազինյանի հետ, մեկ այլ խումբ այցելել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա և հանդիպել հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Երրորդ խումբն էլ այցելել է«Ֆոտո Ատելիե Մարաշլյան» և լուսանկարվել հայկական տարազներով: Երեխաներն այցելել են նաև «Մատենադարան», «Մանկան» արտադրամաս, զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, Հանրապետության հրապարակում և Կասկադում: Հունիսի 1-ին նույնպես երեխաների խմբերն այցելել են «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն, «ԿինոՊարկում» մուլտֆիլմ դիտել։
Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար։
Այլ լուրեր


