Ամփոփելով «Ուրվականը». արդյունքներ, արձագանքներ, նպատակներ

22 Մայիսի, 2019
Մայիսի սկզբին «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ նորագույն մշակույթի «Ուրվական» փառատոնը, որի մասին մինչ այսօր էլ խոսում է բազմազգ լսարանը։ Փառատոնի երեք օրերի ընթացքում շուրջ 3000 հոգուց բաղկացած լսարանը, որից ավելի քան 1000-ը հատուկ փառատոնի համար Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ, հնարավորություն ունեցավ վայելելու փառատոնի հագեցած ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացման համերգից մինչեւ Մանկական երկաթուղու երեք հարթակներն ու «Միրզոյան» գրադարանի գիշերային ծրագիրը։

Փառատոնի ծրագրում ներառված էր ինչպես տարբեր ձեւերի ու ժանրերի երաժշտություն՝ ավանգարդ ջազից մինչեւ էլեկտրոնային ու հիփ-հոփ, այնպես էլ թվային արվեստ, սթրիթ-արթ եւ քաղաքային միջավայրի ու քաղաքաշինական պլանավորման վերաբերյալ քննարկումներ։ Ավելի քան 80 անհատ արտիստներ և երաժիշտներ 22 երկրից՝ սա անվիճելիորեն միջազգային ընդգրկում է, ինչը վստահություն է տալիս, որ «Ուրվականը» մշակութային իրադարձությունների համաշխարհային քարտեզի նշանակալի իրադարձություններից է դառնալու։

Ինչո՞ւ Ուրվական

«Նախորդ տարի դեկտեմբերին ընկերներով հանպատրաստից որոշում կայացրինք Մոսկվայից մի քանի օրով գալ Երևան։ Այդ օրվանից հետո, գրեթե, չենք եղել Ռուսաստանում։ Ճանապարհորդությունից հետո մեր կյանքն իսկապես փոխվեց։ Շատ էինք տպավորվել, բայց ի սկզբանե միտք չունեինք նման մասշտաբի ինչ-որ բան անել։ Շրջեցինք մայրաքաղաքով, մարզերով, այդ ընթացքում ուշադրություն էինք դարձնում տեղի կառույցներին և նկատեցինք, որ չնայած ճարտարապետական հետաքրքրությանը, դրանք վերածվել են ուրվականների։ Դրանք վայրեր էին, որտեղ տարիներ առաջ կյանքը եռացել է, մարդկանց ապահովել են աշխատատեղերով, իսկ հիմա դատարկ պատերից, փոշոտ պատուհաններից բացի, գրեթե, ոչինչ չի մնացել։ Այդ էմոցիոնալ իրավիճակից ելնելով ծագեց «Ուրվական» խորագիրը, և որոշեցինք կազմակերպել մի փառատոն, որով կփորձենք կյանք հաղորդել նման վայրերին, մեր չափով խթանել զբոսաշրջության զարգացմանը»,- ասում է փառատոնի համահիմնադիր Համլետ Մովսիսյանը։

Ընթացքը

Օր 1։ Փառատոնը մեկնարկեց մայիսի 3-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրային լքված տարածքների և այդ համատեքստում քաղաքացիների վարքի վերաբերյալ կլոր-սեղան քննարկմամբ։ Քննարկումը վարեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Ուրբանլաբի» ներկայացուցիչները: Քաղաքաշինության փորձագետները և ճարտարապետները քննարկեցին զարգացման նոր ռազմավարությունները և միջամտությունները:

Համերգային ծրագիրը նույնպես սկսվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում. «...խելահեղ պարսկական ելևէջներով էթնո-ֆոլկ-էլեկտրո կատարում․ Արաշ Բոլուրին ու Բեհրուզ Պաշաին նվագում էին, Թարիկ Բարին կախարդում էր մէծ էկրանին։ Այո, Արամ Խաչատրյան Համերգասրահում՝ էլեկտրոնային երաժշտություն էր»,- գրում է evnmag.com-ը։

Օր 2։ «Երկրորդ օրը հագեցած էր, բոլորս գնում էինք երկաթուղի, բայց մեզնից շատ քչերը գիտեին, թե ինչ է մեզ սպասվում։ Մանկական երկաթուղին բաժանվել էր երեք կողմերի՝ Dambaran Stage, Vagon Stage ու Tunel, էքսպերիմենտալ երաժշտությունն ու էլեկտրոնիկան ՝ անպակաս։
Չնայած որ սարսափելի անձրև սկսվեց, մարդիկ հանեցին տոպրակներն ու անձրևանոցները, պինդ կապեցին կոշիկներն ու սկսեցին պարել» (evnmag.com

Օր 3։ «Wolfram, Mujuice, Mamba, mveq, Garage Records, Hov LIVE։Վերջին օրն էր, արև էր ու մանկական երկաթուղի ավելի խաղաղ ու բարի տեսք երբեք չէր ունեցել։ Մարդիկ Ուրվականներ էին, նույնիսկ երբ փառատոնին չէին։ Քաղաքի կենտրոնում ձեռքներին սպիտակ ժապավեններ կապած Ուրվականներ, որ սպասում էին արտիստներին ու շարժվում երաժշտության հետ» (evnmag.com

Փառատոնի 3-րդ օրը՝ մայիսի 5- երեկոյան, Մանկական երկաթուղում փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ուրվական» փառատոնի համակազմակերպիչ Համլետ Մովսիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը շրջել է Մանկական երկաթուղու տարածքում գործող երաժշտական տաղավարներով, շփվել փառատոնի մասնակիցների և հյուրերի հետ:

Նպատակներ

Երաժշտական զբոսաշրջության խթանումից զատ, փառատոնի առանցքային նպատակներից են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, ինչպես նաև իրազեկվածության բարձրացումը, մշակութային/քաղաքաշինական ժառանգության պահպանությունն ու վերակենդանացումը եւ բնակչության ստեղծական ներուժի իրացումը։Այս համատեքստում, մասնավորապես փառատոնի շրջանակներում մաքրվեց Մանկական երկաթուղու տարածքը, մասնակիորեն վերականգնվեց երկաթուղու «Հայրենիք» կայարանը, բարեկարգվեց զբոսայգին։ «Climate Uturn» կազմակերպության կողմից տեղադրվեցին արեւային մարտկոցներ, որոնք փառատոնի համար ծառայեցին որպես էլեկտրաէներգիայի աղբյուր»։ Կազմակերպվեց նաև թափոնների առանձնացված հավաքում։

Միջազգային համադրողների, արտիստների եւ հյուրերի ուշադրությունը գրավեց հայաստանյան նորագույն էքսպերիմենտալ երաժշտությունը։ «Ուրվականը» նախատեսում է ծրագրեր իրականացնել համաշխարհային հարթակում հայկական նոր երաժշտության առաջխաղացման ուղղությամբ։ Հայաստանից այս անգամ մասնակցում էին FIX-ը, որը «Բամբիռ» խմբի նախագիծն է, «Թմբաթա» էթնիկ ռոք խումբը, «Ջրիմուռմուռ» դուետը։

Արձագանքներ

Սեդա Գրիգորյանը՝ «Ստեղծագործ Եվրոպա Հայաստան» գրասենյակի ղեկավար, վավերագրող ռեժիսոր, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արժե՜ր, արժե՜ր հավատալ, որ մեր մոտ էլ կլինի էսպիսի բան ) Ուրվականը երեկ լրիվ ուրիշ Երևան բացեց էս թունելից այն կողմ՝ ազգեր, լեզուներ, ռիթմեր, ձայներ, հոտեր... որ եթե ծանոթ դեմքեր չտեսնեի, կմտածեի՝ եվրոպական ինչ֊որ փառատոնում եմ։

...Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին ու «Իմ քայլը» հիմնադրամին՝ էս տոնը մեզ բերելու համար, շատ-շատ եմ սպասելու, որ դառնա ամենամյա փառատոն։ Վստահ եմ՝ տարածաշրջանում արդեն բավականին աղմուկ է արել ու մյուս տարի շատ ավելի մեծ հաջողություն կունենա»։

Փառատոնին անդրադարձել է նաեւ կինոգետ, «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը՝ իր էջում պատկերավոր ներկայացնելով ունկնդիրների տպավորությունները։

«Ազատություն» ռադիոկայանի «Արվեստ» հաղորդաշարը «Ուրվականի» մասին։

Ավելին՝ https://mystep.foundation/hy/news/321/

22 Մայիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: