Աննա Հակոբյանը հյուրընկալել է Կանադայում ՀՀ պատվո հյուպատոս Վան Լապոյանին
Հանդիպմանը մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը: Վան Լապոյանը խնդրել է մանրամասն ներկայացնել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը՝ շեշտելով, որ Կանադայում բազմաթիվ հայ գործարարներ ցանկություն ունեն իրենց մասնակցությունն ունենալ հիմնադրամի ծրագրերում: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամի ուղղությունները լայն են և ընդգրկուն:
«Հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Մեր նպատակն է երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասնել լուրջ փոփոխությունների, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, փոխել մտածելակերպը»,- ասել է Հովհաննես Ղազարյանը՝ մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեության ուղղությունները:
Վան Լապոյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի հիմնական ուղղությունները: Ղազարյանը ասել է, որ ծրագիրն իրականացման փուլում է և հիմնական նպատակն է հասարակության լայն զանգվածների շրջանում հասնել վարքագծի փոփոխության, որ մարդիկ հրաժարվեն պոլիէթիլենե տոպրակներ կիրառելուց:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր: