Աննա Հակոբյանը և Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչներին
Հանդիպմանը Աննա Հակոբյանին ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մհեր Մարգարյանը:
ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Արդա Հարությունյանը ներկաներին ներկայացրել է Աննա Հակոբյանի գործունեությունն ու այն ծրագրերը, որոնք նա իրականցնում է որպես վարչապետի տիկին և որպես երկու հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ ուրախությամբ է ընդունել հանդիպման առաջարկն ու մեծ ոգևորությամբ ցանկանում է ներկայացնել ոչ միայն հիմնադրամների ծրագրերը այլև ԱՄՆ այցից ստացած տպավորությունները: Նա շեշտել է, որ այցը շատ կարևոր էր և հաջողված:
Նույն օրը Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին: Հանդիպմանը նրան ուղեկցել են Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Հայր Դանիել վարդապետ Ֆնդիկյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Մհեր Մարգարյանն ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Հիմնադրամների գործունեության թափանցիկության վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ բաց ու թափանցիկ աշխատելը սկզբունքային հարց է:
«Ինձ համար պատվի հարց է, որ հիմնադրամի յուրաքանչյուր լուման իր նպատակին ծառայելու կոչումը երբեք չստվերվի։ Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ինձ համար չափազանց կարևոր է, և հիմնադրամների ստեղծման առաջին իսկ օրվանից մեր սկզբունքն է եղել լինել բաց ու թափանցիկ»,- ասել է Աննա Հակոբյանը:
Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին:
Հանդիպման այլ մանրամասների մասին՝ https://bit.ly/2ZbVIcJ
Այլ լուրեր


