Մշակույթի ՊՈԱԿ-ները ձեռք բերեցին արվեստի կառավարման նոր հմտություններ

30 Հունիսի, 2021
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագրի 1-ին փուլի արդյունքում շահառուները ձեռք բերեցին ռազմավարական կառավարման, ֆոնդահայթայթման, նորարարական և ինստիտուցիոնալ մարքեթինգի, միջազգային համագործակցության հմտություններ։

2020 թ․ ապրիլին մեկնարկած ծրագիրն իրականացվում է «Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» ՀԿ-ի կողմից և նպատակ ունի մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ) փոխանցել ֆոնդահայթայթման կարողություններ և մշակութային նորարարական պրոդուկտներ ստեղծելու ու հանրության շրջանում դրա ճանաչելիությունը բարձրացնելու հմտություններ:

Ծրագրի հիմքում ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված՝ մշակույթի ՊՈԱԿ-ների վիճակի գնահատումն է, որը վերհանել էր ոլորտում օրենսդրական փոփոխությունների և հաստատությունների կարողությունների զարգացման հիմնարար կարիքները։

Առաջին կարիքի հասցեագրման նպատակով մշակվել և ԿԳՄՍ նախարարությանն է ներկայացվել օրենսդրական փոփոխությունների առաջարկների փաթեթ, իսկ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի աջակցությամբ մեկնարկած «Արվեստի կառավարում. կարողությունների զարգացում» ծրագիրն ուղղված է երկրորդ կարիքի բավարարմանը։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից, որոնցից առաջինն ամփոփվեց այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին անցկացված կարողությունների զարգացման դասընթացով։ 18 ՊՈԱԿ-ների շուրջ 35 ներկայացուցիչներ մասնակցեցին 6 դասախոսության, որոնք համակարգում էր «Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» ՀԿ֊ի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը։ «Միջազգային համագործակցություն» թեմայի շրջանակներում դասընթացի մասնակիցները հանդիպեցին «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) կազմակերպության ներկայացուցիչներին։

Ներկայումս ընթանում է Ծրագրի 2֊րդ փուլը, որը ներառում է ՊՈԱԿ-ների հետ անհատական աշխատանք՝ յուրաքանչյուրի զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ։

Ծրագրի վերջին փուլով նախատեսվում է ՊՈԱԿ-ների աշխատանքի գնահատման որակական և քանակական ցուցանիշների մշակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

30 Հունիսի, 2021