Հանդիպում Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող հայ ուսանողների հետ

06 Ապրիլի, 2019
Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել հայազգի ուսանողներին և պրոֆեսորներին:

Պրոֆեսորներ Արեգ Դանագուլյանը, Լեռնա Էքմեքչիօղլուն և «Քլարկ» համալսարանի ցեղասպանությունների և Հոլոքոստի ուսումնասիրությունների «Սթրեսլեր» կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը առանձին քննարկում են ունեցել Աննա Հակոբյանի հետ, ներկայացրել հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ: Պրոֆեսորները նկատել են, որ Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը շատ լավ օրինակ է, որ այսօր Հայաստանում հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում հայ կանանց ներգրավվածությունը մեծանա:

Ավելի ուշ Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում սովորող շուրջ երեսուն հայ ուսանողներին: Վերջիններս ներկայացրել են իրենց ուսումնառության ոլորտները և պատկերացումները, թե ինչպես կարող են ուսումն ավարտելուց հետո իրենց գիտելիքներով և փորձով օգտակար լինել երկրին: Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք «Իմ քայլը» հիմնադրամն էլ կդադարեցնի ծրագրերը, ինչպես «Լույս» հիմնադրամը, եթե մի օր Հայաստանում դարձյալ իշխանափոխություն լինի, Աննա Հակոբյանը պատասխանել է, որ իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության շարունակականությունն իր առաջնահերթություններից մեկն է:

«Ես հիմնադրամի շնորհանդեսին էլ եմ հայտարարել, եթե ապագայում իմ ամուսինը չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամների գործունեությունը կփոխանցեմ Հայաստանի հաջորդ ղեկավարի տիկնոջը, որպեսզի սկսված ծրագրերը չկանգնեն»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության ուղղությունները: Ուսանողներն էլ ներկայացրել են իրենց առաջարկություններն ու համագործակցության մի շարք ծրագրեր:

Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Ջորջ Դալեյը: Հարվարդի համալսարանի ուսանողների հետ կապերի ղեկավար Ռոզա Սոլերի և բժշկական դպրոցի դասախոս Ֆիդենսիո Սալդանայի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կրթության մատուցման նոր մեթոդներին:

Աննա Հակոբյանն այցելել է նաև Հարվարդի համալսարանի բժշկական քոլեջին կից հետազոտական լաբորատորիա: Լաբորատորիայի տնօրեն, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Արա Նազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել լաբորատորիայի բժիշկների կատարած նորարարական հետազոտությունները:

06 Ապրիլի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Նոյեմբերի, 2021
Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
news-listing-img
date piker 24 Հուլիսի, 2020
Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:
news-listing-img
date piker 05 Դեկտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում. Աննա Մաթևոսյան
«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։