Տեղի ունեցավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը
Մարտի 23-ին «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմքայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարության, Վորլդ Վիժն Հայաստանի և Հայաստանի նեոնատալ բժշկության ասոցիացիայի մասնակցությամբ: Կազմակերպիչը «Բուս Ռում» ընկերություն է:
Թմբուկների զարկերի ներքո ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Հյուրերին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ նշելով,որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
«Կարևոր է գրագետ լինել, կարևոր է մասնագետների հետ քննարկել և երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջության թեմային վերաբերվել իսկապես գրագետ և իսկապես մասնագիտական մոտեցմամբ։ Ինչի համար հնարավորություն է ստեղծում հենց այս հարթակը»,- ասաց Աննա Հակոբյանը:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, նշեց, որ այն հնարավորություն կտա ծնողներին տեղում, անմիջապես մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
«Ես շատ ուրախ եմ, որ մյուս մեր գործընկեր կազմակերպությունների հետ մաս ենք կազմում այս միջոցառմանը և ցույց ենք տալիս ծնողներին, թե ինչպիսի հնարավորություններ գոյություն ունեն երեխաներին ավելի մեծ հոգատարություն ու խնամք ապահովելու համար»,- ասաց Տանյա Ռադոչայը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը նշեց. «Սա իսկապես եզակի միջոցառում է օգտակարը հաճելիի հետ համադրելու համար: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեծ սիրով միացել է այս օգտակար ու բարի նախաձեռնությանը՝ կարևորելով նպատակը, այնէ՝ հանուն ավելի կիրթ ու առողջ ապագայի: Ամեն ինչ արվել է, որ օրը տոն դառնա յուրաքանչյուր մասնակցի համար»:
Միջոցառման համակազմակերպիչ «Բուս Ռում» ընկերության տնօրեն Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը:
Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառեց մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների և երեխաների հետ աշխատող մասնագետների համար: Ներկայացվեց 12 ինտերակտիվ դասախոսություն, այդ թվում հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանի, մոր և մանկան առողջության պահպանման և ծննդօգնության հարցում պետության դերի, երեխայի զարգացման և կարիքների բացահայտման, դեռահասների հոգեբանության և այլ թեմաներով։ Զեկուցողների թվում էին ՀՀ առողջապահության նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի, Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներ, տարբեր կլինիկաների և բուժհաստատությունների հեղինակավոր մասնագետներ։
0-14 տարեկան երեխաները մասնակցեցին բազմաբովանդակ կրթական-ժամանցային ծրագրի, այդ թվում` ավելի քան 30 բաց դասերի` նկարչություն, մենթալ թվաբանություն, ասեղնագործություն, բատիկա, տիկնիկագործություն, քիմիա, ֆիզիկա, գիտափորձեր, ռոբոտաշինություն, յոգա, այլն: Փոքրիկների հետ հեքիաթներ ընթերցեցին Սոնա Վերդյանը, Մարջան Ավետիսյանը, Ալլա Լևոնյանը, Հրանտ Թոխատյանը և Նարեկ Սարգսյանը: «Նե-ի ճանապարհորդությունը» տիկնիկային ներկայացմամբ հանդես եկավ UNIMA-Հայաստանի «Կարապետ» տիկնիկային թատրոնը` Արմեն Սաֆարյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսային հատվածում ներկայացված էր ավելի քան 50 կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը ամբողջ օրվա ընթացքում անցկացրեց բաց դասերի շարք և խորհրդատվություն ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար:
Ընդհանուր առմամբ, ընդամենը մեկ օրում միջոցառումն ունեցավ ավելի քան 10 հազար այցելու: