Արթիկը, կամավորներն ու բացօթյա կինոդիտումների երազանքը
Աշխատակիցները շատ ոգևորված են, որ հարյուրավոր մշակույթի տներից հենց իրենց մշակույթի տունը հայտնվեց շահառուների տասնյակում. «Մեզ ընձեռվել է հնարավորություն մասնակցել ծրագրի դասընթացներին: Սա ինչ-որ տեղ պարտավորեցնող է, որ ծրագրից կարողանանք հնարավորինս շատ օգտակարություն քաղել, ստանալ նոր գիտելիքներ ու հմտություններ», - նշում է մշակույթի տան փոխտնօրեն Հասմիկ Բարսեղյանը:
Աշխատակիցների խոսքերով դասընթացները հետաքրքիր են և բազմաբովանդակ, իսկ դասընթացավարները յուրաքանչյուր նոր նյութ մատուցում են մատչելի և եռանդով:
Ծրագրի շնորհիվ մշակութային տների միջև ձևավորվեց յուրահատուկ գործընկերային ցանց՝ նոր ծանոթություններ, մտքերի ու փորձի փոխանակում. «Հասկացանք, որ յուրաքանչյուր տարածաշրջանի մշակույթի տուն ունի իր առանձնահատկությունները, մենք տարբեր ենք, բայց նաև ունենք շատ ընդհանրություններ», - նշում են Արթիկի մշակույթի տան աշխատակիցները:
Կենտրոնի կյանքում նորություն էր հատկապես կամավորների հետ համագործակցելու մշակույթը, նրանց ներուժի ներգրավման փորձը: Մշակույթի տանը հուսով են, որ կամավորները նոր շունչ ու ակտիվություն կբերեն, կդառնան անկաշկանդ, ստեղծագործ պատանիներ և կհամալրեն իրենց շարքերը: Երիտասարդներն էլ իրենց հերթին անգնահատելի են համարում ավագ խորհրդատուների, ոլորտի գիտակների խրախուսանքն ու օգնությունը բոլոր առումներով։
«Ըստ կարծրատիպի կամավորությունը ժամանակի անիմաստ վատնում է, անվարձահատույց ու չգնահատվող աշխատանք։ Սակայն, կամավորությունը դարերի պատմություն ունի, այն նվիրում է, հոգատարություն, նույնիսկ՝ անձնազոհություն։ Հիմնադրամի ծրագրով բարձրացել է մեծ ալիք: Այժմ ունենք թիմ, նախաձեռնությունների ծրագիր։ Խմբում ընդգրկված են շնորհալի սցենարիստներ, ծրագրային և տեխնիկական մաս ապահովողներ, բեմի և տարածքի ձևավորողներ, մեդիա ոլորտի պատասխանատուներ։ Խմբի յուրաքանչյուր անդամ իր պատասխանատվությունն ունի ամբողջ թիմի առջև: Բոլորս ոգևորված ենք և շատ ծրագրեր ունենք մշակույթի տունը ժամանակակից շնչով հագեցած կրթօջախ դարձնելու նպատակով», - անկեղծանում են կամավորներից Ստելլան ու Արենը։
Բացի մշակութային ոլորտին վերաբերող հարցերից՝ խումբը նախատեսել է օգտակար լինել ներառական կրթության ոլորտում ընդգրկված անձանց, ինտեգրել շրջապատին, կյանքին, առօրյային։ Ընդհանրապես հոգատարությունը նկատելի է նաև շենք-շինությունների հանդեպ: Օրինակ, Արթիկի մշակույթի տունն աչք շոյող կոկիկությամբ ու խնամվածությամբ հուշում է, որ հոգատար ձեռքերում է. «Շենքի մուտքից արդեն ակնհայտ է, որ նրա հանդեպ հոգ են տանում, աշխատակիցները սիրում են իրենց աշխատանքն ու նվիրումով են մոտենում իրենց գործին», - պատմում է Հիմնադրամի ծրագրերի գծով օգնական Աննա Մաթևոսյանը:
Ինչպես մշակույթի տանը, այնպես էլ ողջ համայնքում մեծ սպասումներ ունեն Հիմնադրամի ծրագրից, նրանք ձգտում են բարելավել մշակույթի տան գործունեությունը, ցանկանում են տեխնիկական վերազինում ստանալ, որ ավելի արդյունավետ դարձնեն իրենց աշխատանքն ու նոր գաղափարներ իրագործեն: Համայնքային երազանք է մշակույթի տան բակում բացօթյա կինոդիտումներ ունենալու հնարավորությունը:
«Այս ամենի շնորհիվ կապահովենք մեր համայնքի պատանիների, երիտասարդների, առհասարակ համայնքի զբաղվածությունը, ժամանցը: Հիմնադրամի և Արթիկի համայնքապետարանի աջակցությամբ ցանկանում ենք՝ Արթիկը դարձնել երիտասարդներին կանչող և պահող քաղաք, որ երիտասարդությունը չթողնի, չլքի իր հայրենի քաղաքը, այլ ինքն էլ մնա և շարունակի շենացնել, զարգացնել իր ծննդավայրը», - եզրափակում է տիկին Բարսեղյանը:
Այլ լուրեր

