Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի ջանքերով և Հիմնադրամի նվիրատուներից ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար, արմատներով Վարդենիկ գյուղից Արթուր Այվազյանի միջոցներով Գեղարքունիքի մարզի երկու բժշկական կենտրոններ հարստացան COVID-19-ի համավարակի դեմ պայքարում խիստ անհրաժեշտ սարքավորումներով և բժշկական նշանակության այլ միջոցներով:
«Հիմնադրամն իր գործունեության հիմնական ուղղությունների կողքին մշտապես փորձում է արձագանքել միջանկյալ առաջացած հրատապ խնդիրներին: Այսօր նման խնդիրներից է COVID-19-ի դեմ ուղղված համատեղ պայքարը: Փորձության այս ամիսներին հիմնադրամն իր նվիրատուների շնորհիվ կարողացել է կազմակերպել մի շարք օգնություններ՝ պարենի, հեռավար ուսուցման համար նախատեսված պլանշետների, համավարակի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների տրամադրում և այլն: Ուրախ ու հպարտ ենք, որ մեր կողքին ունենք հայրենասեր անհատներ: Այս վստահությունը խիստ պարտավորեցնող և ոգևորիչ է»,- նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:
Բարերար պարոն Այվազյանն անձամբ չէր կարողացել ներկա գտնվել, բայց շատ ուրախ է, որ հնարավոր դարձավ կազմակերպել կենսական անհրաժեշտության այս նվիրատվությունը:
«Ես վարդենիկցի եմ, աշխատում եմ ուժերիս ներածին չափով աջակից լինել իմ հարազատ համայնքին: Շուրջ մեկ տարի է սատարում եմ ՔԱՅԼԸ հիմնադրամին, շատ կարևորում ու գնահատում եմ նրանց աշխատանքը, հեռվից անգամ նկատելի էր նրանց ակտիվ ներգրավվածությունը մարդկությանը պատուհասած համավարակի դեմ պայքարում, հետևաբար ցանկացա իմ մասնակցությունն էլ ունենալ: Երբ տեղեկացա, որ իմ հարազատ մարզում ունենք կարիք, բնականաբար շտապեցի օր առաջ օգնել մեր բժիշկներին, որ օրնիբուն աշխատում են, պայքարում: Հույս ունեմ, որ սրանով որոշ չափով կթեթևանա բուժանձնակազմի լարվածությունն ու կբարձրանա տարվող միջոցառումների արդյունավետությունը: Միշտ պատրաստ եմ արձագանքել հրատապ խնդիրներին: Այսօր, եթե ճակատագրի բերումով ապրում ենք հայրենիքից դուրս, ունենք միջոցներ, մեր հայացքը միշտ դեպի մեր Հայաստանն ու նրա խնդիրների հաղթահարումը պետք է լինի»,- մեզ հետ զրույցում նշեց պարոն Այվազյանը:
Մարտունու բժշկական կենտրոնին տրամադրվեց մեկ հատ ախտահանող թունել, չորս հատ վրանների համար նախատեսված ախտահանիչ սարք, բժշկական բազմակի օգտագործման արտահագուստներ և դիմավահաններ անձնակազմի համար` 20-ական օրինակից, ինչպես նաև ձեռնոցներ, բժշկական սավաններ: Կենտրոնն ունի խիստ ծանրաբեռնվածություն՝ ավելի քան 80 հազար շահառու և օրական սպասարկում է մոտ 300 հիվանդի:
«Շատ հրատապ ու խիստ անհրաժեշտ հումանիտար օգնություն է: Հիվանդանոցում գործում են երկու ինֆեկցիոն ուղղվածության բաժանմունքներ՝ ընդհանուր ինֆեկցիոն և կորոնավիրուսային: Աշխատանքային անընդհատությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում մանրէազերծել այնպիսի փաթեթավորումներ, որոնք պետք է տեղափոխվեն մաքուր սենյակ:
Բաժանմունքներում հիվանդներ դուրս գրելուց անմիջապես հետո կրկին անհրաժեշտություն է առաջանում տեսանելի և թաքնված տարածքների մանրէազերծումը: Գործող չափորոշիչների պահանջներից ելնելով բաժանմունքների, պալատների, լաբորատոր գործիքային կաբինետների և օժանդակ սենյակների մանրէազերծումը կապահովեն պալատները ախտահանող չորս միավոր սարքերը և ախտահանող թունելը: Շնորհակալություն եմ հայտնում բուժանձնակազմի ու համայնքի անունից»,- իր խոսքում շեշտեց Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն, գլխավոր բժիշկ Անդրանիկ Հարությունյանը:
Նույն փաթեթից՝ այլ խմբաքանակով տրվեց նաև Վարդենիկի առողջության կենտրոնին: