«Ծրագրի մոդելը կարող է հաջողությամբ տեղայնացվել աշխարհի այլ երկրներում». Մեթյու Ֆլիսոք

18 Մարտի, 2020
Հունվարին «Իմ քայլը» հիմնադրամի հրավերով Հայաստանում էր UCLA Health-ի («Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան. առողջություն») «Sound Body Sound Mind» («Առողջ մարմնում առողջ հոգի») ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը՝ փոխանցելու ԱՄՆ-ի դպրոցներում արդեն տևական ժամանակ առողջ ապրելակերպը խթանող այդ ծրագրի դրական փորձը և մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի մշակմանը։

Ձեզ ենք ներկայացնում Մեթյու Ֆլիսոքի հետ հարցազրույցը։

Կներկայացնե՞ք UCLA Health-ի «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագիրը:

UCLA Health-ի «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագրի հիմնական նպատակն է երաշխավորել, որ Լոս Անջելեսի դպրոցներն ունենան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները դպրոցականներին արդյունավետ ֆիզիկական կրթություն տրամադրելու համար: Այդ ռեսուրսները ներառում են ժամանակակից մարզասարքեր, ֆիթնես պարագաներ և արդիական կրթական ծրագրեր: Մենք ունենք հատուկ վերապատրաստման ծրագիր, որը մեզ թույլ է տալիս աջակցել ֆիզիկական կրթության ուսուցիչներին իրենց դպրոցների համար արդյունավետ դասածրագրեր մշակելու և կիրառելու հարցում:

Ի՞նչն է խրախուսում Ձեզ ղեկավարելու «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագիրը:

Ինքս շատ ակտիվ կենսակերպ եմ վարում, բայց նաև քաջ գիտակցում եմ՝ հաջողակ եմ, որ ինձ հասանելի են այն բոլոր ռեսուրսները, որոնք թույլ են տալիս ակտիվ ապրել, մինչդեռ շատերին դրանք հասանելի չեն: Ես մեծապես հետաքրքրված եմ երիտասարդ սերնդի կրթությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ: «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագրում աշխատանքս համարում եմ արժեքավոր, քանի որ իմ ավանդն եմ բերում ավելի առողջ սերնդի ձևավորման գործում՝ ստեղծելով առողջությունը պահպանելու և առողջ ապրելակերպ վարելու հնարավորություններ: Ես բավարարվածություն եմ զգում, որ ամեն օր օգնում եմ Լոս Անջելեսի դպրոցականներին, ոգեշնչում մարդկանց՝ վարելու ավելի ակտիվ կենսակերպ. սա իմ տարերքն է:

Նախկինում եղե՞լ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք:

Սա իմ առաջին այցելությունն էր Հայաստան: Երկրի դպրոցների վիճակին տեղում ծանոթանալու տեսանկյունից այն շատ ինֆորմատիվ էր ու արժեքավոր: Վայելեցի բաց ու մարդամոտ հայկական մշակույթը և ինձ ցանկալի հյուր էի զգում ամեն հանդիպմանն ու յուրաքանչյուր դպրոցում:

Հայաստանում Դուք այցելեցիք բազմաթիվ դպրոցներ, հավանաբար, իրատեսական պատկերացում կազմեցիք առողջ ապրելակերպի, ֆիզիկական կրթության խնդիրների վերաբերյալ: Կպատմե՞ք Ձեր տպավորությունները:

Մեծ են տարբերությունները քաղաքային և գյուղական դպրոցների միջև, և սա, կարծում եմ, կարևոր հանգամանք է, որը պետք է հաշվի առնել «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրեպակերպի խթանման» ծրագիրն իրականացնելիս:

Ինչպե՞ս է «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագիրն առնչվում «Իմ քայլը» հիմնադրամի՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրին:

Հիմնադրամի կողմից «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրով նախանշված աշխատանքը շատ ընդհանրություններ ունի «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագրի հետ: Երկու կազմակերպություններն էլ ձգտում են բարելավել երիտասարդության ակտիվությունը՝ շեշտադրելով հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կրթության միջավայրի զարգացումը: Միաժամանակ, «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրն առավել ընդգրկուն է, քանի որ ներառում է նաև սանիտարահիգիենիկ պայմանների բարելավումը:

Ի՞նչ է պետք անել ծրագրի հաջողության համար:

Ծրագրի ամենաբարդ տարրերից մեկը, թերևս, դպրոցների հետ աշխատանքում առաջնահերթության սահմանումն է: Ինձ համար միանշանակ է, որ մարզադահլիճների և սանհանգույցների միջև ընտրություն կատարելիս՝ առաջնահերթությունը պետք է տալ սանհանգույցներին, քանի որ դա մարդու հիմնարար իրավունքն է: Ծրագրի հաջողության համար որոշիչ կլինեն նաև ծրագրի իրականացման բազային չափորոշիչների մշակումն ու կիրառումը: «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրում ընդգրկված դպրոցներին պետք է տրամադրել միևնույն ռեսուրսները, որպեսզի բոլոր դպրոցներին հավասար հնարավորություններ տրվեն: Բացի այդ, նման ծավալ և բովանդակություն ունեցող որևէ ծրագրում շատ հեշտ է տարվել մեծ պատկերով և հեռահար նպատակներով: Մինչդեռ, այդ ամենին հասնելու համար պետք է ամեն բան մանրակրկիտ հաշվարկել, փորձարկել և որդեգրել ամենաարդյունավետ մոտեցումը: Շատ կարևոր է իրականացման նախնական փուլերում պրակտիկ և հիմնավորված մոտեցումներ որդեգրելը՝ հանուն հետագա հաջողության:

Տեղում ծանոթանալով բազմաթիվ դպրոցների վիճակին՝ ակնհայտ է, որ այս ծրագիրը կապիտալ ներդրումներ է պահանջելու: Բազմաթիվ դպրոցներում շինարարական մեծածավալ աշխատանքների կարիք կա: Ուստի, սկզբնական շրջանում ծրագիրն ունենալու է սահմանափակ հասանելիություն, իսկ ֆոնդհայթայթումը կենսական է լինելու ծրագրի շարունակականության համար: Թե՛ դպրոցականներին, թե՛ ուսուցիչներին անհրաժեշտ է նախապատրաստել հասանելի նոր ռեսուրսներից լավագույնս օգտվելուն: Մարտահրավեր կարող է լինել հատկապես գյուղական շրջանների ուսուցիչներին ծրագրին ինտեգրելը, նոր իրողություններին նրանց հարմարվելու պատրաստակամությունն ապահովելը, ինչն առանցքային է ծրագրի հաջողության համար։

Մի շարք գործընկերների ներգրավումը կարևոր նշանակություն կունենա ծրագրի հաջողության համար. խոսքս, մասնավորապես, «Dasaran.am»-ի մասին է, որն ունի տվյալների հավաքագրման կարողություններ և հասանելի է բոլոր դպրոցականներին: Այս հարթակը կենսական է հարցախույզների և այլ գործիքների կիրառման առումով, ինչը թույլ կտա հասկանալ, թե որքանով է «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը դրական արդյունք ապահովում: Ի հավելումն՝ հանրային առողջության տվյալներին հասանելիությունը թույլ կտա հասկանալ վարակիչ հիվանդությունների նվազման աստիճանը՝ սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման և հանրային իրազեկման բարձրացման միջոցով:

Արդյո՞ք տեսնում եք հետագա համագործակցության ներուժ/անհրաժեշտություն:

Հաշվի առնելով, որ հանրային առողջությունը բոլորովին նոր ուղղություն է «Իմ քայլը» հիմադրամի համար՝ հավատացած եմ, որ «Առողջ մարմնում առողջ հոգի» ծրագիրը կարող է օգտակար լինել «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրին: Հավատացած եմ նաև, որ կարելի է զգալի գիտելիք փոխանակել միմյանց հետ, ինչը կնպաստի ճիշտ ուղղությամբ ծրագրի զարգանալուն: Կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում, երբ մոդելը կիրառելի կդառնա Հայաստանում, այն կարող է հաջողությամբ տեղայնացվել աշխարհի այն երկրներում, որտեղ նմանօրինակ վիճակ ունենք:

Ձեր կարծիքով, ի՞նչ հավանական կարճաժամկետ/երկարաժամկետ փոփոխություն կարող է բերել «Իմ քայլը» հիմնադրամի՝ առողջ ապրելակերպի խթանման ծրագիրը դպրոցականների կյանքում:

Հավատացած եմ, որ ծրագիրը մեծ ներուժ ունի ընդհանուր առմամբ բարելավելու Հայաստանի երեխաների առողջությունն ու բարեկեցությունը: Տեսնելով բազմաթիվ դպրոցներում բազային ռեսուրսների ակնհայտ պակասը՝ կարծում եմ, որ կարելի է բազմաթիվ փոքր քայլերով դրական փոփոխություն բերել: Սանհանգույցների հասանելիությունը հիմնարար իրավունք է, և, եթե դրան էլ հավելենք ֆիզիկական ակտիվության համար անվտանգ ռեսուրսների հասանելիությունը, ապա կարող ենք շրջադարձային փոփոխություն բերել Հայաստանի երեխաների կյանքում:

18 Մարտի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 21 Մայիսի, 2021
Գորիսի թիվ 6 դպրոցի սովորողներն արդեն ունեն հիմնանորոգված մարզադահլիճներ
Մայիսի 21-ին տեղի ունեցավ Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությունը, որին մասնակցեցին դպրոցի սովորողներն ու մանկավարժները, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։
news-listing-img
date piker 19 Մայիսի, 2021
Տեղի ունեցավ Վանաձորի թիվ 25 դպրոցի նորոգված մարզադահլիճի բացումը
Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցն արդեն ունի նորոգված մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 նոր հանդերձարան, վերանորոգված բուժկետ և ֆիզկուլտուրայի ուսուցչի նորոգված դասասենյակ՝ համապատասխան գույքով:
news-listing-img
date piker 27 Նոյեմբերի, 2020
Տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Հայրենիքի պաշտպանների հետ
ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: