«Քո հաջողությունը կախված է նրանից, թե որքանով ես ներդաշնակ ընտրածդ մասնագիտության հետ». Անի Ավետիսյան
Գտնված ձեռագիր, որը փոխեց իմ կյանքը
2008 թվականին ես ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժին։ Երրորդ կուրսում երկրորդ լեզու պիտի սովորեինք։ Երկար մտածեցի և ընտրեցի թուրքերենը։ Ծնողներս էլ ցանկանում էին, որ ավելի կիրառական լեզու ընտրեի։ Այդ օրը երբեք չեմ մոռանա. մտնում էի ամբիոն, երբ դռների մոտ լսեցի ամբիոնի վարիչի ձայնը. «Դու էլ ե՞ս թուրքերենն ընտրել»։ «Այո՛», - ասացի: «Գուցե եբրայերե՞ն ընտրեիր, ոչ ոք այն չի ընտրել: Եթե իսկապես ուզում ես երկրորդ լեզու սովորել, գուցե փորձե՞ս», - շարունակեց նա։ Եվ հենց այդ օրը որոշվեց իմ մասնագիտական ճակատագիրը:
Եբրայերենի դասին երեքով էինք՝ ես, դասընկերս և մեր սիրելի դասախոս Լիլիթ Շահնազարյանը: Միայն լեզուն չէ, որ սովորում էինք. ուսումնասիրում էինք Իսրայելի պատմությունը, մշակույթը, ավանդույթները։ Հասկանալով, որ եբրայագիտությունը Հայաստանում շատ թույլ է զարգացած, որոշեցի խորությամբ ուսումնասիրել այն: Հընթացս համոզվեցի, որ արաբագիտությունն առանց եբրայագիտության, կարծես, թերի է: Մագիստրատուրայում շարունակեցի խորացնել գիտելիքներս: Այդ ժամանակ ինձ բախտ վիճակվեց Մատենադարանում անցկացնելու փորձուսումս։ Մի օր արաբերեն ձեռագրերի ցանկն ընթերցելիս հանդիպեցի եբրայատառ արաբերեն ձեռագրի։ Պատկերացում անգամ չունեի, որ նման ձեռագրեր և առհասարակ եբրայատառ արաբերեն գոյություն ունի: Պատկերացրեք զարմանքս ու միաժամանակ՝ հիացմունքս: Թույլտվություն ստացա դրանք ուսումնասիրելու: Այս ձեռագրերի գոյության մասին գրեթե ոչ ոք չգիտեր. երբ պատմեցի ղեկավարիս, ինքն էլ զարմացավ: Աշխարհում եբրայատառ արաբերենով գրված ձեռագրերը հազվադեպ են և մեծ արժեք ունեն: Մասնագետներն էլ եզակի են: Թեզս նվիրեցի դրանց: Այդ ձեռագրերը հետագայում դեռ շատ դռներ պիտի բացեին իմ առջև:
Հաջորդ կանգառը՝ Ստոկհոլմ
Համալսարանն ավարտելուց հետո որոշեցի ուսումս շարունակել Ստոկհոլմի Պայդեա Եբրայագիտության դպրոցում, որտեղ ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից հավաքվում են սկսնակ եբրայագետներ՝ եբրայագիտության ոլորտում որակյալ հիմնարար կրթություն ստանալու: Սա իմ կյանքում բեկումնային փուլ էր. և՛ սովորում էի, և՛ դասավանդում: Դժվար էր, բայց ունեի նպատակ, հետևաբար՝ ամեն ինչ հաղթահարեցի:
Հաջորդ կանգառը՝ Հայդելբերգ
Ծրագրի ավարտին տեղեկացա, որ Պայդեայի և Հայդելբերգի եբրայագիտության դպրոցների միջև համատեղ ծրագիր կա։ Դասախոսներիցս մեկն առաջարկեց զարգացնել եբրայատառ արաբերեն ձեռագրերի թեմայով թեզս և մագիստրոսի ևս մեկ կոչում ստանալ: Հոգնած էի, վերադառնալ էի ուզում: Բայց արդեն մեկ շաբաթ անց ծրագիրս պատրաստ էր: Գնացի հարցազրույցի, և հարցազրուցավարներից մեկը, որը պիտի դառնար ղեկավարս, ասաց. «Մեր ամբիոնում ոչ ոք չի զբավում հրեա-արաբերենով, անպայման արի, կփորձենք միասին հետաքրքիր մի բան անել»։ Տեղափոխվեցի Հայդելբերգ։ Այնտեղ երկու տարի ուսանեցի և հասկացա, որ գտել եմ այն, ինչով ուզում եմ զբաղվել:
Անշուշտ, մշտապես հետևում էի Հայաստանում եբրայագիտության զարգացմանը, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայությանը: Թաքուն երազանք ունեի մի օր Հայաստան բերելու այն ողջ գիտելիքը, որ ստացել էի տարբեր երկրներում ուսանելիս: Այնտեղ՝ Հայդելբերգում, միշտ նույն բանն էի լսում, որ պիտի շարունակեմ ձեռագրերի ուսումնասիրությունները, քանզի դրանք բացառիկ արժեք են, և անպայման ասպիրանտուրա ընդունվեմ: Հասկանում էի, որ ճիշտ են: Իսկապես, պետք էր շարունակել. չէ՞ որ ես նաև պիտի ներկայացնեի Հայաստանն աշխարհում: Ամեն անգամ մեծ ցավով էի արձանագրում, որ զրուցակիցներս գաղափար չունեին Մատենադարանի և այն ողջ հարստության մասին, որը պահվում է այնտեղ: Սա էլ մի պատճառ էր, որ անեի ինձանից կախված ամեն ինչ՝ Հայաստանի գիտական ներուժն աշխարհին ներկայացնելու համար:
Հայդելբերգում հաջողությամբ ավարտեցի ուսումս, բայց վեց ամիս պահանջվեց աշխատանքիս ընդդիմախոս գտնելու համար: Ի դեպ՝ Շվեդիայում էլ, Հայդելբերգում էլ հրեական կրթաթոշակով եմ սովորել։ Մեծ պատասխանատվություն է, քանզի շարունակաբար պիտի ապացուցես, որ արժանի ես:
Հաջորդ կանգառը՝ Երևան
Վերադարձա Հայաստան մտադրությամբ, որ պիտի շարունակեմ ուսումս ասպիրանտուրայում: Ընտրության հարցում երկրորդ կարծիք չէր կարող լինել՝ լավագույնը Քեմբրիջի համալսարանն էր. չէ՞ որ հենց այնտեղ է հրեա-արաբերեն ձեռագրերի աշխարհի ամենամեծ հավաքածուն: Դիմեցի և ընդունվեցի, սակայն չկարողացա գտնել ուսման վարձի պակասող կեսը: Մտածեցի, որ նշան է ու, քանի որ շատ էի կարոտել ընտանիքիս, որոշեցի մնալ Հայաստանում: Շուտով աշխատանքի առաջարկ ստացա Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից, որտեղ ուզում էին եբրայագիտության լսարան բացել։ Ութ ամիս աշխատեցի ու ներդրեցի բոլոր ջանքերս՝ հանուն ծրագրի իրագործման: Շուտով այն կբացվի։ Արդեն ունենք վեց ուսանող, ինչն ինձ համար անձնական հաջողություն եմ համարում:
Հաջողությունդ կախված է նրանից, թե որքանով ես ներդաշնակ մասնագիտությանդ հետ:
Մարդիկ ինձ հաճախ են հարցնում, թե ինչ եմ սովորում և լսելով պատասխանս՝ տարակուսած հարցնում են, թե ինչ նպատակով: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ հրաշալի է, երբ հաշտ ես քո ընտրության հետ: Մասնագիտության ընտրության հարցում պիտի ազատ լինես: Դա է հաջողության գաղտնիքը: Համոզված եմ, որ ինձ համար տարբեր հեռանկարներ կային Հայաստանում թե՛ հենց եբրայագիտության, թե՛ դիվանագիտության ասպարեզում։ Շուտով Իսրայելում դեսպանություն ենք ունենալու, հետևաբար՝ մասնագետների կարիք կլինի, չհաշված, որ եբրայագիտությունը հետաքրքիր է նաև տուրիզմի և մշակույթի տեսանկյունից։
Քեմբրիջ՝ նոր մարտահրավեր
Երկրորդ անգամ հրավեր ստացա Քեմբրիջի համալսարանից։ Ու նորից կանգնեցի կրթաթոշակ գտնելու խնդրի առաջ: Բարեբախտաբար, այս անգամ բոլոր այն հիմնադրամները, որոնք ինձ մերժել էին առաջին անգամ, բավարարեցին դիմումներս: Կրթաթոշակ ստացա նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից և 2019 թվականի սեպտեմբերին բացեցի Քեմբրիջի դռները:
Կրթական միջավայրերի տարբերություններ
Հայաստանի կրթությունը պետք չէ թերագնահատել: Եթե համեմատենք, ամենամեծ տարբերությունը համակարգն է և հենց կրթական միջավայրը. այստեղ ուսանողի ազատությունն ու անկախ ընտրությունն առանցքային արժեք են, իսկ ուսանողը՝ նույնքան կարևոր դասախոսի համար, որքան դասախոսը՝ ուսանողի։ Հանձնարարված ծավալն անհաղթահարելի է նույնիսկ չքնելու դեպքում: Մի քանի շաբաթ հետո արդեն հասկացել էի, որ կարևորն առաջնայինը երկրորդականից տարբերելն է։ Հայաստանում, ցավոք, դեռևս տարածված է անգիր անելու մշակույթը: Այստեղ մի քանի հարցի պատասխանելու համար այնքան գիրք ես ստիպված կարդալ, որ անկախ քեզանից միտքդ դառնում է ազատ, դադարում ես գրքից կառչել և սեփական պատասխաններ ես գտնում:
Ես որքան խորանում եմ, այնքան եբրայագիտության գեղեցկությունն ավելի շատ եմ տեսնում
Ինչպես ամեն մասնագիտություն, երբարագիտությունն էլ սահմաններ չի ճանաչում: Անվերջ կարելի է այն բացահայտել: Եբրայագիտության մեջ թաքնված է մարդկության ամբողջ մի պատմություն: Որքան խորանում եմ, եբրայագիտության գեղեցկությունն ավելի եմ զգում՝ հասկանալով, որ դեռ անվերջ կարելի է սովորել: Ինձ համար դեռ լիովին չեմ բացահայտել իսրայելագիտությունը, որը թույլ կտա նաև ծառայել Հայաստանի դիվանագիտությանը: Հուսանք, որ մի օր նաև ԵՊՀ-ում կունենանք ամբիոն, և ես այդ ամբիոնին ի սպաս կդնեմ գիտելիքս։
Հաջորդ կանգառը՝ Հայաստան
Ծրագրում եմ վերադառնալ Հայաստան. երազում եմ իմ մանագիտությամբ աշխատել հայրենիքում: Պարզապես չեմ պատկերացնում կյանքիս օտար երկրում: Շատ կապված եմ ընտանիքիս, տանս, իսկ դրսում սովորելու տարիներին ավելի ամրապնդվեց համոզմունքս, որ իմ կյանքի իմաստներից մեկն էլ հայրենիքիս պիտանի լինելն է։ Որքան ընտանիքս է ինձ կյանքում հնարավորություն տվել, նույնքան էլ՝ իմ երկիրը։ Հեռվից հայրենիքն այլ բույր ունի։ Ես իսկապես ցանկանում եմ գիտելիքս ծառայեցնել Հայաստանին՝ զարգացնելով եբրայագիտությունը: Անգլիայում մնալու և «351»-րդ եբրայագետը լինելու փոխարեն ես նախընտրում եմ աշխատել իմ փոքրիկ հայրենիքում, որտեղ մի մարդ էլ կարող է փոփոխություն կերտել:
Խորապես երախտապարտ լինելով բոլոր այն կառույցներին, որոնց աջակցության շնորհիվ ես մասնագիտական թռիչքի հնարավորություն ստացա՝ ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել «Իմ քայլը» հիմնադրամին։ Երբ այստեղ ընկերներիս պատմում եմ, որ իմ երկրում այնպիսի մի հիմնադրամ կա, որը 2019թ. շուրջ հիսուն ուսանողի կրթաթոշակ է տրամադրել, պարզապես ապշում են։ Ի դեպ, ես միակն էի, որ դիմում էի ասպիրանտուրայի համար։ Եվ, կարծեմ, նաև միակը, որը հումանիտար ուղղությամբ ստացավ կրթաթոշակ։ Թեև Հիմնադրամի առաջնահերթ մասնագիտությունների ցանկում իմ մասնագիտությունը չկար, շնորհակալ եմ, որ Ընտրական հանձնաժողովը լսեց ինձ, հավատաց և աջակցեց:
Ես երազում եմ երջանիկ Հայաստանի մասին, այն Հայաստանի, որտեղ մարդիկ չեմ մտածում արտագաղթելու մասին, որտեղ մարդիկ լիարժեք են զգում, որտեղ խաղաղ է և, իհարկե, որտեղ պետության այցեքարտը նաև որակյալ կրթական համակարգն է: