Գետաշենի հրաշքը
Հայաստանի մարզերի, գյուղերի մասին խոսելիս հիմնականում կարծես անդրադառնում ենք դժվարություններին և դրանք հաղթահարելուն ուղղված ծրագրերին։ Եվ երբեմն էլ տպավորություն է ստեղծվում, թե ձեռքբերումներն ավելի քիչ են, քան խնդիրները։ Հաճախ կա այնպիսի թյուր պատկերացում, թե մարզերում, գյուղական համայնքներում մարդիկ նախաձեռնողականություն չունեն, փոխարենը սպասում են, որ ինչ-որ մեկը նրանց կօգնի։ Մինչդեռ կան դեպքեր, որոնք ոչ միայն ոգևորիչ են, այլև շատերի համար կարող են օրինակ ծառայել։ Օրինակ՝ Գետաշենի դպրոցի պատմությունը, որի մասին այսօր ուզում ենք մեծ ուրախությամբ ձեզ պատմել։ Նյութը ներկայացնելու ձևաչափն այս անգամ փոխել ենք։ Այն ավելի շատ նոթագրության է նման։ Հոդվածը գրել են «Իմ քայլը» հիմնադրամի թիմի անդամները։ Ամեն աշխատանքային այցելությունից վերադառնալոով՝ մեր աշխատակիցներն իրենց հետ այնպիսի ոգևորություն ու հիացմունք էին բերում Գետաշենից, որ որոշեցինք այդ մասին ձեզ պատմել հենց այսպես՝ անմիջական ոճով։
Գետաշենի հրաշքը
Պատկերացրեք մի դպրոց, որտեղ երեխաներն աճեցնում են այն բարիքները, որոնցից պիտի սնունդ ստանան։ Այստեղ յուրաքանչյուր երեխա ունի իր ծառը, որը երեխայի դպրոցն ավարտելուց հետո փոխանցվում է մյուս աշակերտին, որն էլ ստանձնում է ծառը խնամելու հետագա պատասխանատվությունը: Յուրաքանչյուր ծառ ունի իր անձնագիրը՝ իրեն խնամողի անուն-ազգանունով:
Այս մասին իմանալով՝ ես մտածում էի՝ մե՞նք ենք ծառի տերը, թե հակառակը՝ ծառն է մեզ տիրություն անում ՝ թույլ տալով սեփական ծառ ունենալ այս մոլորակի վրա:
Սա մի դպրոց է, որտեղ երեխաներն ապրում են այնպիսի մի միջավայրում, որտեղ լիարժեքորեն ազատ են մտածելու, ստեղծագործելու և իրենց առօրյան կազմակերպելու հարցում։ Առաջին իսկ հայացքից պարզ է՝ այստեղ նրանք սովորում են պատասխանատու լինել ոչ միայն իրենց, այլև ամբողջ դպրոցի համար: Այս ազատությունը արտահայտվում է ամեն մանրուքում՝ սկսած հատակից, որը նկարազարդել են երեխաները, վերջացրած գրադարանից, որտեղ չկա գրադարանավար. երեխաներն իրենք ընտրում են գրքերը, կարդում, նորից վերադարձնում:
Եթե կարծում եք, որ այս ամենի արդյունքում գրքերը պակասում են կամ մաշվում, շտապեմ ասել, որ սխալվում եք։ Գրքերը դեռ մի բան էլ ավելանում են, քանի որ երեխաները տանից գրքեր են բերում և նվիրում իրենց դպրոցի գրադարանին։ Սեփականության և պատասխանատվության զգացում, ահա թե ինչ է ի հայտ գալիս, երբ թույլ ես տալիս երեխային ազատորեն տնօրինել իր դպրոցի ռեսուրսները՝ համոզմունք փոխանցելով, որ դու պատասխանատու ես քո ունեցածի համար։ Երբ կա պատասխանատվություն, հավանականությունը, որ դու նաև հոգատարություն կցուցաբերես, գրեթե աներկբա է։
Երեխաների կողմից աճեցված մրգերն և բանջարաղենը հետո տնօրինում են հենց իրենք՝ երեխաները։ Դրանց մի մասը, օրինակ, վաճառում են և գումարն օգտագործում դպրոցի կարիքների համար, մի մասը սպառում են հենց դպրոցի ճաշարանում, իսկ մյուս մասը՝ պահածոյացնում ձմեռվա համար: Նրանք գիտեն, օրինակ, ինչպես փակել կոմպոտ։ Դպրոցում գործում է գյուղի տատիկների ակումբը. տատիկներն իրենք են օգնում երեխաներին՝ սովորեցնելով ամենատարբեր խոհարարական հմտություններ։

Սովորելու հնարավորությունները
Արդյունքում, Գետաշենում մենք ունենք մի էկո դպրոց, որտեղ երեխաները սովորում են և միաժամանակ զբաղվում են գյուղատնտեսությամբ, հոգ են տանում իրենց այգիների և ջերմոցի մասին: Իսկ արդյո՞ք նրանք սովորում են հանրակրթական դպրոցի մյուս առարկաները։ Այո և՝ շատ պատկերավոր ձևով, քանի որ այստեղ առարկաները ունեն իրենց սենյակները, և բացի գրքերից աշակերտները նաև տեսնում են այն, ինչ սովորում են պատկերավոր ձևով՝ ֆիզիկայի, համակարգչային, կենսաբանության, քիմիայի, նկարչության և արվեստի, աշխարհագրության և գեոլոգիայի դասասենյակներում այնպիսի միջավայր է, որտեղ անհնար է հետաքրքրությամբ չսովորել։
Վերադառնալով ազատության սկզբունքին՝ նշենք, որ դպրոցում հավատում են, որ գիտելիք ստանալու համար այնպայման չէ դպրոցական սեղանի առաջ ձիգ նստել: Եթե լավ եղանակ է, երեխաները կարող են դասն անցկացնել բացօթյա լսարանում։
Դպրոցը որպես համայնքի ժամանցի կենտրոն
Այսպիսով ունենք մի դպրոց, որտեղ երեխաները սեփականատիրոջ իրավունքով կարող են ազատ կառուցել և կառավարել իրենց դպրոցը, զբաղվել գյուղատնտեսությամբ, սովորել հանրակրթական առարկաները պատկերավոր ձևով։ Եվ ինչ, կարծում եք վե՞րջ։ Իհարկե՝ ոչ: Դպրոցը նաև զարգացման բազմապիսի հնարավորություններ է տալիս իր արտադասարանական խմբակների միջոցով՝ պար, երգ, ձեռքի աշխատանք, թատրոն, ուլունքագործություն, ծղոտագործություն, գորգագործություն, գոբելեն, նկարչություն, քանդակ և այլն: Փաստացի երեխաները իրենց օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցում և ազատ ժամանակի համար ունեն ժամանցի սենյակ, որտեղ խաղեր են խաղում, դասերն են սովորում, հավաքներ են անում, ճաշ են պատրաստում և հյուրասիրում ուսուցիչներին:
Այսքանով այս հրաշքը դեռ չի ավարտվում։ Այս դպրոցը ոչ միայն դպրոցականներին է ծառայում, այլև ամբողջ համայքին: Այն ունի տատիկների և պապիկների ակումբ, որտեղ գյուղի տարեց բնակիչները շփվում են երեխաների հետ, սովորեցնում են նրանց և սովորում են նրանցից: Տատիկների ակումբի անդամները երեխաների համար հեքիաթներ են կարդում, նրանց հետ կոմպոտ ու չիր են պատրաստում, իսկ պապիկների ակումբը երեխաների հետ զբաղվում է երկաթագործությամբ, կիսվում իրենց պատմություններով և կյանքի խրատներով: Բա՞րդ բան է։ Իհարկե՝ ոչ: Հաճա՞խ հանդիպող երևույթ է մյուս դպրոցներում։ Ցավոք, ոչ:
Դպրոցը նաև տարբեր առիթներով համայնքի համար կազմակերպում է բացօթյա դասեր, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, համերգներ, տոնակատարություններ և այլն:
Հիմա ամենակարևորի մասին. ինչպե՞ս է այս ամենը ստեղծվել։
2011թ-ին դպրոցի տնօրեն է դարձել Գևորգ Մուքոյանը, առաջին մասնագիտությամբ գյուղատնտես: Մի անձնավորություն, ով չի վախենում երազելուց և իր երազանքների հետևից գնալուց։ Մի մարդ, ով հավատում է երեխայի կարողություններին և հնարավորություններ է ստեղծում այդ կարողությունների զարգացման համար:
Հարցեր, որ ակամա առաջանում են, երբ դպրոցում ես։
Արդյո՞ք դպրոցը տնօրենը ժառանգել է հենց այսօրվա վիճակում։ Ոչ: Արդյո՞ք այսպիսի դպրոցի ստեղծման համար օգտագործվել են հսկայական գումարներ։ Պատասխանը՝ նորից ոչ:
Այս ամենն արդյունք է ամենօրյա քրտնաջան, անձնվեր աշխատանքի։ Գևորգ Մուքոյանը հավատում է իր սկզբունքներին և պարզապես չի սիրում հանձնվել: Այժմ դպրոցն ունի բազմաթիվ գործընկերներ, ընկերներ և նվիրատուներ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին նպաստել է այս հրաշքի կայացմանը։
Ավելորդ է նշել, որ տնօրենի սենյակը դպրոցի ամենասովորական, այսպես ասած՝ ամենահամեստ սենյակն է :)
Գետաշենի դպրոցին ավելի լավ կարող եք ծանոթանալ հետևելով նրանց ֆեյսբուքյան էջին՝ /էջը/։
Լիլիթ Գրիգորյան, Աննա Մաթևոսյան, Գրիգոր Փիլոյան
Խմբագրումը՝ Մերի Մուսինյանի