«Մեզ բոլորիս համախմբում է Հայաստանի հզորացումը և մեր ժողովրդի երջանկությունը». «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաք երեկոյի ընթացքում հավաքվել է ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամ

16 Դեկտեմբերի, 2019
Դեկտեմբերի 14-ին Դվին հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երևանում։ Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգևորված է ավելի քան 700,000,000 ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Այսպիսով երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ։

Այսպիսի արդյունքը մենք համարում ենք վստահության մեծ նշան և հպարտ ենք, որ կարողացել ենք մեր գործընկերների աջակցությամբ կայացնել համագործակցության ու վստահության այնպիսի հարթակ, որը գնալով առավել կենսունակ է դառնում ՝ հստակ ուրվագծելով «Իմ քայլը» հիմնադրամի կողմից առաջիկայում իրականացվելիք առավել հավակնոտ, առավել համարձակ ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք միանշանակորեն աջակցելու են մեր պետության համաչափ զարգացմանն ու հզորացմանը։

«Իմ քայլը» հիմնադրամը շնորհակալ է բոլոր նվիրատուներին։ Յուրաքանյուր նվիրատվություն առավել քան պարտավորեցնող է։ Մեզ համար չկան մեծ և փոքր նվիրատվություններ, կա վստահություն, համագործակցություն և համատեղ երազանք՝ ունենալ հզոր, կայուն և զարգացած երկիր։

Հիմնադրամի համար այս նշանակալի միջոցառումը՝ Գալա-ընթրիքը, առիթ էր ևս մեկ անգամ մեր աջակիցներին, շահառուներին, հասարակությանը ներկայացնելու մեր գործունեության սկզբունքներն ու ռազմավարությունը, ամփոփելու հաջող ծրագրերով լեցուն 2019 թվականը, ինչպես նաև անդրադառնալու 2020 թվականին տարբեր ոլորտներում նախատեսվող Հիմնադրամի բարեգործական ծրագրերին։

Դրամահավաք երեկոն անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում, որին հրավիրված էին Հիմնադրամի աջակիցներ, շահառուներ, գործընկերներ, բարեկամներ, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, «Հովեր» երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական գործիչներ, գործարարներ, ինչպես նաև երեկոյի հատուկ հյուր, աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, ով իր ելույթով ընթրիքի մասնակիցներին հիացրեց երեկոյից մի քանի ժամ առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալով Արամ Խաչատրյան համերգասրահում՝ միաժամանակ բացելով նաև Արամ Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։

«Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական դրամահավաք երեկոյին հյուրերին հատուկ խոսքով ջերմորեն ողջունեցին և Հիմնադրամի գործունեությանն անդրադարձան «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

ՀՀ վարչապետի տիկին, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր խոսքում ընդգծեց. «Ուզում եմ նշել, որ ընդամենը մոտ մեկ ու կես տարվա կյանք ունեցող հիմնադրամը, որից ռեալ աշխատանքային տարին կարող ենք մեկը համարել, այս ընթացքում հինգը միլիոն դոլարի բյուջե է ունեցել, իսկ թե ինչպես է օգտագործել այդ բյուջեն, կներկայացնենք քիչ հետո»,- ավելացնելով, որ այս մեկ ու կես տարվա արդյունքն այսպիսին է եղել Հիմնադրամի ամենօրյա ռեալ և տքնաջան աշխատանքի շնորհիվ։ «Մենք մեր դերը պատկերացնում ենք հանրային ռեսուրսի միջոցով պետությանն օժանդակելու մեջ, բոլոր այն ոլորտներին ու հարցերին, որոնք այս պահին պետական ռեսուրսներով դեռևս հնարավոր չէ լուծել»,- հավելեց Աննա Հակոբյանը։

Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին հոլովակներ, որոնք պատմում էին Հիմնադրամի գործունեության, իրականացրած ծրագրերի, ինչպես նաև Հիմնադրամի 2020 թվականին անելիքների մասին։

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը շնորհակալություն հայտնելով շեշտեց՝ «Այս ամենն, իհարկե, անհնար կլիներ առանց մեզ սատար կանգնող մարդկանց։ Այստեղ նստած ձեզանից շատերն արդեն իսկ իրենց զգալի ներդրումն են ունեցել մեր հաջողության գործում։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մեծ ու փոքր ներդրմամբ հնարավոր են դարձրել այս ամենը»,- հավելելով ՝ «մենք համոզվել ենք, որ բարեգործության մեր փիլիսոփայությունը, խարսխված երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մոտեցման վրա, ընդունելի է և պահանջված։ Մեզ շրջապատող միջավայրում առավել տևական և մնայուն փոփոխության հասնելու համար ապավինում ենք բոլորիդ վստահությանը և աջակցությանը` որպես այս գործում համախոհ և գործընկեր: Վստահ եմ, որ մեզ բոլորիս առնվազն համախմբում է Հայաստանի հզորացումը և մեր ժողովրդի երջանկությունը»։

«Իմ քայլը» հիմնադրամի 2019 թ. ամենամյա գալա-ընթրիքի նվիրատվությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր նվիրատուներին աջակցության և վստահության համար։ Յուրաքանչյուրիս մեծ կամ փոքր քայլը մեր բոլորի մեծ, ընդհանուր երազանքը իրականացնելու մի կարևոր, անփոխարինելի հնարավորություն է։

16 Դեկտեմբերի, 2019