«Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով Երևանը նոյեմբերին կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների

26 Սեպտեմբերի, 2019
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ « Սիլք Նոութ» (Silk Note) փառատոնի շրջանակներում Երևանը նոյեմբերին կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների։

Նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiroquai» խմբի համերգը, նոյեմբերի 8-ին տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության միջազգային հարթակում աշխարհահռչակ բենդերից մեկի՝ «Parov Stelar»-ի համերգը:  Խումբը «Amadeus Austrian Music Awards»-ի հաղթող է, իսկ ահա նոյեմբերի 10-ին Հայաստանում հանդես կգա կիթառահար, ինչպես նրան են կոչում՝ «կիթառի արքա» Ալ Դի Մեոլան, որն արժանացել է բազմաթիվ բարձրագույն պարգևների, համարվում է աշխարհի երեք ամենահայտնի կիթառի վարպետներից մեկը։ 

«Մշակութային տուրիզմը Հայաստանում բավականին հեռանկարային ուղղություն է`  հաշվի առնելով երկրի պատմամշակութային արժեքները, գործոններ, որոնք Հայաստանը գրավիչ են դարձնում: Մեր երկրում զբոսաշրջության զարգացման հետ կապված բացը կարող ենք լրացնել մասսայական միջոցառումների, փառատոնների միջոցով»,- սեպտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը՝ հավելելով, որ նման նախաձեռնությունների հաջողությունն ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, խմբերի, որոնց լսում է աշխարհը: 

Նախաձեռնողները վստահեցնում են, որ համերգները համապատասխանելու են միջազգային ամենաբարձր չափանիշերի՝ թե’ լուսային, թե’ տեխնիկական սպասարկման և թե կազմակերպչական առումով: Համերգների տեխնիկակական սպասարկումն իրականացնող անձնակազմը հրավիրված է Եվրոպայից, տեխնիկան նույնպես բերվելու է արտասահմանից։ Համերգները տեղի են ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

«Սիլք Նոութ» փառատոնի տնօրեն Արազ Բաղդասարյանը կարևորեց այն փաստը, որ փառատոնը ճանաչված ստեղծագործողների շնորհիվ հնարավորություն կտա Հայաստանի վրա հրավիրել միջազգային մամուլի ուշադրությունը և, ինչու չէ, երաժիշտների գործոնն օգտագործելով, մեր երկիր բերել բազմաթիվ զբոսաշրջիկների: «Հրավիրյալ խմբերը փառատոնի և Հայաստանի մասին տեղեկություններ են տարածում իրենց պաշտոնական էջերում, որոնց հետևում են միլիոնավոր մարդիկ»,- նշեց Արազ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ փառատոնի օրերին Հայաստան են գալու զբոսաշրջիկներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից: «Մենք ուզում ենք Հայաստանը դարձնել մշակութային «մետաքսե կենտրոն»,- ասաց նա։ 

 «Մշակութային տուրիզմի զարգացման ասոցիացիայի» նախագահ Ժորա Սարգսյանն էլ նկատեց, որ հրավիրվող խմբերի, երաժիշտների բազմաթիվ հայ երկրպագուներ տարիներ շարունակ երազել են այս երաժիշտների համերգներին ներկա գտնվելու մասին, նրանցից շատերը մեկնել են տարբեր երկրներ՝ իրենց սիրելի երաժիշտների համերգներին մասնակցելու համար. «Հիմա մենք վերջապես ունենք բացառիկ հնարավորություն համաշխարհային այս դեմքերին մեր երկրում հյուրընկալելու»,-ասաց նա։

 «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը հավելեց, որ հիմնադրամի բոլոր քայլերը, ծրագրերը միտված են երկարաժամկետ ազդեցության. «Երբ մենք որևէ ծրագիր ենք նախաձեռնում, անպայման հաշվի ենք առնում, թե ի՞նչ ազդեցություն կարող է այն ունենալ հետագայում։ Նախաձեռնելով համերգները՝ մենք ոչ միայն խթանում ենք մշակութային տուրիզմի զարգացումը, ոչ միայն մեր համերկրացիների համար բարձր չափանիշերի համապատասխանող համերգներ ենք կազմակերում, այլև համերգների ամբողջ հասույթն ուղղելու ենք մարզերում մշակութային օջախների արդիականացմանն ու զարգացմանը, ինչը էական կարևորություն ունի Հայաստանի հավասար զարգացման համատեքստում»։ Լրագրողի հարցին, թե արդյոք որ մարզից կսկսեն, Հովհաննես Ղազարյանը պատասխանեց, որ քննարկում են Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան դահլիճը բարեկարգելու հարցը։



26 Սեպտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: