Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար Ջորջ Բաղումյանին

20 Սեպտեմբերի, 2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալել է «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր Ջորջ Բաղումյանին։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Իմ քայլը» հիմնադրամին աջակցելու համար և նշել, որ մասնավորապես հիմնադրամի կողմից «Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել հենց պարոն Բաղումյանի նվիրատվության շնորհիվ։ Աննա Հակոբյանն առաջարկել է համատեղ այց կատարել կենտրոն, որպեսզի բարերարն իր աչքով տեսնի, թե իր աջակցության արդյուքում ինչպիսի մեծ ու կարևոր գործ է կատարվել կենտրոնում։

Ամերիկահայ գործարարը շեշտել է, որ Հայաստանն անպայման պիտի հաջողի՝ ընդամենը ժամանակի խնդիր է. «Դուք արեցիք ձեր քայլը, և այժմ ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում հաջողության հասած հայերը պիտի համախմբվեն, որ հաջողությունն արագ գա»,- ասել է բարերարը։

Զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց աջակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերից մեկն է, որը հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով։ Ծրագրի իրականացման համար «Իմ քայլը» հիմնադրամի կողմից «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ։


20 Սեպտեմբերի, 2019