Իմ երազանքն է, որ կրթված և խելացի լինելը մեր երկրում ծնի արժանապատվություն. Հասմիկ Խաչատրյան
2014-2016 թվականներին ուսանել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (իրավունքի մագիստրոս)։ Ներշնչված լինելով աշխարհահռչակ այնպիսի գիտնականների աշխատություններով, ինչպիսիք են Ռիչարդ Պոզները, Ռիչարդ Թալերը, Հերի Բեքերը, Դուգլաս Բեյերդը, նա հետաքրքրվել է իրավական կարգավորումների հիմքում ընկած տնտեսագիտական վերլուծությամբ, հատկապես` վարքագծային իրավունքով: Հենց այդ պատճառով արտերկրում ուսանելու ընտրությունը կանգ է առել Չիկագոյի համալսարանի վրա` որպես աշխարհում իրավունք և տնտեսագիտություն (law and economics) գիտական ուղղության կարևոր կենտրոնի: 2018 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ սկսել է ուսումնառությունը Չիկագոյում, որտեղ, ինչպես ինքն է նշում՝ «անցել է իմ կյանքի լավագույն տարիներից մեկը»:
Ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում որակյալ կրթություն
Ես իրավաբան եմ ։ Այնպես չէ, որ մանկուց երազել էի իրավաբան լինել, երևի հոսանքին տրվելով ընդունվեցի Ֆրանսիական համալսարան, և մինչև երկրորդ-երորդ կուրս անկեղծ ասած ընդհանրապես չէի սիրում իմ մասնագիտությունը։ Միշտ մտածում էի, որ ավարտելուց հետո կընտրեմ մեկ ուրիշ մասնագիտություն, կշարունակեմ ուսումս թեկուզ տնտեսագիտության կամ արվեստի բնագավառում։
Իհարկե, ֆրանսիական համալսարանում լավ էի սովորում, բայց դրանք ավելի շատ իմ` գերազանցիկ լինելու բնազդներն էին, ոչ գիտակցված հետաքրքրասիրությունս։ Դպրոցում էլ միշտ լավ եմ սովորել։ Անգամ չսիրածս առարկաները։ Ամեն ինչ իմ կյաքում երևի փոխեց իմ դասախոսներից մեկը՝ Վարուժան Ավետիքյանը, ով մեզ դասավանդում էր ֆինանսական և ձեռնարկատիրական իրավունք առարկաները։ Նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ էր։ Ես առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում որակյալ կրթություն։ Նրա դասերը ոչ դասագրքային էին, լեկցիա կարդալու ֆորմատից դուրս, ժամանակակից աշխարհի գործընթացներին համահունչ քննարկումներով լեցուն։ Իր շնորհիվ ես սկսեցի հետաքրքրվել ֆինանսական, կորպորատիվ իրավունք առարկաներով։ Կարելի է ասել՝ իմ ուսման ընթացքում առաջին անգամ սկսեցի հետաքրքրվել իրավաբանությամբ։
Ֆրանսիական համալսարանում կա մի ծրագիր, որը հնարավորություն է տալիս լավագույն ուսանողներին ուսումնական պրակտիկա անցնել ֆրանսիական որևէ կազմակերպությունում։ Իմ բախտը բերեց, ընտրվեցի և գնացի Փարիզի Իսի Լե Մուլինո համայնքի վարչական կենտրոնում անցնելու իմ պրակտիկան։ Եթե անկեղծ ասեմ, մի փոքր հիասթափված էի։ Ամեն դեպքում ինձ համար այդքան էլ հարազատ չէր ֆրանսիական աշխատանքային մշակույթը։ Մի տարի անց Հայաստանում, որպես կրտսեր իրավախորհրդատու, անցա աշխատանքի մասնավոր իրավաբանական ընկերությունում, որը կոչվում է ՝ «Թիքեյ Ընդ Փարթներս» (TK & Partners)։ Իմ կյանքում մասնագիտական առումով մի նոր դրական շունչ հայտնվեց, որովհետև այդ ընկերությունում հիմնականում սպասարկում էինք արտասահմանցի հաճախորդներին։ Ինձ դուր էր գալիս այն, որ բոլոր խնդիրներին ավելի նորարարական լուծումներ էինք փորձում տալ։ Այսինքն` օրենքները կաղապարված չէինք մեկնաբանում, այլ փորձում էինք հասկանալ` ինչ քաղաքականություն է օրենքի տակ դրված։ Շատ մեծ ոգևորությամբ էի անում իմ աշխատանքը, կարճ ժամանակում ինձ հաջողվեց դառնալ գործընկեր այդ ընկերությունում։ Այդ ընթացքում ընդունվեցի Ամերիկյան համալսարան և այնտեղ ևս մագիստրական ծրագիր ավարտեցի գերազանց առաջադիմությամբ։
Ինձ համար շատ սկզբունքային է եղել որպես հայ կին կանանց շուրջ գոյություն ունեցող կաղապարները կոտրելը
«Թիքեյում» աշխատում էինք հիմնականում միջազգային գործընկերների հետ, իմ շփումը ոչ հայ իրավաբանների հետ էր։ Ու եթե անկեղծ լինեմ, միշտ հիանում էի իրենց ավյունով, եռանդով, դիմացկությամբ, աշխատասիրությամբ ու համբերությամբ։ Գուցե շատ ծեծված միտք թվա, բայց կուզեի ասել, որ ինձ համար միշտ շատ կարևոր է եղել, թե ինչպես են Հայաստանում իրավական աշխարհում վերաբերվում կանանց ։ Խնդիր կա այդ առումով: Իմ կարծիքով կանանց այդքան էլ լուրջ չեն վերաբերվում։ Ոչ միշտ, բայց հաճախ։ Ես ինքս շատ եմ առնչվել այդ խնդրին։ Իմ կին իրավաբան ընկերներն էլ այդ խնդրի մասին հաճախ բարձրաձայնում են։ Օրինակ, հանդիպումների ժամանակ, երբ դու նստած ես ու տղամարդ իրավաբաններ են շրջապատում քեզ, եթե դու ինչ-որ բանով չես համաձայնվում կամ ընդդիմանում ես կամ քննարկվող օրենքն իրենցից տարբեր կերպ ես մեկնաբանում, շատ դժվար իրավիճակում ես հաճախ հայտնվում։ Ես համաձայն եմ, որ այսօր արդեն ահագին ձեռքբերումներ ունեն կանայք՝ առավել ակտիվ են, շատ սահմանափակումներ և կարծրատիպեր են հաղթահարվել, բայց իմ կարծիքով իրավաբանության ոլորտում աղջիկներին դեռևս ինչ-որ կետի հասնելուց հետո մի քիչ ավելի դժվար է: Այդ կաղապարված մտածելակերպը կանանց նկատմամբ դեռևս կա: Անկախ նրանից, որ շատերը ասում են՝ վայ, կանայք թույլ են, դու չես կարող իրավաբանությամբ զբաղվել, ինձ համար շատ սկզբունքային է եղել որպես հայ կին այդ կաղապարները կոտրելը։ Ես երբեք չեմ անդամակցել ոչ մի ՀԿ-ի, ոչ մի ակտիվիստական գործունեությամբ չեմ զբաղվել, որովհետև ինձ միշտ թվացել է, որ դա պետք է անեմ իմ մասնագիտական գործունեությամբ։ Առհասարակ կարծում եմ՝ ամեն մարդ իր երկրում փոփոխություն կարող է անել առաջին հերթին լավ մասնագետ լինելով։
Որոշեցի «դրսում» սովորել
Այս կազմակերպությունում աշխատելու ժամանակ ես հասկացա, որ ինձ պակասում է «դրսում» կրթություն ստանալը։ Կոնկրետ մասնագիտական խնդիրների էի բախվում. օրինակ շատ գործարքի տեսակներ կան, որ Հայաստանում դեռևս չեն արվել։ 2015-ին մեր կազմակերպությունում արեցինք առաջին արժեթղթավորումը (securitization) Հայաստանում: Նման բան մինչ այդ Հայաստանում չէր եղել։ Մինչդեռ աշխարհում շատ օգտագործվող ու քննարկվող գործարք է։ Ու ես շատ հպարտ էի, որ առաջին մարդկանցից եմ, որ մասնակցել է նման գործարքի իրականացմանը։ Երբ հետագայում գնացի Ամերիկա ու ինձ հետ խոսում էին արժեթղթավորումից ես, ի տարբերություն իմ շատ դասընկերների, գիտեի` դա ինչ է։ Ես ուզում էի սովորել իմ մասնագիտության նոր տենդենցները։ Մինչև ԱՄՆ մեկնելս, տեղափոխվեցի պետական ոլորտում՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում աշխատելու: Այնտեղ առավել հաստատվեց որոշումս, որովհետև նորից մեր կրթական համակարգի բացերին առնչվեցի մասնագիտական տեսանկյունից
Երևի թե սա էր պատճառներից մեկը, որ ես որոշեցի դիմել Չիկագոյի համալսարան
Դրա նախորդ տարին ես ընդունվել էի Փենսիլվանիայի համալսարան, բայց քանի որ այն չէր գտնվում «Լույս» հիմնադրամի ցուցակում, ինձ կրթաթոշակ չտվեցին։ Մինչդեռ Փենսիլվանիայի համալսարանը համարվում էր լավագույն իրավաբանական կրթօջախներից մեկը։ Նրանք ֆինանսավորում էին, օրինակ, Բերկլիի համալսարան ընդունվածներին, բայց ոչ՝ Փենսիլվանիայի։ Կարծում եմ` «Լույսի» կազմած համալսարանների ցանկն այդ առումով թերի էր, ու ես էլ ինչ-որ տեղ այդ սխալ ձևավորված համակարգի զոհը դարձա։ Դրա նախորդ տարին Նյու Յորքի համալսարան էի ընդունվել, որը ևս Ամերիկայում իրավաբանության ոլորտում լավագույն տասնյակում է։ Չկարողացա ֆինանսավորում գտնել ։ Մի խոսքով այդ տարիներին չմեկնեցի։ Դե, հետո դիմեցի Չիկագոյի համալսարան։ Չիկագոյի համալսարանը աշխարհում համարվում է իրավունք և տնտեսագիտություն (Law and economics) գիտական ուղղության, այսպես ասած, հիմնադիրը։
Գիտեք, ես շատ կուզենայի, որ Չիկագոյի համալսարանը ավելի հայտնի լիներ Հայաստանում։ Ճիշտն ասած ինձ համար միշտ անհասկանալի է եղել այն փաստը, որ աշխարհում լինելով այդքան ճանաչված, ԱՄՆ-ում բարձր վարկանիշ ունեցող համալսարան, այն Հայաստանում այդքան էլ հայտնի չէ։ Ի դեպ, վերջին տասնամյակներում Հայաստանից մեկնած որևէ ուսանող այդ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում չէր ուսանել։ Համալսարանն ԱՄՆ-ում ավելի բարձր վարկանիշ ունի, քան մեզ՝ հայերիս առավել հայտնի Կոլումբիայի, Բերկլիի, Փենսիլվանիայի համալսարանները։ Երբ այնտեղ էի, իմ ծանոթ հայաստանցի իրավաբաններից մեկին կարողացա ոգևորել և նա ևս դիմեց։ Հիմա նա ևս օգտվելով նաև «Իմ քայլի» կրթարթոշակային ծրագրից մեկնել է Չիկագոյի համալսարանում սովորելու։ Ինչ-որ առումով հպարտ եմ, որ առաջին իրավաբանն եմ, որ Հայաստանից մեկնել եմ այդ համալսարան և կարող եմ օրինակ ծառայել երիտասարդներին՝ դիմելու այդ հրաշալի կրթական հաստատությունում սովորելու։
Եթե ինչ-որ մի բան շատ ես ուզում, կարող է դա ստացվի վեցերորդ, յոթերորդ անգամ, բայց կստացվի, համոզված եմ
Ուզում եմ նշել, որ դրսում կրթվելու իմ նպատակասլացության մեջ մեծ դեր ունի Թիքեյ Ընդ Փարթներս-ի իմ ղեկավարը՝ Ալեքսանդր Խաչատուրյանը։ Նա ինձ շատ է մոտիվացրել իմ մասնագիտության մեջ հմտանալու, կատարելագործվելու հարցում։ Անկեղծ եթե լինեմ, ինքն է եղել պատճառներից մեկը, որ ես դիմել եմ Չիկագոյի համալսարան։ Ես, իհարկե, տարիներ շարունակ պարբերաբար փորձել եմ արտերկրում ուսանելու հնարավորություններ գտնել, ընդունվել եմ տարբեր համալսարաններ, այդ թվում՝ օրինակ Սորբոնի, ուր չեմ գնացել պարզապես զավեշտալի պատճառով. Դեսպանատունն ինձ վիզա չտրամադրեց, քանի որ գումար չունեի հանրակացարանում ապրելու համար։ Նախատեսում էի մորաքրոջս տանն ապրել, բայց քանի որ համալսարանից հեռու էր գտնվում մորաքրոջս տունը, ինձ վիզա տրամադրել մերժեցին և ես սովորելու չգնացի։ Հետո ընդունվեցի Բերկլիի, Փեսնիլվանիայի, Նյու Յորքի համալսարաններ և էլի ֆինանսավորում չգտնելու պատճառով չկարողացա ուսանել այնտեղ։ Եվ չորրորդ տարին էր միայն, որ հաջողեցի։ Հիշում եմ, երբ այդ տարի էլ պատրաստվում էի դիմել, մտադրությանս մասին ասացի մայրիկիս։ Դե գիտեք, դիմելը էժան չէ, այդ ամբողջ փաստաթղթային ընթացքը գումար է, պիտի անգլերենի քննության համար վճարել և այլն։ Մայրիկս ասաց՝ ինչո՞ւ ես, ախր, դիմում, մի՞թե չես հասկանում, որ ճակատագիրն ասում է, որ «քոնը չի դրսում սովորելը», տեսնում ես, որ ամեն տարի դիմում ես ու չի ստացվում։ Ասում էի՝ չէ, կապ չունի, եթե պետք լինի, ևս հինգ անգամ կդիմեմ, կդիմեմ այնքան, մինչև գնամ սովորելու։ Որովհետև իսկապես վստահ էի, որ եթե ինչ-որ մի բան շատ ես ուզում, կարող է դա ստացվի վեցերորդ, յոթերորդ անգամ, բայց կստացվի, համոզված եմ։ Միայն շատ ցանկանալ է պետք և նվիրվել այդ գաղափարին։ Դրանք հենց այնպես ասվող ավելորդ խոսքեր չեն։ Բարեբախտաբար, հենց այդ անգամ էլ հաջողեցի և այդ թվում նաև «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնեցի Չիկագոյի համալսարանի Իրավաբանության դպրոցի մագիստրական ծրագրում սովորելու։ Մեկ տարի անց վերադարձա: Մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանում եմ։ Առաջիկայում կանցնեմ աշխատանքի մասնավոր կամ պետական ոլորտում։ Մի քանի առաջարկ ունեմ, բայց դեռ մտածում եմ՝ որն ընտրել։
Երիտասարդ մասնագետներին պիտի հնարավորինս ներգրավել կրթական պրոցեսում
Ես երկու բան կուզեի նշել։ Առաջինն այն է, որ աշխարհը գնում է միջդիսցիպլինար (interdisciplinary) կրթության ուղղությամբ: Որևէ ոլորտ չես կարող ուսումնասիրել մյուս ոլորտներից իզոլացված։ Ամերիկյան իրավագիտության դպրոցների առավելությունն այն է, որ իրավագիտությունը չի դիտվում որպես օրենքների համախումբ՝ իզոլացված, օրինակ, բիզնես աշխարհից կամ տնտեսությունից։ Օրինակ, եթե Հայաստանում ուզում ես լինել իրավաբան, բայց միաժամանակ հասկանաս նաև մի քիչ ֆինանսներից, քեզ համար դժվար է լինելու։ Դու պիտի սովորես իրավաբանություն, ինքնուրույն սովորես ֆինանսներ՝ կողքից կարդալով, կամ էլ գնաս մի ուրիշ դպրոց էլ ավարտես։ Ամերիկայում դրա կարիքը չկա, որովհետև իրենց կրթական համակարգն այնքան փոխկապակցված է, համենայն դեպս հումանիտար գիտությունների ոլորտում, որ դու ավարտելով իրավաբանության դպրոցը, հաստատ քեզ անհրաժեշտ ամեն ինչից ավելի քան բավարար գիտելիքներ ես ունենում։ Չիկագոյում, սովորելով Իրավաբանության դպրոցում, հնարավորություն ունեի Բիզնեսի դպրոցից էլ դասեր վերցնելու, լսելու աշխարհի ամենահայտնի ձեռնարկատերերին, ընկերությունների կառավարիչներին, ֆինանսիստներին: Իրավագիտությունը, այսպես ասած, միայնակ գոյություն չէ. այն սերտորեն փոխկապակցված է ամենատարբեր ոլորտների հետ։ Հայաստանում ուսանած իմ իրավաբան ընկերները հաճախ ասում են ինձ՝ չենք ուզում շարունակել այս ոլորտում, քանի որ մենք ինքնուրույն արժեք ստեղծող չենք։ Եվ պատճառներից մեկը, որ մեզ թվում է՝ մենք ինքնուրույն արժեք ստեղծող չենք, կարծում եմ պայմանավորված է Հայաստանի կրթական համակարգով։ Որովհետև այն, ցավոք, իրավաբանությունը դարձնում է ինչ-որ օրենքների, կանոնների համախումբ, իսկ իրավաբանին՝ ընդամենն այդ օրենքների բովանդակության մասին գիտելիք կրող անձ: Այն պահին, երբ օրենքը փոխվում է, իրավաբանը կորցնում է իր արժեքը: Ամերիկյան կրթական համակարգը, ի տարբերություն դրան, սովորեցնում է սկզբունքներ։
Ես կարծում եմ, որ երիտասարդ մասնագետներին պիտի հնարավորինս ներգրավել կրթական գործընթացներում։ Ես նորից խոսեմ իրավագիտության տեսանկյունից։ Եթե չեմ սխալվում, Հայաստանի մի շարք համալսարաններում դասավանդելու համար պահանջվում է, որ գիտական աստիճան ունենաս։ Ամերիկայում այդ պահանջը չկա։ Եթե դու գիտնական իրավաբան չես, բացարձակապես պարտադիր չէ, որ ունենաս գիտությունների դոկտորի կոչում, որ մտնես լսարան։ Անգամ մագիստրատուրան ավարտած կարող ես չլինել։ Կարող ես ընդամենը լինել պրակտիկ իրավաբան ու գնաս, համալսարանում դաս տաս։ Ինձ թվում է իրավաբանության ոլորտում բարեփոխումներից մեկը կլինի այն, որ ճիշտ պահպանվի բալանսը դասավանդող գիտնական և պրակտիկ իրավաբանների միջև, որովհետև միայն այդպես ուսանողը հնարավորություն կունենա օրենքներին, գործարքներին միատեսակ չնայելու։ Եվ, ինչպես արդեն ասացի, պիտի դասավանդվող առարկաները փոխկապակցվածություն ունենան։ Ես երբ ֆրանսիական համալսարանում սովորում էի, ունեի պարտադիր դասերի ցանկ։ Իրավաբան եմ, բայց, օրինակ տնտեսագիտություն առարկան չեմ անցել։ Չիկագոյի համալսարանում անցնում էինք Behavioral law and economics (Վարքագծային իրավունք և տնտեսագիտություն), ու ես հասկացա, որ տարրական բաներ կան տնտեսագիտության մեջ, որ ես չգիտեմ, ստիպված կարդում էի, որ հասկանայի, թե ինչի մասին են խոսում մարդիկ։ Դա ամերիկյան կրթական համակարգում անընդունելի է։ Վստահ եմ՝ եվրոպական շատ երկրներում նույնպես։ Պիտի հնարավորություն տրվի, որ ուսանողը ուրիշ ֆակուլտետներից էլ կարողանա դասեր վերցնել, որպեսզի միջդիսցիպլինար կրթություն կարողանա ստանալ։ Իհարկե, ես Հայաստանում վերջին շրջանում դրական փոփոխություններ նկատում եմ կրթական համակարգում։ Բայց դեռ բավարար չեն դրանք։ Կրթությունը պիտի կապված լինի նաև «հիմա»-ի հետ։ Ի՞նչ է տեղի ունենում աշխարհում այս պահին։ Օրինակ, Ամերիկայում որևէ առարկա անցնելիս քեզ կհանձնարարեն կարդալ հոդված, որը հրապարակվել է նախորդ օրը և կապ ունի քո դասի թեմայի հետ։ Իրավաբանությունը մեռած դիսցիպլինա չէ, այն քայլում է ժամանակի հետ, ու եթե դասախոսն ինքը չի քայլում ժամանակի հետ, ուսումնասիրել ուղղակի օրենքները՝ առանց իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում այդ օրենքների շուրջ, այնքան էլ օգտակար չէ։ Վստահ եմ, նշածս առաջարկները մեծ փոփոխություններ կբերեն կոնկրետ իրավական կրթության ոլորտում։
ֆինանսավորում ստանան այն մարդիկ, որ անկախ նրանից որտեղ կլինեն, միշտ դիտում են Հայաստանը որպես իրենց շահերի կենտրոն
Ամերիկայում ծնված մեկը գիտի, որ իր համար հեշտ է ոչ թե այն, որ կրթական ֆոնդեր է գտնելու, որոնք կֆինանսավորեն իր ուսումը, այլ այն, որ եթե ինքը ստանա լավ կրթություն, համալսարանն ավարտելուց կարճ ժամանակ անց կարողանալու է աշխատանք գտնել և մի քանի տարում վճարել ուսման համար վերցրած պարտքը։ Խնդիրն այն է, որ Հայաստանում մենք գործ ունենք բոլորովին այլ կրթական համակարգի հետ։ Ամերիկայի կրթական համակարգի հաջողության գաղտնիքը, իմ կարծիքով այն է, որ այնտեղ կրթությունը դիտում են որպես բիզնես։ Դու իրենց վճարում ես մեծ գումար, և իրենք ամեն ինչ պիտի անեն, որ դու գոհ մնաս քեզ մատուցած ծառայությունից, որովհետև եթե դու գոհ չմնաս, իրենք հաջորդ տարիներին չեն ունենա այդքան ուսանողներ, և համալսարանը կկորցնի հեղինակությունը և բիզնեսը: Ես, իհարկե, հասկանում եմ, որ իրատեսական չէ սպասել, որ Հայաստանում շուտով այդ սիստեմը կներդրվի։
Ասեմ ես ինչ կանեի։ Դնում եմ ինձ մի պահ ֆինանսավորողի կոշիկների մեջ։ Ես նախապատվությունը կտայի այն մարդկանց, ովքեր մի քանի տարի գոնե աշխատել են։ Որովհետև ով չի աշխատել, ավարտել է բակալավրիատը և միանգամից ուզում է գնալ դրսում սովորելու, հավատացեք, հնարավոր է, չի էլ պատկերացնում իրականում իրեն դուր է գալիս իր մասնագիտությունը, թե ոչ։ Մարդը հասկանում է՝ ինչու է ուզում գնալ սովորելու և ինչ է տալու այդ կրթությունն իրեն միայն այն դեպքում, երբ ինքն այդ ոլորտում աշխատել է։ Ես հասկանում եմ, որ որոշ ոլորտներ գուցե բացառություն լինեն, օրինակ՝ բժշկությունը։
Պիտի հասկանալ նաև՝ դու պարզապես դիմել ես, որ ընդունվես և այսպես ասած դրսում սովորես, թե իսկապես գիտես, թե հատկապես ինչ ունի քեզ տալու այդ համալսարանը։
Համենայն դեպս գիտենք, որ անգամ հիմնադրամի առկայության պարագայում, տրվող կրթաթոշակները սահմանափակ են և պիտի ֆինանսավորում ստանան այն մարդիկ, ովքեր անկախ նրանից, թե որտեղ կլինեն, միշտ դիտելու են Հայաստանը որպես իրենց շահերի կենտրոն, այսինքն իրենց գործունեությունը միշտ ուղղված է լինելու Հայաստանն ինչ-որ ձևով բարեփոխելուն։
Իմ սերունդը
Այո, ես համաձայն եմ, որ մեր՝ Անկախության սերունդն ուրիշ է։ Ես հավատում եմ իմ սերնդի ներուժին։ Եվ հարցը բացարձակ չեմ կապում որևէ քաղաքական իրադրության հետ։ Ես համեմատում եմ մեզ, օրինակ, իմ ծնողների սերնդի հետ, և հասկանում եմ, որ ազատ Հայաստանում ծնվելը մեծ առավելոթյուն է, որովհետև այդ փաստն արդեն ամբողջովին փոխում է քո մտածելակերպը։ Ես ավելի համարձակ եմ, քան իմ ծնողները, ու վախերից ազատագրված լինելը երևի մեր ամենամեծ առավելությունն է։ Ես ծնվել եմ, և մի քանի ամիս հետո Հայաստանն անկախացել է։ Անկեղծ եմ ասում՝ դեռևս դպրոցական տարիներից ինձ երբեք չի թվացել, որ ես չեմ հաջողելու, չեմ կարողանալու աշխատանք գտնել, չեմ գտնելու կյանքում ինքս ինձ։ Ես հավատում եմ, որ անկախ նրանից, թե ինչ քաղաքական իրավիճակ է տիրում երկրում, (ինչ խոսք, այդ ամենը շատ մեծ ազդեցություն ունի, ու, կարող է, դժվարացնել շատերի ճանապարհը, երբեմն ինչ-որ իմաստով իմն էլ է դժվարացրել), միևնույնն է, եթե նպատակային ես, անպայման կհաջողես ։ Հիմա գուցե մի փոքր ռոմանտիկ բան ասեմ։ Երբ դպրոցական էի, միշտ լավ էի սովորում, մեր դասարանի գերազանցիկներից մեկն էի։ Ու ես հիշում եմ, որ դա, այսպես ասած, նորաձև չէր։ Իմ ժամանակներում... Ես չգիտեմ՝ հիմա ինչպես է։ Հետո էլ երբ ուսանող էի, ոչ մի, կոպիտ ասած, քեզ համբավ բերող բան չկար նրա մեջ, որ դու լավ էիր սովորում։ Ընդհակառակը, դա շատերի համար ծաղրական ինչ-որ երևույթ էր: Իմ ժամանակ Հայաստանում օրինակելի աշակերտ լինելը, դասերին պատրաստ լինելը, ուսուցիչներին չխաբելը երբեմն դիտարկվում էր որպես վատ մարդու հոմանիշ։ Հասկանում եմ, որ հնարավոր է ուշացած են իմ դիտարկումները, հուսամ, որ այդպես է։ Գուցե ասեք՝ հայկական մի սովորական դպրոցից գնացել եմ Չիկագոյի համալսարան և դրա համար եմ այսպես մեկնաբանոում։ Բայց այո, ես Ամերիկայում տեսա, որ խելացի, ինտելեկտուալ լինելը, դասին պատրաստ լինելը մարդուն տալիս է արժանապատվություն։
Մեր երկրում երեխաները պիտի իմանան, որ կրթված և խելացի լինելը իրենց տալու է արժանապատվություն
Ես ռոմանտիկ երկու երազանք ունեմ Հայաստանի վերաբերյալ։ Մեկը, որ կանայք իրականում ավելի ներգրավված լինեն տնտեսական գործունեության մեջ, առաջին հերթին, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը կորցնում է իր ՀՆԱ-ի մի մասը, որովհետև դեռ կան կանայք, ովքեր տնտեսապես ակտիվ չեն. մնում են տանը, չեն աշխատում, ավելի բարձր դիրքերի չեն հասնում: Իմ երկրորդ երազանքն այն է, որ կրթված և խելացի լինելը մեր երկրում ծնի արժանապատվություն։ Մեր երեխաները դպրոց գնալիս պիտի իմանան այդ մասին:
Ես շնորհակալ եմ
Ես չէի ուզի ձևական և ստանդարտ թվա ասելիքս։ Բայց իսկապես շատ շնորհակալ եմ «Իմ քայլը» հիմնադրամին ինձ աջակցելու համար։ Մի քիչ դրամատիկ էր պատմությունս այդ տարի այնքանով, որ դիմել էի «Լույս» հիմնադրամ և պատասխան ունեի, որ ստացել ենք ձեր դիմումը, քննարկում ենք։ Ու հենց այդ տարի «Լույսը» կասեցրեց կրթաթոշակային ծրագիրը։ Իրոք այն պահերից էր, որ համարյա դադարեցի հավատալ հաջողությանս, գրեթե կոտրվել էի՝ մտածելով, որ այս անգամ էլ չստացվեց։ Գտել էի ֆինանսավորման մի մասը, բայց գումարը չէր բավականացնում։ Անկեղծ երախտապարտ եմ, որ հիմնադրամը հետհեղափոխական թոհուբոհի մեջ արագ կարողացավ աջակցել, որ իմ և մյուս կրթաթոշակառուների ֆինանսավորումը հնարավոր դառնա և մենք գնանք սովորելու։
Զրույցը՝ Մերի Մուսինյանի
Այլ լուրեր

